
Վենեսուելահայ Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերային թատրոնի նոր երաժշտական տնօրեն, որի աշխատանքը կսկսվի 2026-2027 թատերաշրջանից։ Նա կփոխարինի Ջեյմս Քոնլոնին։
Դոմինգո Հինդոյանը ծնվել է 1979 թվականին Կարակասում՝ Վենեսուելայում։ Նրա հայրը՝ Դոմինգո Գարսիան հայտնի ջութակահար է և Վենեսուելայի «Օրկեստրա Սիմֆոնիկայի» նախկին նախագահը։ Մայրը՝ հայուհի Վիկի Հինդոյանը իրավաբան է, Վենեսուելայի օրենսդիր մարմնի անդամ է։
Դոմինգոն ստացել է եւ ջութակահարի եւ նվագախմբային ղեկավարի մասնագիտացում, ուսանել է Ժնեւում, ստացել է վարպետության դասընթացներ տարբեր հայտնի երաժիշտների մոտ։ 2013-ին առաջին անգամ Հինդոյանը նշանակվեց խմբավար Դանիել Բարենբոյմի (Daniel Barenboim) առաջին օգնական՝ ղեկավարելու Deutsche Staatsoper Berlinի նվագախումբը: 2018-ի հունվարին նա առաջին անգամ ղեկավարել է Մետրոպոլիտեն Օպերայի նվագախումբը։
2017-2018 թուականներին ղեկավարել է տարբեր հանրահայտ ներկայացումներ՝ Պուչինիի եւ Բելինիի օպերաները։
2019-ի հունիսին , Հինդոյանը հրավիրվել է Մեծ Բրիտանիա՝ իբրեւ առաջին հյուր դիրիժոր ղեկավարելու Լիվերպուլի Արքայական նվագախումբը (the Royal Liverpool Philharmonic (RLPO), նույն թվականի իբրեւ հյուր դիրիժոր ղեկավարել է նաեւ Լեհաստանի ազգային ձայնասփյուռի սիմֆոնիկ նվագախումբը։
2021 թ սեպտեմբերից նա նշանակվել է Լիվերպուլի Թագավորական նվագախմբի գլխավոր դիրիժոր։
Դոմինգո Հինդոյանը մինչ այդ էլ աշխատել է բազմաթիվ հանրահայտ նվագախմբերի հետ։ Նրա կինը բուլղարուհի սոպրանո Սոնյա Յոնչեւան է։ Ունի երկու զավակ։
Ինչպես հայտնում է Լոս Անջելեսի օպերաիյն թատրոնը, Հինդոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է՝
«Լոս Անջելեսը հայտնի է իր երաժշտական նորարարություններով։ Իմ նպատակը նոր ստեղծագործությունների, պատվերների և ժամանակակից աշխատանքների կատարումն է՝ պահպանելով դասական երաժշտության ավանդույթները»։



