Թուրքիան առայժմ  Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու լուրջ մտադրություն չունի. ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագրի հարցազրույցը Չեխական ռադիոյին

  • 27.04.2025
  • 0
  • 892 Views

Ապրիլի 24-ի առավոտյան ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը  պատասխանել է Չեխական ռադիոյի (plus.rozhlas.cz) առավոտյան ծրագրի մեկնաբանի հարցերին։ Ներկայացնում ենք կարճ զրույցի հայերեն թարգմանությունը։

CR– Որքանո՞վ է ցեղասպանության թեման արդիական այսօրվա հայերի, հատկապես` երիտասարդների համար։

Հ.Ա.-Թվում է, թե 110 տարի է անցել, սակայն հայությունը պետք է որ մոռանար այդ հրեշավոր ցեղասպանությունը, սակայն թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում երիտասարդների մի սերունդ կա, որ հիշում է եւ տարբեր ձեռնարկներով նշում է ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Օրինակ՝ Երեւանում երիտասարդները ջահերով երթ են կազմակերպում եւ գնում են  մինչեւ ցեղասպանության հուշահամալիր։ Մի քանի օր առաջ չեխական Յիհլավայում էլ տեղի հայ համայնքը կազմակերպել էր նման մի երթ հայկական խաչքարի մոտ։ Իհարկե, սերնդափոխությունն իր ազդեցությունն ունենում է, բայց  ապրիլի 24-ը այն միակ օրն է, որը դեռեւս միավորում է աշխարհի ողջ հայությանը։

 CR- Որքանո՞վ էր կարևոր Չեխիայի հայկական սփյուռքի համար, երբ չեխ օրենսդիրները՝ Պատգամավորների պալատը և Սենատը, 2020 թվականին անցյալի իրադարձությունները անվանեցին ցեղասպանություն և դատապարտեցին դրանք՝ հղում անելով նացիստական ​​հանցագործություններին։

Հ.Ա.- Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր նշանակություն ուներ հայ համայնքի համար։ Նախ 2017 թվականին պատգամավորների պալատը ընդունեց, իսկ ապա 2020 թվականին նման բանաձեւ ընդունեց նաեւ Չեխիայի սենատը։ Դա մեր համայնքի բոլոր ուժերի, դիվանագետների ու քաղաքական գործիչների, հոգեւոր առաջնորդների կատարած աշխատանքի արդյունքն էր։ Տարիներ շարունակ մենք Պրահայում ցույցեր էինք կազմակերպում, Չեխիայի ղեկավարությունից պահանջելով՝  ճանաչել Հայոց ցեղասպանությունը։  Եվ այդ հարցում, իհարկե, մեծ դեր կատարեցին  ինչպես  Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գիրքը, որին ծանոթացան չեխ խորհրդարանականներն ու սենատորները, այլեւ Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմը, որը միլիոնավոր չեխեր դիտեցին։  Մեզ համար ճանաչումը կարեւոր է, որ այլեւս չկրկնվեն նման ցեղասպանություններ եւ Թուրքիան պատասխանատվություն ստանձնի, ինչը որ չի արվում, հակառակը, մինչ օրս ժխտվում է։  Իսկ ժխտողականությունը ինչպես գիտեք ցեղասպանության վերջին մակարդակն է։

CR- Թուրքիան թեեւ ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին, սակայն դիվանագիտական ​​հարաբերություններ չունի, ավելին՝ փակ է պահել սահմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի պատճառով, որտեղ նա աջակցել է Ադրբեջանին։ Այսպիսով, ի՞նչպիսին են Թուրքիայի հետ շփումներն այսօր։

Հ.Ա.-Շատ ճիշտ եք ասում, որ չնայած Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը գրավել է, համարում է այդ հարցը լուծված, բայց Թուրքիան շարունակում է սահմանները փակ պահել, հիմա էլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կապելով Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի հետ։ 

Թուրքիա-Հայաստան բանակացությունները կամ շփումները սկսվել են վերջին տարիներին, Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, բայց ոչ սահմանն է բացվում, ոչ էլ Թուրքիան է  բարի կամք դրսեւորում, որպեսզի այդ հարաբերությունները բարելավվեն, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի ներկա կառավարությունը հրաժարվել է Հայոց ցեղասպանությունը որպես արտաքին քաղաքականության հարց ներառել իր պետական քաղաքականության մեջ։ Այնպես որ Թուրքիան առայժմ  Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու լուրջ մտադրություն չունի։

Orer.eu

Այս թեմայով այլ հաղորդումներ՝

Expert: Uznání genocidy teď není pro Arménii nejdůležitější | iROZHLAS – spolehlivé zprávy

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում