ԵԱՀԿ-ին և միջազգային հանրությանը կոչ ենք անում հետևողական լինել ԼՂ բնակչության հայրենադարձվելու և նրանց անմարդկային վերաբերմունքից պաշտպանվելու հարցում. Ա.Գրիգորյան

  • 03.06.2025
  • 0
  • 169 Views

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը հունիսի 2-3-ը Վիեննայում մասնակցում է ԵԱՀԿ (OSCE / Supplementary Human Dimension Meeting) խորհրդաժողովի՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց» խորագրով նիստին։

Հանդիպման առաջին՝ «Անհանդուրժողականության և խտրականության հաղթահարում ԵԱՀԿ տարածաշրջանում՝ համապարփակ հարգանքի և համընդգրկուն ձևով» խորագրով, հունիսի 2-ին կայացած նիստին, կազմակերպության նախագահը ներկայացրել է զեկույց՝ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խթանվող և իրականացվող ռասայական խտրականության, հայատյացության քաղաքականության մասին, որը դրսևորվում է պատերազմական հանցանքների, էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների, բռնի տեղահանությունների և ԼՂ պատմական հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, յուրացնելու, խեղաթյուրելու գործողություններով։

Իր ելույթում կազմակերպության նախագահը շեշտել է, որ ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները, ներառյալ Ադրբեջանը, պարտավոր են հետևել միջազգային իրավունքի ստանդարտներին, հարգել մարդու հիմնարար իրավունքները և զերծ պահել հայ ժողովրդին էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունքից, ԼՂ տարածքի հայկական հետքը ոչնչացնելու հաշվին ադրբեջանական նոր ինքնություն ձևավորելու և հայկական պատմական լանդշաֆտը իսլամացնելու վտանգավոր քաղաքականությունից։

Անդրանիկ Գրիգորյանը միջազգային հանրության ուշադրությանն է հրավիրել նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունված միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմանը, համաձայն որի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին կանխել ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը՝ այդ թվում՝ պետական պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների կողմից, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու պղծումը, ինչպես նաև պաշտպանել գերեվարված անձանց իրավունքները։

Կազմակերպության նախագահն ընդգծել է նաև Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի մասին, որոնք նույնպես դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ էթնիկ զտումներն ու մարդու իրավունքների զանգվածային խախտումները (2023/2119(INI), 2024/2890(RSP))։

Իր ելույթում նախագահն առաջարկել է ԵԱՀԿ-ին և միջազգային հանրությանը հետևողական լինել ԼՂ բնակչության հայրենադարձվելու և նրանց անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքի հարցում և տալ ամուր երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության համար, ներառյալ հողի և սեփականության իրավունքները.

• պարտավորեցնել Ադրբեջանին պաշտպանելու իրենց հայրենի բնօրրանից կյանքի հանդեպ վախի, պատերազմական հանցանքների ու խոշտանգումների պատճառով բռնի տեղահանվածների ինքնությունը,

• միջազգային երաշխավորությամբ և անվտանգային նորմերի պահպանությամբ երաշխավորել դեպի ԼՂ սրբավայրեր ուխտագնացությունների իրավունքը,

• պաշտպանել բռնի տեղահանվածների քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքները՝ զերծ պահելով ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է խտրականություն հրահրել հայ ժողովրդի նկատմամբ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում