Չեխահայ Էրիկ Հովհաննիսյանը՝ կուլտուրիզմի Չեխիայի եւ Սլովակիայի պատանիների չեմպիոն

  • 05.06.2025
  • 0
  • 652 Views

Հունիսի 1-ին չեխական Խվալսկի ամրոցում տեղի է ունեցել  Չեխիայի եւ Սլովակիայի  կուլտուրիզմի և ֆիտնեսի միջազգային մրցույթը, որին մասնակցել է նաեւ 17-ամյա մեր հայրենակից Էրիկ Հովհաննիսյանը։

Էրիկը հանդես է եկել տարբեր անվանակարգերում և զբաղեցրել հետևյալ պատվավոր տեղերը. 1ին տեղի մրցանակ է ստացել մինչեւ 17 տարեկանների  Junior անվանակարգում,  իսկ 23 տարեկանից բարձր մարզիկների մրցույթում զբաղեցրել է 3րդ տեղը՝  Novice Men  եւ 4րդ տեղը ՝ Men fitness+Performance անվանակարգերում։

Մրցույթին մասնակցում էին մարզիկներ ոչ միայն Չեխիայից եւ Սլովակիայից, այլեւ Ավստրիայից, Լիտվայից եւ Գերմանիայից։

Նշենք, որ Էրիկը ծնվել է Չեխիայում։ Սովորում է հանրակրթական գիմնազիայում, մյուս տարի ավարտում է  եւ ամենայն հավանականությամբ կընտրի սպորտի ուղղությունը։

 Սա առաջին միջազգային մրցույթն է, որին նա մասնակցել է։ Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Էրիկը, 13 տարեկանից փորձել է մարզվել տանը,  իսկ  15 տարեկանից՝  նաեւ մարզասրահում, որից հետո մարզիչը, տեսնելով նրա կարողությունները,  առաջարկել է մասնակցել միջազգային մրցույթի։ Այդպես սկսել են համագործակցել։ «Այժմ ուզում եմ մասնակցել Եվրոպայի մրցույթներին»,- ասում է Էրիկը։

Ինչու՞ ընտրեց կուլտուրիզմը հարցին, ունի իր պատասխանը.

«Ինքս գոհ չէի, հասունացման տարիքում զգում էի, որ աղջիկների վրա տպավորություն թողնելու համար մարմինս ուզում էի փոխել։ Այդ ժամանակ  պարզեցի, որ կուլտուրիզմ մարզաձեւ կա եւ կարող եմ  պարապել։  Այդ պահից սկսած փոխվեց նաեւ իմ մոտիվացիան։ Արդեն մտածում էի ոչ թե աղջիկների, այլ ինքս իմ վրա տպավորություն  թողնելու մասին։ Իմ երազանքը դարձավ այդ մարզաձեւում հաջողության հասնելը»։

Իր առաջին մրցույթի մասին նա ունի հետեւյալ գնահատականը. «Ավելի վատ էի պատկերացնում արդյունքները, բայց կարողացա առանց դոպինգի իմ անվանակարգում հաղթել։ Ավելին, նաեւ երրորդ տեղ գրավեցի մեծահասակների մրցույթում՝ կրկին առանց դոպինգի։ Ես հասկացա, որ եթե որոշեմ պրոֆեսիոնալ ձեւով զբաղվել, ապա կարող եմ հաջողության հասնել  առանց ստերիոդների, որոնք նպաստում են մկանների մեծացմանը»։

«Այժմ իմ երազանքն այս  մարզաձեւով զբաղվելն է, որի միջոցով կարող եմ մտնել նաեւ շոու բիզնեսի աշխարհ», – եզրափակեց իր խոսքը Էրիկ Հովհաննիսյանը։

Հաջողություն ենք մաղթում մեր պատանի հայրենակցին եւ մաղթում նոր հաղթանակներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում