«Կոմիտասն իմ ճանապարհի լույսն է». Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյան-Ապրիլի 24-26-ը ելույթներ Վարշավայում

  • 07.04.2025
  • 0
  • 3612 Views

«Երգն իմ շունչն է»,- ասում է հայտնի հայ սոպրանո Հասմիկ ԲաղդասարյանԴոլուխանյանը՝ Մարինա Խանամիրյանի հետ զրույցում, ով ժամանելու է Վարշավա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի տոնակատարությանը։

Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, այլ նաև մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության օր է։ Եվ այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով։

Ի՞նչ խորհուրդ է կրում քեզ համար այս օրը։

Մայրիկիս ընտանիքը հասցրել է փախնել Երզնկայից Հայաստան և հետագայում հիմնավորվել  Հաղպատ գյուղում, իսկ հայրիկիս ընտանիքը գաղթել է Շուշիից։ Գիտես, այս ամենի մեջ կա մի շատ կարևոր բան՝ ինչքան մարդուն հիշում ես, այդքան ինքը «կենդանի է», եթե փաստացի չենք հիշում պատմությունը, հանգեցնում ենք իր ավարտին։ Մենք կրողներն ենք այդ հիշողության, նրա շարունակողներն ենք։ Եվ այս օրը կարևորվում է հենց այդ հիշողությամբ, մի ամբողջ ժողովրդի պատմություն քո մեջ կրկին լուսավորվում է, պահելով վառ հիշատակը։ Ամենակարևորն է պահել «մոմը վառված», որպեսզի այդ հիշողությունը իմաստավորի մեր կյանքը, մեր անելիքները։ Չպետք է վերածել այն ուղակի արհեստական, ֆիկտիվ հիշողուտյան։ Ամեն տարի պարտադիր մասնակցություն եմ ունենում այս օրերի միջոցառումներին։ Այս տարի լինելու եմ ձեզ հետ Լեհաստանում։ 

Հայոց մեծ երգահան, երաժիշտ և բանաստեղծ, Կոմիտաս Վարդապետի՝ եղեռնի հետ կապը անմիջական է։ Քչերին է բախտ վիճարկվել այդքան մոտիկից ճանաչել իրեն։ Քեզ տրվել է այդ հնարավորությունը։ Դու առանձնահատուկ մոտեցում ունե՞ս իր հանդեպ։

Կոմիտասն իմ ճանապարհի լույսն է։ Ինքը «գնում է», ես էլ իր ետեվից։ 

Իսկ ինչո՞ւ ընտրեցիր երգեցողական արվեստը։ 

Գիտես, հատուկ ընտրություն չեմ կատարել։ Կարող եմ ասել հակառակը՝ ինքն է ինձ ընտրել։ Ներքին ձգտումներս հանգեցրեցին հոգևոր երաժշտական ուղղու ընտրությանը։ «Երգեցողությունն իմ շունչն է»։  Բնական երևույթ է։ Մի բան, առանց ինչի ես չեմ կարող ապրել։ Դա իմ կյանքի ծրագիրն է։

Դու տարբերություն զգու՞մ ես, երբ երգում ես գտնվելով մենակ վանքում, և երբ երգում ես հանդիսատեսի առջև համերգային դահլիճում ։

Հիմա արդեն չէ։ Երիտասարդության փուլը, երբ երգում ես ինքդ քեզ համար, վաղուց է անցել։ Սակայն կա մի կարևոր բան, սա հայտնի է եղել նաև հնում, և որի մասին լսել եմ նաև Գեղարդավանքի հոգևոր հայրերից․ երբ աղոթում ես, իսկ հոգևոր երգը դա նույն աղոթքն է, դու «աչքերդ փակում ես», որպեսզի ոչ մի արտաքին բան քեզ չխանգարի, չշեղի։ Աղոթքը դա պարզապես բառեր չեն, աղոթքի մեջ գտնվելը յուրահատուկ հոգեվիճակ է։ Երբ դու իրական աղոթքի մեջ ես, քեզ ոչ մի բան չի կարող խանգարել, աղոթելով տեսնում ես նպատակը, միայն այդ նպատակին է ծառայում միտքդ։ Իրականում, երբ արդեն մասնագիտացա երգեցողության մեջ, միևնույն է, թե երգում ես լեփ-լեցուն դահլիճում, թե գտնվում ես  վանքում մենակ ինքդ քեզ հետ։

Ինչպիսի՞ ճարտարապետական տարածքի մեջ ես քեզ առավել ներդաշնակ զգում՝ հոգևոր, թե՞ աշխարհիկ։

Ես փոքրուց դեռ սիրել եմ երգել հայկական միջնադարյան խոնարհված վանքերում, ուր ամբողջովին ներխուզվում ես հայկականության, էսթետիզմի, հասկանում ես ասկեթիզմի ամբողջ էությունը։ Կարծում եմ, դա «քարի» և ձայնի, աղոթքի միմյանց ներթափանցումն է, որն իր հերթին ստեղծում է այլ իրականություն։ Հայ ականավոր ճարտարապետներից մեկը ճարտարապետությունը նմանեցնում է երաժշտությանը, ավելացնելով, որ հայկական ճարտարապետությունը դա ստեղծագործ տարածք է ինքն իրենով։ Եվ նույնը կարելի է ասել հայ հոգևոր երաժշտության մասին։ Ինձ համար թե՛ հայ ճարտարապետությունը, թե՛ հայ հոգևոր երաժշտությունը նույն են ներթափանցման և ներզննման տեսակետից։ Գառնու հեթանոսական տաճարը, որտեղ նույնպես ունեցել եմ բազմաթիվ համերգային ելույթներ, ընկալում եմ իբրև զուտ թանգարանային տարածք, Հայաստանի պատմական և մշակութային կարևոր կենտրոններից մեկը։ Սակայն այն զգացողությունը, որն ունեցել եմ հայ միջնադարյան վանքերի լայնաշունչ տարածության ներքո, դա բացարձակ այլ հոգեվիճակ է, որը բավականին դժվար է արտաբերել խոսքերի միջոցով։ Եվ ամենավառ օրինակներից մեկը հանդիսանում է այդ առումով Գեղարդավանքը։

Իսկ ինչպե՞ս ես ընտրում և կազմում քո երգացանկը։ Ի՞նչն ես կարևորում քեզ համար։

Ժամանակին իմ երգացանկը հիմանկանում կազմված էր եվրոպական ստեղծագործություններից՝ ներառելով ինչպես հայտնի օպերային արիաներ, այնպես էլ կամերային լիդեր։ Սակայն այն ինչ նախընտրում եմ կատարել վերջին տարիներին անմիջականորեն կապված է իմ էության, իմ հոգու հետ։ Դա նույն է, երբ դու լավ տիրապետում ես և խոսում ես որև է օտար լեզվով, միևնույն է մայրենի լեզուն տալիս է քեզ ներդաշնակություն, հանգստություն, վայելչություն։ Օտար լեզվով գրված ստեղծագործության մեջ ինձ առավել գրավում է երաժշտությունը, իսկ հայերեն լեզվով երգացանկը, դա և՛ երաժշտությունն է, և՛ խոսքերն են, և՛ ամբողջ հայ մշակութային նշանային համակարգը։ Ժամանակակից հայ երաժշտության մեջ, ինձ համար դեռ չեմ գտել այնպիսի ստեղծագործություն, որը կմրցակցի օրինակ Մաշտոցի շարականների հետ, ոչ իր բովանդակությամբ, ոչ իր խորությամբ։ Սակայն այսօր հայ երաժշտական արվեստի մեջ առաջանում են հետաքրքիր նորահայտ ստեղծագործություններ։ Ես հաճույքով ներգրավվում եմ տարբեր երաժշտական նախաձեռնությունների մեջ, որոնցից ամենանշանակավորը ինձ համար, «Նաղաշ» անսամբլն է, որը գերժամանակակից երաժշտական նախագիծ է։ «Նաղաշ» անսամբլը ներկայացնում է միջնադարյան հայ բանաստեղծներ Մկրտիչ Նաղաշի և Կոստանտին Երզնկացու տաղերի վրա հիմնված հայ- ամերիկյան երգահան Ջոն Հոդյանի «Երգեր իմաստության» ստեղծագործությունը, որի ստեղծման մտահղացումը, համաձայն իրեն իսկ խոսքերի, ծագել է նրանից հետո, երբ Ջոնը այցելելով Գառնու տաճար լսում է իմ ձայնը։ Այս ստեղծագործությունը չնայած, որ գրվել է միջնադարյան տեքստերի հիման վրա, ավելի քան ժամանակակից է։ Սակայն պետք է ավելացնել, որ այդ տեքստերը շատ յուրահատուկ են և մեր ժամանակներին շատ համահունչ։

Դու ներգրավված ես նույնպես այլ համույթներում։ 

Այո, անցած տարի նշեցինք «Լույս» հինգյակի քսանհինգ ամյակը, որի մեջ ներգրավված եմ ստեղծման առաջին հենց օրերից։  Մեր հինգյակը կազմված է Գեղարդավանքի երգչախմբի նախկին  մենակատարներից և մինչ այժմ շարունակում է ներկայանալ իր յուրահատուկ երգացանկով։ «Լույս»-ը արտոնություն է ստացել Գեղարդավանում օտարերկրացի հյուրերին ներկայացնել հայ հոգևոր երաժշտությունը։ Հինգյակի կազմը կարելի է ասել արդեն երկար տարիներ անփոփոխ է, սակայն ունենք մեզ փոխարինող երգիչներ։ «Լույսը» իր համերգային ծրագրով բազմաթիվ ելույթներ է ունենում նաև արտերկրներում։

Առնչություն ես ունեցել արտասահմանյան երաժիշտների հետ, անմոռանալի հանդիպումներ, կպատմե՞ս դրանց մասին։

Երկար տարիներ համագործակցել եմ աշխարհի տարբեր նվագախմբերի, դիրիժորների, մենակատարների հետ։ Երգել եմ հանրաճանաչ դահլիճներում, ինչպիսինն է օրինակ Քարնեգի հոլը։ Սակայն ամենավառ հիշողություններս դա նախ և առաջ Գեղարդավանքում հանդիպումն էր Շարլ Ազնավուրին։ Նրա ջերմ խոսքերը և բարձր գնահատականը լավագույն և մեծագույն պարգևն էր, որը ստացել եմ երբևէ։  Մեկ այլ վառ հիշողությունն ունեմ հանրահայտ ռոք երաժիշտների Իէն Գիլանի և Թոնի Այոմիի հետ հանդիպումից Երևանում և «Deep Purple» բրիտանական ռոք-խումբի  «Smoke on the Water» երգի նախագծին մասնակցությունից։  «Smoke on the Water» նախագիծը «Rock Aid Armenia», որը հայտնի էր նաև որպես «Live Aid Armenia» մեծ նախագծի մի մասն է։ «Rock Aid Armenia» նախագիծը, որը կազմակերպված էր բրիտանական երաժշտական ինդուստրիայի հանրահայտ ներկայացուցիչների կողմից, ուղղված էր քանի տարի շարունակ մարդասիրական օգնություն ցուցաբերելուն 1988 թվականի Հայաստանի ահռելի երկրաշարժից տուժածներին: Ծանոթությունը Իէն Գիլանի և Թոնի Այոմիի հետ կայացավ նրանց հերթական Հայաստան այցելության ժամանակ։ Ես այդ ժամանակ համագործակցելով հայ երգահան, երաժիշտ Վահան Արծրունու հետ թողարկեցի «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» մաշտոցյան շարականների շարքը, որը ընդգրկվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հանրակրթական ուսումնական ծրագրում։ Մաշտոցյան տասնմեկ շարականները՝ Վահան Արծրունու մշակմամբ և իմ կողմից ակապելլա կատարմամբ, մինչ այսօր հնչում են Մատենադարանում, հատուկ այցելուների համար դրա համար նախատեսված սենյակում։ Եվ, ինչպես պատմում էր հետագայում Մատենադարանի տնօրենը, Գիլանը Մատենադարան իր այցի ժամանակ, անցնելով թանգարանային սենյակներով, լսելով այս երաժշտությունը, խորը տպավորվում է և խնդրում է իրեն մի որոշ ժամանակ թույլ տալ այդ սենյակում մնալ։ Եվ այս իրադարձությունը սկիզբն է դառնում գաղափարի՝ միացնել մաշտոցյան շարականների շարքը «Smoke on the Water» նախագցի շրջանակներում բարեգործական վաճառքին։ Հետագայում, երբ ծանոթացա Իէն Գիլանի և Թոնի Այոմիի հետ, Գիլանը կիսվեց մեզ հետ, նշելով, որ երբ լինում է սարերում գտնվող իր դղյակում, ժամանակ առ ժամանակ լսում է մաշտոցյան շարականները։ Մեծ երաժիշտից լսել նման խոսքեր, իրավի մեծ երջանկություն է։ Ես կարող եմ ասել, որ բավականին այդ առումով կյանքի կողմից «համբուրված եմ»։

Այժմ ի՞նչ նոր մտահաղացումներ ունես,  ի՞նչ նոր նախաձեռնություններ ես իրականացնում։

Երևանում մի քանի տարի առաջ որոշեցի մի համերգային ծրագիր ստեղծել ամենափոքրիկների համար, որը հետագայում դարձավ  նախադպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված երաժշտական դասընթացների սկիզբը։  Այս նախաձեռնությունը վերածվեց լուրջ շարժման, որին միացան նաև երեխաների ծնողները, և հետագայում այն ստացավ մեծ տարածում։ Կոմիտաս Վարդապետի կարծիքով,  ամենամեծ ուշադրությունը պետք է դարձնել փոքրիկ երեխաներին, նոր սերնդին, որին պետք է կրթել հայ երաժշտության միջոցով։ Այս դասընթացները պայմանականորեն կոչեցի Բեյբի կոնցերտներ։ Սա ինձ համար բավականին լուրջ քայլ էր։ Տարիների ընթացքում հավաքած հոգևոր փորձը տվեց  ինձ հնարավորություն արտահայտվել նաև մանկավարժության շրջանակներում, որն իմ կյանքի այս փուլում տվեց  ինձ գերագույն հաճույք։ Ստեղծվեց «Երգատեղ» կենտրոնը, ուր այցելում են երեք տարեկան և բարձր տարիքի երեխաները, միասին երգելու, սովորելու ինչպես լսել, սիրել և հասկանալ երաժշտությունը։ Այստեղ նույնպես կատարում ենք մանկական երգերի ձայնագրություններ։ Արդյունքներն այս աշխատանքի կերևան տարիներ հետո, և վստահ եմ, որ արդյունքները լինելու են հիասքանչ։ Այսօր ունեմ նաև ավագ սերնդի կանանց սիրողական երգչախումբ,  նաև անցկացնում եմ  դասըթացներ բոլորի համար, ովքեր ուզում են առնչվել Կոմիտասի արվեստի հետ, մարդկանց, որոնք տարբեր մասնագիտությունների տեր են, գալիս են համախմբվելու  Կոմիտասի շուրջ։ Նաև վերջերս ստացա մի խնդրանք ստեղծել սիրողական երգչախումբ ուղղակի երգելու ցանկություն ունեցողների համար։ Սակայն,  անհրաժեշտ է գտնել ազատ ժամանակ:

Ուրախ եմ, որ գտնվեց այն ինձ համար:

Շնորհակալություն հարցազրույցի համար։

Մարինա Խանամիրյան

Լուսանկարները Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի  արխիվ

«Ավետիս» ամսաթերթ

Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը «ՆՈՒՌ» մշակութային նախաձեռնություններ ինստիտուտ հիմնադրամի հրավերով կայցելի Վարշավա՝ մասնակցելու Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Ապրիլի 24 ի Հասմիկ Բաղդասարյան – Դոլուխանյանը իր մասնակցությունը կբերի Հայոց Ցեղասպանության 110-ամյակին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին, որը կմատուցվի Վարշավայի Հայ Առաքելական Եկեղեցում («Parafia Świętej Trójcy (Kaplica Matki Boskiej Częstochowskiej»), հասցե՝ ul. Solec 61։ 

Ապրիլի 25-ին ժամը 20։00-ին ելույթ կունենա Վարշավայի Ֆրետա 10 հասցեում գտնվող Դոմինիկյանների եկեղեցում։ Համերգին կմասնակցեն նաև Լեհաստանում բնակվող հայ արտիստուհիներ՝ երաժիշտ-կատարող Նելլի Մարտիրոսյանը (շվի, դուդուկ և պկու) և ջութակահար Քրիստինե Հարությունյանը (Վարշավայի ազգային ֆիլհարմոնիա): Համերգին կհնչեն Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Սայաթ-Նովայի, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորներ՝ Էդուարդ Բաղդասարյանի և Աստղիկ Ստամբոլցյանի ստեղծագործությունները։ Երաժշտությունը կուղեկցվի հայկական պոեզիայի ասմունքով։ Եկեղեցում համերգից առաջ՝ Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայերը – Բաքու – 1905» բացօթյա ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Դոմինիկյան եկեղեցում։ Ցուցահանդեսի բացումը նախատեսված է ժամը 18:30-ին, որին կհաջորդի Հայ կաթողիկե ծիսակարգով պատարագ։

Իսկ ապրիլի ապրիլի 26-ին Վարշավայի հայկական դպրոցի հրավերով Կարմելիցկա 13 հասցեում տեղի կունենա Հասմիկի հանդիպումը դպրոցի սաների, ծնողների և ուսուցիչների հետ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում