Վատիկանը իբր տեղյակ չի եղել ադրբեջանական գիտաժողովի մասին, բայց պետքարտուղարը ողջույնի խոսք է ուղարկել

  • 10.04.2025
  • 0
  • 346 Views

Այսօր «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմը մի ահազանգ էր տարածել, ըստ որի Վատիկանի Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում ընթանում է «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովը։

«Մինչև այսօր հայագիտական որևէ կազմակերպություն տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին։ Կազմվել, հավաքագրվել են տասնյակ մասնագետներ տարբեր երկրներից (Թուրքիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիտվայից), որոնց նպատակն է բացառել հայ պատմության, հայ մշակույթի և հայերի առկայությունը Ադրբեջանի տարածքում, ուստի աղվանական են ներկայացվում հատկապես այն հուշարձանները, որոք հայկական են՝ պատված հարյուրավոր հայերեն արձանագրություններով. դա Ամարասն է, Գանաձասարը, Դադիվանքը և այլն։

Մեզ համար անհասկանալի է նաև ասպարեզի որոշ հայտնի հետազոտողների մասնակցությունը, ովքեր տեսել են որ այս գիտաժողովին որևէ հայ հետազոտող չի մասնակցում և չկա որևէ բառ հայերի մասին։

Մեր բողոքն ու ու մտահոգությունն ենք հայտնում հայկական մշակութապահպան կազմակերպություններին և համայնքներին, միջազգային գիտական հանրույթին, մեր բողոքն ենք հայտնում մեր իշխանություններին, որ մեր հիշողությունը, պատմությունը և մշակույթը այսպես սքողում և անտեսում են»,- ասված է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի թիմի հայտարարության մեջ։

Ինչպես կարողացանք ճշտել մեր հավաստի աղբյուրներից, պաշտոնական Վատիկանը իբր տեղյակ չի եղել այս գիտաժողովի մասին, ավելին՝ Գրիգորյան համալսարանը միայն գիտաժողովի դահլիճն է վարձով տվել, իսկ հայ համայնքն արդեն իր բողոքի նամակն է ուղարկել համալսարանին։

Ադրբեջանցիները, հերթական անգամ խորամանակ քայլի են դիմել, օգտագործելով Վատիկանի անունը, որն ըստ էության պաշտոնապես կապ չի ունեցել գիտաժողովի հետ եւ համակազմակերպիչ չի եղել։ Դա է վկայում նաեւ գիտաժողովի պաստառը, որի վրա ոչ մի իտալական հաստատության տարբերանշան չկա։

Ավելացնենք նաեւ , որ ապրիլի 2-ին Ռադիո Վատիկանում առաջին անգամ հեռարձակվել են ադրբեջաներեն լեզվով հաղորդումներ՝ Ադրբեջանի կաթոլիկ համայնքի համար։ Սակայն ծառայությունը միայն կատարում է իտալերեն պատրաստի հոդվածների ադրբեջաներեն թարգմանությունները։ Այս առիթով Վատիկան նյուզին հարցազրույց է տվել Ադրբեջանի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը եւ գոհունակություն է հայտնել կաթոլիկների առաջընթացի առնչությամբ։ Ավելին, նա մասնակցել է վերը նշված գիտաժողովին։

Ավելի ուշ Հռոմի հայ համայնքի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Գրիգորյան համալսարանում նման հակահայկական գիտաժողով անցկացնելու փաստը։ Մինչեւ վերջին պահը այս գիտաժողովի անցկացումը գաղտնի է պահվել եւ դրան ըստ էության աջակցել է Գրիգորյան համալսարանը։ Բայց անշուշտ Վատիկանի պետքարտուղարությունը տեղյակ է եղել, այլապես ողջույնի նամակ չէին ուղարկի։ Ավելին, Վատիկանի ներկայացուցիչը մասնակցել է գիտաժողովին, եւ ադրբեջանական դրոշի կողքին եղել է Վատիկանի դրոշը։ Ընդ որում , գիտաժողովի ընթացքում Արցախի ողջ հայկական քրիստոնեական ժառանգությունը ներկայացվել է որպես ալբանական կամ ուդի համայնքի ժառանգություն։ Ըստ երեւույթին, Ալիեւի ռեժիմը կլորիկ գումար է խոստացել պաշտոնական Վատիկանին եւ համալսարանին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում