Կեղծ պատմագրության ակտ. Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` Վատիկանի գիտաժողովի մասին

  • 12.04.2025
  • 0
  • 480 Views

Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։

Նշենք, որ ապրիլի 10-ին «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմն (Artsakh monument watch) ահազանգել էր, որ Վատիկանի Սուրբ աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում պահին ընթանում էր «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։

Այն իրականացվել է Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ։ Artsakh monument watch–ը նշել էր, որ գիտաժողովին տարբեր մասնագետներ են ներկա եղել Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ–ից և Լիտվայից։ Միջոցառման ընթացքում որպես աղվանական են ներկայացվել հայկական այնպիսի հուշարձաններ, որոնք դարավոր պատմություն ունեն ու արձանագրություններ կան դրանց վերաբերյալ։ Այդպիսիք են Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը և այլն։

«Մենք պնդում ենք` այն, որ հայ գիտնականները բացառվել են այս անհիմն գիտաժողովին մասնակցելուց, այն դարձնում է պետության կողմից հովանավորվող ռևիզիոնիզմի և կեղծ պատմագրության ակտ։ Այս միջոցառումը չի համապատասխանում Վատիկանի չափանիշներին։ Ֆինանսական խթաններից բացի ոչ մի ճշմարտանման բացատրություն չկա այս ամենին։ Մենք պնդում ենք, որ Վատիկանը գործել է անպատասխանատու կերպով` թույլ տալով հմտորեն օգտագործել իր ակադեմիական հարթակը շինծու պատմություն տարածելու համար»,– ասված է հայտարարությունում:

Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանում վստահ են` նմանատիպ միջոցառումներով նպատակ կա համաշխարհային գիտական շրջանակների մտավոր հիշողությունից ջնջել Հայ առաքելական եկեղեցու պատմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Հայտարարությունում նշվում է նաև, որ նման միջոցառում անցկացնելով առանց հայ գիտնականների մասնակցության` Վատիկանն իրեն թույլ է տվել մասնակից դառնալ բնիկ քրիստոնյա ժողովրդի դեմ պատմությունը զենքի վերածելուն։

ԱԶԳ

Ստորեւ հայտարարության անգլերեն տեքստը եւ արեւմտահայերենը։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹԻՒՆ

Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանը խստիւ կը դատապարտէ Վատիկանը՝ «Քրիստոնէութիւնը Ատրպէյճանի մէջ․ պատմութիւն եւ արդի ժամանակներ» խորագրեալ միջազգային համաժողովը հիւրընկալելու համար, որ կայացաւ Հռոմի մէջ՝ Ատրպէյճանի կառավարութեան եւ անոր գիտական-ապացուցողական քարոչամեքենայի նախաձեռնութեամբ։

Մենք կը պնդենք, թէ Հայ մասնագէտներու ակնյայտ բացակայութիւնը սոյն համաժողովէն, միտուած էր պետական մակարդակով պատմութիւնը վերախմբաւորելուն, խեղաթիւրելուն եւ կեղծ պատմագրութիւն ներկայացնելուն, որը կը նուազեցնէ Վատիկանի վարկը եւ վայել չէ անոր չափանիշներուն եւ չունի որեւէ բացատրութիւն՝ ֆինանսական շահոյթ ապահովելէն զատ։

Մենք կը պնդենք, թէ Վատիկան անպատասխանատու քայլ մը ըրած է՝ արտօնելով որ իր գիտական հարթակը հնարամտօրէն օգտագործուի շինծու պատմութիւն տարածելու նպատակով, որը կը փորձէ ջնջել Հայ Առաքելական Եկեղեցւոյ բազմադարեայ ներկայութիւնը Հարաւային Կովկասի մէջ՝ համաշխարհային գիտական մտքի յիշողութենէն։ Առանց հայ գիտնականներու մասնակցութեան այդպիսի միջոցառում հիւրընկալելով Վատիկան ինքզինքին մեղսակից ըրած է՝ դառնալով զէնք պատմութեան եւ բնիկ քրիստոնեայ ժողովրդի մը դէմ, որուն աւանդը համաշխարհային քրիստոնէութեան՝ անվիճելի է նոյնիսկ իրենց գիտական ճանաչումով։

Մենք նաեւ կը պնդենք, թէ Վատիկան ականատես եղած է դիտաւորեալ հնութեան յօրինումի մը՝ ռազմաւարութեան մը, որ կը ձգտի ոչ միայն օրինականացնել ներկայիս տարածքային պահանջքները Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, այլ նաեւ ջնջել աւելի հին քաղաքակրթութիւններու ներկայութիւնը, որոնց արմատները խորն են եւ պատմութիւնները վերացնելու համար՝ անյարմար։

Ատրպէյճանի այս գիտական քարոզչամեքենան կը ձգտի կառուցել յետադարձ պատմութիւն մը, որը մոլորեցնող խորութիւն մը պիտի հաղորդէ նորաստեղծ պետութեան։ Այդ կ’իրագործուի պատմութեան վերաշարադրութեան միջոցով։

Սոյն համաժողովը այդ քաղաքական ծրագիրի արտայայտութիւններէն մէկն է, հիմնուած այնպիսի պետութեան մը ժամանակաւոր անապահովութեան վրայ, որ կ’ուզէ մոռցուելու դատապարտուած իր կարճ գոյութիւնը մթագնել՝ մշակութային ժառանգութիւն կեղծելով ու Հայ Եկեղեցւոյ սրբազան ժառանգութիւնը իրեն վերագրելով։

Մենք յստակ կը պնդենք, որ իրական ժառանգութեան փոխարէն, այս վարչակարգի գիտական քարոզչամեքենան Վատիկանի մատուցած է բեմադրութիւն մը։ Յիշողութեան փոխարէն՝ կեղծիք, պատմական իրողութիւններու նկատմամբ հաւատարմութեան փոխարէն՝ հաշուարկուած ամբարտաւանութիւն մը, որը ժամանակը կը սեպէ որպէս կտաւ, որը պէտք է ներկուի աշխարհաքաղաքական դիրքորոշման համար։

Ասիկա պատմական նիւթ մըն է, որ աւելի կը շարժի ձգտումներով, քան փաստերով։ Ասիկա ջանք մըն է՝ ժամանակակից պետականութեան ուրուագծերը փոխանցելու՝ անցեալի մը վրայ, որ գոյութիւն չէ ունեցած։

Այսպիսի համաժողովներու հիմնական թեզը՝ թէ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) մէջ գտնուող հայկական քրիստոնէական յուշարձանները կը պատկանին այսպէս կոչուած «կովկասեան աղուանական» քաղաքակրթութեան, ոչ միայն գիտականօրէն անհիմն է, այլեւ պատմական ժխտողականութեան չարագործ արարք մըն է։

Ասիկա ուղղակի յարձակում է բնիկ Հայ ժողովուրդին գիտութեան եւ արժանապատուութեան վրայ՝ ժողովուրդի մը, որուն սուրբ աւանդութիւնները հազարամեակներով գոյութիւն ունեցած են այդ հողերուն վրայ։ Այստեղ խնդիրը միայն գիտական կեղծիքը չէ, այլ՝ մշակութային ժխտումը, որ համակարգուած կերպով կը մերժէ Հայ ժողովուրդին բնիկութիւնը եւ իր արժանի տեղը՝ քրիստոնէական եւ քաղաքակրթական պատմութեան մէջ։

Մենք կոչ կ’ընենք Վատիկանին, որ պահպանէ պատմական ճշմարտութեան ամբողջականութիւնը եւ մերժէ ամէն տեսակ կեղծ ժառանգութիւն եւ յօրինուած աւանդութիւն, որոնք կը նպատակադրեն ջնջել բնիկ քրիստոնէական համայնքներու ապրուած փորձառութիւնը։ Մենք կը յորդորենք Վատիկանին հեռու մնալ նման վերաշարադրողական նախաձեռնութիւններէն եւ վերահաստատել իր յանձնառութիւնը՝ քրիստոնէական աւանդութեան իսկութիւն պահելու առաքելութեան՝ ի մասնաւորի Սուրբ եւ Առաքելական Հայոց Եկեղեցւոյ հանդէպ։

Իբրեւ հայկական քրիստոնէութեան չորս հին եւ գոյող ճիւղերէն մէկը՝ կը յայտարարենք, թէ ասիկա բարոյական իսկութեան պահ մըն է քրիստոնէական գիտական աշխարհի համար․ հայոց անցեալի ճշմարտութիւնը չի կրնար թաղուիլ վարձուած եւ քարոզչութեամբ կերտուած պատմական սուտերու ներքեւ։ Մեր եկեղեցիները, մեր վանքերը, մեր ճարտարապետութիւնը, մեր գեղագիտութիւնը, մեր խաչքարերը, մեր ձեռագիրները, մեր արարողակարգը, մեր հազարամեայ շարականները, մեր այբուբենը, մեր սուրբերն ու նահատակները, մեր հին գերեզմանատները, մեր սրբազան յուշերը, մեր դպրանոցները, եւ մեր ժողովուրդը՝ բոլորն ալ կենդանի վկայութիւն են Հայ Առաքելական աւանդութեան, որ նախորդած է եւ պիտի գերազացէ այն խորամանկ նկրտումները, որոնք կը ձգտին ջնջել մեզ՝ թէ ֆիզիքական, եւ թէ՛ մտաւոր յիշողութենէն։

ԴԻՒԱՆ Ս․ ԱԹՈՌՈՅ

______________________________________

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում