Իսպանիայի 42-րդ քաղաքը` Ալկասերը, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

  • 19.06.2025
  • 0
  • 2579 Views

Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները` իշխող Ժողովրդական կուսակցությունը (PP ), Սոցիալիստական կուսակցությունը (PSOE ), Կոմպրոմիսը (Compromís), ՎՈՔՍԸ (VOX) և Կոմու Պոդեմ-Ձախ միությունը (Comu Podem- Esquerra Unida) միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ինստիտուցիոնալ հայտարարություն, որով դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը և ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

»Քաղաքային խորհուրդը կոչ է արել Իսպանիայի մյուս տեղական ինքնակառավարման մարմիններին, Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանը, հետևել իր օրինակին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` այդպիսով պայքարելով հանուն արդարության և ընդդեմ մոռացության։ Հայտարարությունը ներկայացրեց քաղաքապետ Ալբերտո Պրիմոն (Alberto Primo), որին հետևեց բոլոր կուսակցությունների միասնական կողմ քվեարկությունը։

Նիստին ներկա էին Իսպանիայի Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Ալկասերի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Արարատ Ղուկասյանը հանդես գալով շնորհակալական խոսքով` նշել է, որ սա պատմական իրադարձություն է ոչ միայն իսպանահայ համայնքի, այլև քաղաքի համար, քանի որ “Ալկասերը ցույց տվեց, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն և արժանի են ճանաչման, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից, որոնց, դժբախտաբար, ականատես ենք լինում մեր օրերին”։

Հիշեցնենք, որ բացի 42 քաղաքներից, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի 6 մարզերը։ Ի հեճուկս բազմաթիվ առկա խոչընդոտների, իսպանահայությունը պայքարում է կենտրոնական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում