Կյանքից անժամանակ հեռացել է վիեննաբնակ դաշնակահար-երաժիշտ Հովհաննես Ջիբիյանը

  • 08.06.2025
  • 0
  • 495 Views

Ինչպես տեղեկանում ենք վիեննահայ համայնքի մեր գործընկերներից, 58 տարեկանում Վիեննայում կյանքից անժամանակ հեռացել է բեյրութահայ դաշնակահար Հովհաննես Ջիբիյանը։

Դեռեւս 2016 թվականին, ՕՐԵՐ-ի Ավստրիահայ համայնքին նվիրված համարում զրուցել էինք անվանի երաժիշտի հետ, տեղեկացել, որ ծնվել է 1967 թվականին Բեյրութում, ուր քաղաքացիական պատրեազմի տարիներին հաճախել էր Թեքեյանի անվան հայկական երաժշտական դպրոց, ավարտել կոնսերվատորիան։ 1989 թվականին եկել էր Վիեննա, ուր ուսանել էր տարբեր պրոֆեսորների մոտ, իսկ 1987 թվականից Ֆրանց Շուբերտ կոնսերվատորիայում։

1994-1997թթ ուսանել եւ ավարտել էր կոնսերվատորիայի ջազ-դաշնամուրային բաժինը։ 1997թ վերադարձել էր Բեյրութ, ամունացել էր եւ աշխատանքի անցել։ 2004-ին կրկին վերադարձել էր Վիեննա, ուր չորս տարի դասավանդելուց հետո, անցել էր համերգային գործունեության։

«Ես ստեղծագործում եմ, նաեւ եազային գործեր եմ գրում, մշակումներ եմ անում։ Փոքրիկ գործեր եմ գրում եւ ներկայացնում։ Ընկերներիս հետ տրիո ենք կազմում եւ ելույթներ ունենում»,- պատմում էր մեզ հետ զրույցում Հովհաննեսը։

Նրա ասելով.« Ազատ իմպրովիզացիան մեծ դեր է կատարում իմ կյանքում, եւ որոշակի խազերի եւ ձեւերի մասին չմտածելով, նվագում եմ այն հոգեվիճակը, որն զգում եմ այդ պահին»,- ասում էր նա։

Հովհաննեսը նաեւ հեղինակն էր Ավստրիայի 2016թ Եվրատեսիլի մրցութային երգի, որը 2-րդ տեղն էր գրավել։ Հաճախ էր մասնակցում Հայաստանում կազմակերպվող ջազային փառատոններին։

Ցավալի է, որ ստեղծագործական բուռն գործունեությունը անսպասելի կանգ առավ։

Ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին եւ հարազատներին, բարեկամներին եւ ընկերներին։

Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում