Ապրիլի 6-ին Իտալիայի Տրևինյանո Ռոմանո քաղաքի քաղաքապետարանի շենքում անցկացվեց Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված երեկո: Ելույթներով հանդես եկան Տրևինյանո Ռոմանոյի քաղաքապետ Կլաուդիա Մաչուկկին, քաղաքապետի տեղակալ Լուկա Գալլոնին և դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանը, ով շնորհակալություն հայտնեց Տրևինյանո Ռոմանո քաղաքի կողմից վերջերս Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու և Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված հիշատակի օր սահմանելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ Սոնյա Օռֆալյանի՝ ցեղասպանության տարիներին իր ընտանիքի անդամների վերապրած պատմությունները ներառող «Alfabeto dei giovani Armeni» (Երիտասարդ հայերի այբուբենը) խորագրով գրքի շնորհանդեսը:
Դաշնակահար Հայկ Մելիքյանը ներկայացրեց հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Հարություն Դելլալյանի, Էլեն Յոլչյանի, Էդվարդ Միրզոյանի, Արթուր Աքշելյանի, Վարդան Աճեմյանի ստեղծագործությունները: Երեկոն եզրափակվեց ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմի ցուցադրությամբ:
orer.eu








