Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծ Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը, ՀՀ նախագահը, Ռաֆայէլ Պետրոս ԻԱ-ն մասնակցեցին Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողություններին

  • 26.04.2025
  • 0
  • 885 Views

Ապրիլի 26-ին առավոտյան ժամը 10-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։

Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք բարձրացրեց Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։.

Ինչպես հայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունից, «Յուղարկաւորութեան մասնակցելու նպատակով Վատիկան ժամանած էին մեծ թիւով հաւատացեալներ, երկիրներու նախագահներ, վարչապետեր, նախարարներ եւ բոլոր կրօններու բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Ի շարս հոգեւոր պետերու, Սուրբ Պատարագին եւ յուղարկաւորութեան մասնակցեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։ Անոր կողքին ներկայ էին նաեւ Վատիկանի մէջ ուսանող Հոգշ. Տ. Պսակ Վրդ. Թէփիրճեան եւ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի տնօրէն Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան։

Յայտնենք, որ յուղարկաւորութեան մասնակցեցաւ նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսը, միաբան հայրերու ընկերակցութեամբ։ Թէ՛ յուղարկաւորութեան եւ թէ՛ ընդհանրապէս Վատիկան կեցութեան ընթացքին, երկու վեհափառ հայրապետները միասնաբար իրենց մասնակցութիւնը բերին յիշեալ եկեղեցական արարողութեան։ Անոնք նաեւ առիթ ունեցան միասնաաբար խորհրդակցելու հայ եկեղեցւոյ, Հայաստանի եւ ընդհանրապէս հայութեան հետ աղերս ունեցող նիւթերու շուրջ»։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում նույնպես մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։

Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։ 

Ինչպես հայտնում է Վատիկան նյուզը, «Ուրբաթ 25 ապրիլի երեկոյեան ժամը 8-ին Սուրբ Պետրոս Պազիլիքայի Խոստովանանքի Խորանին մօտ, տեղի ունեցաւ Ֆրանչիսկոս Պապի Դագաղի փակման դռնփակ արարողութիւնը, նախագահութեամբ Հռոմի Սուրբ Եկեղեցւոյ Քամերլենկօ` Կարդինալ Քեվին Ժոզէֆ Ֆարրելի ու ներկայութեամբ որոշ կարդինալներու, ինչպէս յայտարարուած էր նախօրօք ու նաեւ Քահանայապետին ընտանեկան պարագաներ։

Դագաղի փակման արարողութիւնը, տեղի ունեցաւ «Ordo Exsequiarum Romani Pontificis» թիւ. 66-81 յօդուածներու համաձայն որուն ընթացքին դագաղին մէջ զետեղուեցան ննջեցեալ Քահանայապետի հովուապետութեան ժամանակ հատուած շքանշանները ու մետաղադրամները, ապա նոտարական փաստաթուղթը որ հակիրճ կերպով կը նկարագրէ Ֆրանչիսկոս Պապին կենսագրականը ու անոր քահանայապետութեան շրջանը։

Արարողութեան ընթացքին Քահանայապետական Ծիսական արարողութիւններու արարողապետը ընթերցումը կատարեց նոտրարական փաստաթուղթին, որուն օրինակները ստորագրուեցան ներկաներէն մի քանիներուն կողմէ, որպէս վաւերացում պատահածին։ Ապա տեղի ունեցաւ Քահանայապետի դէմքի սպիտակ մետաքսով քօղարկում, ապա օրհնեալ ջուրի սրսկումէն ետքը դագային մէջ զետեղուեցան սահմանադրութենէն նախատեսուած իրերը, հուսկ դագաղը, որ կազմուած է երկու մասերէ` զինկէ ու տախտակէ, փակուեցաւ ու կնքուեցաւ։

Արարողութիւնը վերջ գտաւ երեկոյեան ժամը ինին։ Հանգուցեալ Քահանայապետի աճիւններն ու դագաղը այս գիշեր կը մնան Սուրբ Պետրոս Պազիլիքայի մէջ որուն մօտ գիշերուայ ընթացքին աղօթք ու հսկում պիտի կատարեն Սուրբ Պետրոս պազիլիքայի կղերական դասը մինչեւ վաղը առաւօտեան նախատեսուած յուղարկաւորութեան արարողութիւնը։

«Ֆրանչիսկոս բոլորին թողուց մարդկութեան, սուրբ կեանքի և տիեզերական հայրութեան հրաշալի վկայութիւն» այս գրութեամբ եզրափակուած է նոտարական փաստաթուղթը»։

Պատմութեան էջերուն մէջ արձանագրուող այս արարողութեան Կարդինալական դասի աւագերէց` Կարդինալ Ճովաննի Պաթթիսա Ռէյին հետ կը համապատարագեն 980 կղերական դասի անդամներ, որոնց շարքին կարդինալներ, պատրիարքներ, եպիսկոպոսներ ու քահանաներ։ Համապատարագիչներու շարքին էր նաեւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը Ամենապատիւ եւ Գերերջանիկ ՏՏ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ։

Վերջին օրերուն, Ֆրանչիսկոս Պապին Սուրբ Պետրոս Պազիլիքային մէջ գեղեղուած աճիւններուն յարգանքի տուրք մատուցեցին աւելի քան 250 հազար անձինք, չորեքշաբթի 23 ապրիլ 2025ի ժամը 11-էն մինչեւ ուրբաթ 25 ապրիլի երեկոյեան ժամը 7-ին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում