Յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որի պաշտոնական նպատակն է ընդգծել թանգարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության պահպանման և տարածման գործում։ Այս նախաձեռնությունը հիմնադրվել է 1977 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) 11-րդ գլխավոր համաժողովի ընթացքում։ 1978 թվականից ի վեր օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։
1992 թվականից սկսած՝ Թանգարանների միջազգային օրը յուրաքանչյուր տարի ունենում է որոշակի թեմա, որը կոչված է համախմբելու թանգարանային համայնքը և խթանելու մշակութային ինստիտուտների ակտիվ մասնակցությունը համաշխարհային գործընթացներին։
Սակայն այս խորհրդանշական նախաձեռնությունները հաճախ անզոր են իրական ազդեցություն ունենալու՝ հատկապես այն պարագայում, երբ մշակութային ժառանգությունը հայտնվում է բռնազավթման, մշակութային յուրացման և ջնջման պետական քաղաքականության թիրախում։
Այս մասին ամենաակնառու վկայությունն է բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող պետական մակարդակի մշակութային ցեղասպանությունը, որն իր ծավալներով հանդիսանում է 21-րդ դարի ամենալուրջ սպառնալիքներից մեկը՝ ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության համար։
Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության բնօրրաններից մեկը հանդիսացող Արցախը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել է Թանգարանների միջազգային օրվան՝ կազմակերպելով ցուցահանդեսներ, գիտաժողովներ, կրթական ծրագրեր ու մշակութային միջոցառումներ՝ նպատակ ունենալով ներկայացնել իր հարուստ և բազմաշերտ ժառանգությունը։
Սակայն 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո, Արցախի շուրջ 28 պետական և մասնավոր թանգարաններն ու հավաքածուները՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ նմուշներով, զրկվեցին ոչ միայն այդ օրը նշելու իրավունքից, այլև հայտնվեցին յուրացման, կեղծման և նպատակային ոչնչացման իրական սպառնալիքի առաջ։ Այս թանգարանները փաստացի լռեցվել են, իսկ նրանց հավաքածուները՝ կանգնած են ոչնչացման եզրին։
Արցախի մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ունի համամարդկային արժեք, բռնազավթվել է մի արհեստածին պետության կողմից, որը տարիներ շարունակ իրականացնում է հայկական հիշողության համակարգված ոչնչացման պետական քաղաքականություն՝ պատմության աղավաղման, պատմա-ճարտարապետական հուշարձանների «վերագրման» ու ֆիզիկական ոչնչացման միջոցով։
Թանգարանների միջազգային օրն այս իրողությունների պայմաններում պետք է դադարի լինելու միայն հանդիսավոր միջոցառումների առիթ։ Այն պետք է դառնա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու կարևորագույն օրերից մեկը, երբ բարձրաձայնվում են մշակութային ահազանգերը՝ ի պաշտպանություն նրանց, որոնց ձայնը լռեցվել է, իսկ ժառանգությունը՝ գտնվում է ոչնչացման վտանգի տակ:
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
Այս նույն խնդրի մասին հայտարարություն է տարածել նաեւ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը։
Այսօր, երբ աշխարհի ավելի քան 160 երկրներում նշվում է թանգարանների միջազգային օրը, Արցախի Հանրապետության թանգարանները, իրենց հազարավոր արժեքներով ու ցուցանմուշներով օտարված են սեփական ժողովրդից։
Բռնի տեղահանության պատճառով շուրջ 120․000 արցախահայեր զրկված են իրենց թանգարաններ այցելելու, սեփական պատմության ու մշակույթի լավագույն արժեքների հետ հաղորդակցվելու և դրանցով սերունդներին կրթելու իրավունից։
Մինչ 2020 թվականի 6 շաբաթյա պատերազմը և 2023-ի Արցախի ամբողջական հայաթափումը Արցախի Հանրապետության տարածքում գործում էին շուրջ երեք տասնակի հասնող պետական ու մասնավոր թանգարաններ ու ցուցասրահներ:
Շուշին, որպես Արցախի մշակութային կենտրոն հագեցած էր թանգարանային մեծ ֆոնդով․ այստեղ էին գործում էին գործում «Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը», «Շուշիի պատմության թանգարանը», «Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը», «Շուշիի գորգերի մասնավոր թանգարանը», «Շուշիի հայկական դրամի մասնավոր թանգարանը», Նարեկացի արվեստների միությունը՝ իր բացառիկ հավաքածուներով, Արվեստի կենտրոնի թանգարանը, Արցախյան առաջին պատերազմի հերոս, ազատամարտիկ–հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն–թանգարանը։
Կարևոր նշանակության թանգարաններից էին Ստեփանակերտում գտնվող «Արցախի պետական երկրագիտական թանգարանը», «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն թանգարանը», «Անհետ կորած ազատամարտիկների թանգարանը»։
Առանցքային նշանակության էին «Տիգրանակերտ» պատմահնագիտական պետական արգելոց թանգարանը, «Տողի Մելիքական ապարանք»-ը։
Հադրութում էր գտնվում «Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը», իսկ Տումի գյուղում՝ դրա մասնաճյուղ «Թևան Ստեփանյանի անվան թանգարանը»։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում էր գտնվում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն թանգարանը։
Արժեքավոր հավաքածուներով հարուստ էին նաև Ասկերանի, Մարտունիի, Քաշաթաղի, Քարվաճառի պատմաերկրագիտական թանգարանները, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի հուշարձան-թանգարանը, Մարտակերտի փառքի սրահը, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի թանգարանը և այլն։
Հարկ է նշել, որ Արցախի մի շարք թանգարաններ, մինչ 2020 թվականի պատերազմը և դրան հետևող բռնի տեղահանումը մասնակցում էին «Թանգարանային գիշեր» տոնակատարությանը՝ բացելով իրենց դռները հասարակության առջև, իսկ մայիսի 18-ին տոնում էին թանգարանների միջազգային օրը՝ կազմակերպելով մշակութային ու կրթական միջոցառումներ։
2020թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Շուշիի անկման հետևանքով դադարեցին գործել Շուշիի թանգարանները, իսկ քանդակների պուրակի 5 տասնակից ավել քանդակները անհետացել են։ Ադրբեջանցի զինվորականների թիրախում է հայտնվել Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, ոչնչացվել է Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, պայթեցվել է Արթուր Մկրտչյանի անվան երկրագիտական թանգարանը, ոչնչացված է Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով) տուն-թանգարանը։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Արցախի ժողովրդին պատկանող թանգարանային նմուշների ոչնչացումն ու թալանը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը երաշխավորել բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը և պաշտպանել իրենց մշակութային կենտրոններ մուտքի և դրանց հետ հաղորդակցման հիմնարար իրավունքը՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ և ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածներով։



