Եվրամիությունը պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կայա Կալաս 

  • 01.07.2025
  • 0
  • 339 Views

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ 

«Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Հայաստանն ընդունել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ, և մենք պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը»,-շեշտել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։ 

Նա նշել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել գործընկերության օրակարգի շուրջ, որը սահմանում է կողմերի առաջնահերթությունները՝ տնտեսության, անվտանգության և դիմակայունության զարգացման ուղղությամբ։

«Մեր հարաբերությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն տնտեսությամբ։ Մենք նաև բնակարանաշինության և սոցիալ-հոգեբանական աջակցություն ենք տրամադրում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մարդկանց միջև շփումը կենտրոնական է մեր հարաբերություններում, և այդ պատճառով էլ մենք առաջ ենք մղում արտոնագրերի ազատականացման երկխոսությունը»,-նշել է Կալասը։

Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությանը՝ շեշտելով, որ առաքելությունը ներդրում է կատարում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության գործում։

«Նախօրեին ես այցելեցի ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր գրասենյակ (խմբ․ տեղակայված է Եղեգնաձոր քաղաքում)՝ անձամբ ծանոթանալով նրանց իրականացրած աշխատանքին»,-ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Կալասի խոսքով՝ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության սկզբունքներին կենսական նշանակություն ունի։ 

«Այս արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու պայմաններում։ ԵՄ-ն կկանգնի Հայաստանի կողքին՝ ներդրում ունենալու և աջակցելու երկրի դիմադրողականության բարձրացման և ընդհանուր արժեքների ապահովման հարցում»,-ընդգծել է Կայա Կալասը։

Կայա Կալասն իր ինստագրամյան էջում հայաստանյան այցի վերաբերյալ նման գրառում էր կատարել՝

<<ԵՄ-ն և Հայաստանը՝ առավել ամուր գործընկերություն

Եվրամիության պատվիրակության վերջին այցի ընթացքում վերահաստատվեց ԵՄ-ի և Հայաստանի միջև խորացող համագործակցությունը մի շարք կարևոր ոլորտներում։ Այցի հիմնական կետերը հետևյալն էին․

✔️Նոր գործընկերային օրակարգ․ ԵՄ-ն և Հայաստանը համաձայնության են հասել նոր գործընկերային օրակարգի շուրջ, որը գերակայություն է տալիս տնտեսական զարգացմանը, անվտանգությանը և կայունությանը։

Այս նպատակով ԵՄ-ն կհատկացնի 270 միլիոն եվրո՝ «Կայունության և աճի ծրագրի» շրջանակում մինչև 2027 թվականը։

✔️Վիզայի ազատականացման գործընթաց․ Շարունակվում են առաջընթացները վիզային ազատականացման երկխոսության շրջանակում։ Եվրոպական հանձնաժողովը արդեն ընդունել է իր առաջարկը՝ վիզային ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ՝ կարևորելով մարդկանց միջև շփումները։

✔️Համագործակցություն գլոբալ ճգնաժամերի կառավարման ոլորտում․ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրվել է համաձայնագիր, որով Հայաստանը կկարողանա մասնակցել ԵՄ միսիաներին ամբողջ աշխարհում։

✔️Աջակցություն խաղաղությանը և ինքնիշխանությանը․ ԵՄ-ն վերահաստատեց իր ուժեղ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա։

Այս սկզբունքներն այլընտրանք չունեն։

✔️Անկախ մամուլի աջակցություն․ Ընդգծվեց Հայաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանն ու ազատությանը։ ԵՄ-ն հայտարարեց, որ կտրամադրի հիմնական ֆինանսավորում անկախ լրատվամիջոցներին՝ Հայաստանում լրագրության կայունությունն ապահովելու, ժողովրդավարությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։

Այս քայլերը նշանավորում են ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր փուլը՝ հիմնված համատեղ արժեքների և խորացող համագործակցության վրա։

Համատեղ փաստաթղթով սահմանվել է Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։  

«Նշանակալի ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության միջև Եվրոպական Միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու փաստաթղթի ստորագրումը, որը քիչ առաջ տեղի ունեցավ։ Սա Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի պատրաստակամությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Published by Armenpress

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում