Ապրիլի 24-ը Պրահայում եւ Յիհլավայում. հրաժեշտ Յարոմիր Շտետինային, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչում՝ աղոթք խաչքարի մոտ եւ Կարգ բարեխոսության Սրբոց Նահատակաց, ջահերով երթ

  • 24.04.2025
  • 0
  • 3463 Views

Ապրիլի 24-ն այս տարի Պրահայում տխուր էր ավելի, քան երբեւէ։ Վերջին հրաժեշտը տվեցինք հայ ժողովրդի մեծ բարեկամ, գրող ու լրագրող, նախկին սենատոր եւ Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Յարոմիր Շտետինային։ Մարդ, որն իր գիտակցական կյանքի զգալի մասը բարձրացրել է Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի ու հայ ժողովրդի իրավունքների հարցերը, մինչեւ վերջ մնաց իր սկզբունքներին ու արժեխներին հավատարիմ։ Հրաժեշտի արարողությանը ներկա էին չեխահայ համայնքի ներկայացուցիչները Հայր Բարսեղի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, որ իր ցավակցական ելույթում հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Յարոմիր Շտետինային իր կատարած հայանպաստ աշխատանքի համար։

Այնուհետեւ հայ համայնքը հավաքվեց Պրահայի կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ, ուր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները եւ Չեխիայի հայերի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հոգու հանգստյան համար։ Այնուհետեւ ներկա օտարերկրյա դիվանագետներին, պատգամավորներին ու հայ համայնքի ներկայացուցիչներին ողջունեց Հայաստանի դեսպանը։ Ծաղեպսակների զետեղումից ու ծաղիկների խոնարհումից հետո, չեխահայերը հավաքվեցին Սուրբ Հոգի եկեղեցում, ուր Հայր Բարսեղի եւ Հայկ սարկավագ Ութիջյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սրբոց Նահատակաց Բարեխոսության կարգը։ Հայր Բարսեղն իր քարոզի խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի աստվածատուր շնորհներին, կոչ անելով չվախենալ դժվարություններից եւ միասնական ուժերով հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Իսկ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ ցեղասպանության օրվա խորհրդին եւ 1.5 միլիոն զոհերի հիշատակին։

Ապրիլի 22-ին չեխական Յիհլավայում «Ուրարտու» հայ-չեխական մշակութային միության կազմակերպությամբ տեղի ունեցավ Մարտին Մահդալի « Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո ֆիլմի ռեժիսոր Մարտին Մահդալը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով հայոց ցեղասպանության խնդրին եւ Կարել Հանսայի գրքի նշանակությանը։ Անդրադարձ կատարվեց նաեւ Բաքվի բանտում կտտանքների ենթարկվող հայ պատանդների թեմային։ Այնուհետեւ ներկաները ջահերի երթով հասան մինչեւ Յիհլավայի հայկական խաչքարի մոտ, որտեղ Հայր Բարսեղի աղոթքից հետո, հայ համայնքի ներկայացուցիչները կարդացին օրվա խորհրդին նվիրված բանասետղծություններ, իսկ վերջում ամփոփիչ ելույթով հանդես եկավ «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, նշելով, որ հայ ժողովուրդը երբեք չի կարող ուրանալ իր միլիոնավոր զոհերին։ Նա անդրադարձավ նաեւ Բաքվում անմարդկային պայմաններում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին, նշելով, որ Ադրբեջանը այդպիսով խախտել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։

Յիհլավայի ձեռնարկին անդրադարձել էր նաեւ այսօրվա ՄՖ Դնեսի տարծաշրջանային հրատարակությունը։ Ջահերով երթի տեսանյութը՝ (2) Facebook

Նշենք նաեւ, որ այսօր առավոտյան Չեխական ռադիոյին տված հարցազրույցում, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից մերժողականության քաղաքականությանը, ինչը նշանակում է ցեղասպանության շարունակություն։

orer.eu

Պրահայի լուսանկարները՝ Հակոբ Ասատրյանի

Յիհլավայի լուսանկարները՝ Մարկետա Ադամցովայի եւ Յիհլավայի հայ համայնքի

Պրահայում բնակվող մեր հայրենակիցներին տեղեկացնում ենք, որ ապրիլի 26ին ժամը 16-ին Ֆրանսիական ինստիտուտում՝ Կինո 35-ում ցուցադրվելու է Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմը, որում հեղինակը ցույց է տալիս ցեղասպանության աշխարհագրությունը եւ Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գրքի ազդեցությունը։ Մանրամասները՝ IFP Kino35 || Věčný smutek genocidy

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում