Ֆինլանդիայի հայկական միության 20-ամյակը նշվեց Հելսինկիում

  • 05.06.2025
  • 0
  • 531 Views

Հունիսի 1-ին Հելսինկիում Ֆինլանդիա-Հայաստան միության վարչությունը կազմակերպել էր կառույցի հիմնադրման 20-ամյակին նվիրված հիշարժան ձեռնարկ։ Մոտ 120 հայրենակիցներ եւ հյուրեր իրենց ընտանիքներով մասնակցում էին տոնական երեկույթին, որը նշանավորվեց ոչ միայն համայնքային կյանքին նվիրված ելույթներով, այլեւ հայկական «Գիտունիկ» դպրոցի սաների ու ուսուցիչների համերգային ծրագրով, որը մեծ ոգեւորությամբ ընդունվեց ներկաների կողմից։

Միության վարչության անդամ Հայկ Խաչատրյանը փոխանցեց վարչության ողջույնի խոսքը՝ շնորհավորելով հոբելյանական ու խորհրդանշական օրվա՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա և Ֆինլանդիա–Հայաստան միության 20-ամյակի կապակցությամբ։

Հայկ Խաչատրյան

«Այսօր նշում ենք նաև Ֆինլանդիա–Հայաստան միության պաշտոնական հիմնադրման 20-ամյակը՝ հետադարձ հայացք գցելով այն ուղուն, որ անցել ենք միասին։ Չնայած միությունը պաշտոնապես գրանցվել է 2005 ի նոյեմբերի 24֊ին Իլկա և Բելլա Ռոնկայնենների, ինչպես նաև Հրաչ Զաքարյանի ջանքերով, որը 20 տարի շարունակ հանդիսանում է վարչության անդամ։ Բանախոսը նշեց, որ Հայ համայնքի միավորման գաղափարը շատ ավելի վաղ է ծագել, եւ թվարկեց այն բոլոր մարդկանց անունները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել համայնքում։ Այնուհետեւ վարչության անդամ Հրաչ Զաքարյանը ֆիններենով ներկայացրեց միության կատարած ծրագրերը։

Ասյա Ղազարյան, Մարինա Դանոյան, Լիլիթ Խաչատրյան

Նշենք նաեւ, որ միության շրջանակներում գործում է «Գիտունիկ» կրթական կենտրոնը, որտեղ հայերեն են սովորում՝ Մարինա Դանոյանի եւ մյուս ուսուցիչների նվիրյալ աշխատանքի շնորհիվ։ Կենտրոնի շրջանակներում գործում է նաեւ «Վալո» պոեզիայի և երաժշտության խումբը, հայոց երգն ու պարը, տոնական ու կրթական միջոցառումները դարձել են համայնքի կյանքի անբաժան մասը։ Միության կարևոր ձեռքբերումներից է նաև հայկական խաչքարի տեղադրումը 2023 թվականին Էսպոյի Տապիոլա թաղամասում, որն իրականություն դարձավ ողջ համայնքի միասնական ջանքերով։

Դանիել Դավթյան եւ Հրաչ Զաքարյան

Ձեռնարկի ընթացքում համայնքի անդամները ճաշակեցին հայկական խորտիկները, ապա ունկնդրեցին շնորհալի երեխաների եւ «Վալո» խմբի անդամներ Լիլիթ Խաչատրյանի, Ասյա Ղազարյանի եւ Մարինա Դանոյանի հրաշալի ելույթները։

Տոնական միջոցառմանը ներկա էր նաեւ Շվեդիայից Հայաստանի դեսպանության հյուպատոս Արտակ Կալաչյանը։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ֆինլանդիա-Հայաստան միության նախագահ Դանիել Դավթյանը, իրենք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի համախմբեն Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում ապրող հայերին։ Ի դեպ, ձեռնարկին ներկա էին ոչ միայն Հելսինկի, այլեւ շրջակա տարբեր քաղաքների հայ ընտանիքիներ։ Իսկ ամենակարեւորն այն էր, որ շատերը եկել էին ընտանիքներով եւ երեխաները սիրով խաղում էին միմյանց հետ։

Շնորհավորում ենք Ֆիննահայերին եւ մաղթում բազմաթիվ ծրագրերի իրականացում։

Հ.Ասատրյան

Հելսինկի-Պրահա

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի

Հ.Գ. ՕՐԵՐ ամսագրի հաջորդ համարը նվիրվելու է Ֆինլանդիայի հայ համայնքին։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում