Վիրտուոզ ջութակահար Նիկոլայ Մադոյանի մենահամերգը Քեմբրիջում՝ այս անգամ ապրիլի 25-ին

  • 04.04.2025
  • 0
  • 3625 Views

2025թ․ փետրվարի 7-ին Քեմբրիջի Վեսթ Ռոուդ համերգասրահում տեղի ունեցավ հայազգի անվանի ջութակահար Նիկոլայ Մադոյանի մենահամերգը: Մադոյանի կողմից ընտրված ծրագիրը ներառում էր Բախի, Իսայիի, Խաչատրյանի և Պագանինիի ստեղծագործությունների մի բույլ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր լրջագույն մարտահրավերներ՝ զանազան երաժշտական ժամանակաշրջանների և ժանրերի մեջ:

Նիկոլայ Մադոյանը իր երաժշտական կրթությունը սկսել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Գերմանիա: Նա վարպետության դասեր է անցել ջութակահարներ Միրիամ Սոլովիևի և Իսահակ Ստերնի մոտ, իսկ վերջինիս հետ նաև հյուրախաղերով ելույթ է ունեցել Ֆրանսիայում: Մադոյանը ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Բեռլինի արվեստների համալսարանի կողմից, ինչպես նաև արժանացել է Երևանի պետական կոնսերվատորիայի «պատվավոր պրոֆեսոր» կոչմանը: Մադոյանը ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի համերգասրահներում առաջատար նվագախմբերի և մեծանուն խմբավարների հետ, ինչպես օրինակ Լոնդոնի Ռոյալ Ֆեստիվալ հոլում, Միլանի Վերդիի համերգասրահում, Բեռլինի Կամերմուզիկզալում, Էդինբուրգի Քուինզ համերգասրահում, Վիեննայի Կամերմուզիկհոլում և շատ այլ նշանավոր համերգասրահներում:

2017 թվականին Մադոյանի անունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում «ամենաերկար ջութակի կատարում» անվանակարգում, երբ նա Երևանի Կոմիտասի անվան կամերային դահլիճում 33 ժամ, 2 րոպե և 41 վայրկյան անընդմեջ նվագեց 59 դասական ստեղծագործություններ: 2023 թվականին գերմանական հանրահայտ Naxos Records-ը թողարկեց Մադոյանի անդրանիկ ձայնասկավառակը ՝ Armenian Brilliance խորագրով, որն արժանացավ քննադատների բարձր գնահատականին հայտնի BBC, Pizzicato և American Record Guide դասական երաժշտության ամսագրերի կողմից: Մադոյանը հաճախակի ելույթներ է ունենում Հայաստանում՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում և այլ դահլիճներում, իսկ 2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության «վաստակավոր արտիստ»-ի պատվավոր կոչմանը:

Նշանավոր Վեսթ Ռոուդ 400-տեղանոց համերգասրահը, որն ունի գերազանց ակուստիկա, Քեմբրիջի ամենապահանջված դահլիճներից է, որտեղ ամեն տարի հյուրընկալվում են հանրահայտ մենակատարներ և նվագախմբեր: Սրահը պատկանում է Քեմբրիջի նշանավոր համալսարանին և ունի իր մշտական բարձրաճաշակ հանդիսատեսը՝ բաղկացած երաժիշտներից, համալսարանի դասախոսական և ուսանողողական կազմից, ինչպես նաև քաղաքի և շրջանի երաժշտասեր հանրությունից:

Մադոյանն իր ելույթը սկսեց Բախի հանրահայտ 2-րդ «Պարտիտա»-ով, որը պահանջում է և՛ տեխնիկական վարպետություն, և՛ մեծագույն հուզական արտահայտչականություն: Մադոյանի բարդ անցումների տիրապետումը տպավորիչ էր, ջութակահարը համադրեց իր բարձր վարպետությունը խորը հուզական արտահայտչականության հետ: Հանդիսատեսը բուռն ծափահարություններով ընդունեց Chaconne, որը հատկապես տպավորիչ էր 18-րդ դարի Գուարների ջութակի վրա:

Ընդմիջումից հետո Մադոյանը կատարեց Իսայիի 2-րդ Սոնատը։ Առաջին մասը ներդաշնակորեն միահյուսում է Բախի Պրելյուդը Իսայիի յուրօրինակ վերաիմաստավորման հետ։ Երկրորդ մասում՝ «Մալինկոնիա» (Malinconia), Մադոյանի մեկնաբանումը խորապես անհատական էր և զգացմունքային՝ ընդլայնելով տեխնիկական վարպետության և գեղագիտական  հնարավորությունների սահմանները։ Չորրորդ մասը՝ Les Furies, ջութակահարը կատարեց վարակիչ էներգիայով։

Այնուհետև Մադոյանը կատարեց «Անդանտե»-ն Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, բացահայտելով ստեղծագործության զգացմունքային խորությունը։ Ջութակահարի հուզական և նուրբ շեշտադրումներով կատարումը բրիտանացի հանդիսատեսին փոխանցեց այդ ստեղծագործության թախծալի զգացումները: Այնուհետև ծրագիրը շարունակվեց Խաչատրյանի կենսուրախ «Ուզունդարա» պարով՝ նույնպես «Գայանե» բալետից: Այս կենսախինդ հարսանեկան պարը՝ հագեցած ջութակին բնորոշ ռիթմիկ հնարքներով, առիթ տվեց վայելելու ստեղծագործության կենսարար էներգիան: Խաչատրյանի ասիմետրիկ ռիթմերի ճշգրիտ ձևակերպումը Մադոյանի կողմից տպավորիչ էր, և պարի զվարթ տրամադրությունը փոխանցվեց Քեմբրիջի հանդիսատեսին:

Համերգի եզրափակիչ համարներն էին Պագանինիի երկու գործերը, որոնք կապված են Անգլիայի հետ, սակայն տեխնիկական բարդության պատճառով հազվադեպ են հնչում թե՛ Միացյալ Թագավորության, թե՛ այլ երկրների համերգասրահներում:

Առաջինը hնչեց «Վարիացիաներ Աստված պահապան թագավորին» (God Save the King, գրված 1829 թվականին՝ Բրիտանիայի օրհներգի թեմայով: Պագանինիի սույն վեց վարիացիաները դասվում են ջութակի ամենաբարդ ստեղծագործությունների շարքում: Մադոյանը աղեղի կտրուկ սլացումներով ճկունորեն մատուցեց Պագանինիի կրկնակի նոտաները՝ ողջ ընթացքում պահպանելով կառուցվածքի հստակ զգացողությունը: Երկրորդ ստեղծագործությունը՝ «Հրաժեշտի կապրիսը» (Farewell Caprice), գրվել է 1831 թվականին և նվիրված է Պագանինիի անգլիացի ընկերոջը՝ Մ.Է. Էլիասոնին։ Այն բացահայտեց Մադոյանի լայնամաշտաբ դինամիկ  ու հուզական խորությունը: Մադոյանը աղեղի սլացիկ շարժումներով նավարկեց Պագանինիի հակասական փոփոխությունների միջով՝ հուզական դանդաղ հատվածներից  կենսուրախ բաժիններ:

Համերգի վերջում՝ բուռն ծափահարություններից հետո Մադոյանը բեմ վերադարձավ և ներկայացրեց Կոմիտասի «Կռունկը», ինչը ամենազուսպ բրիտանացի հանդիսատեսին նույնիսկ մեծագույն հուզմունք պատճառեց:

Մադոյանի մենահամերգը Վեսթ Ռոուդ համերգասրահում անմոռանալի երեկո էր բրիտանացի, հայ և այլազգի ունկնդիրների համար: Համերգի հաջողության մեջ մեծ ներդրում ունեցան Քեմբրիջի ներկայիս հայազգի ուսանողները, հայ շրջանվարտները և համերգի կազմակերպիչը՝ Բրիտանահայ միությունը։ Ներկայիս անկախատեսելի ժամանակներում, էլ ավելի կարևոր է հայ մշակույթային արժեքները ու երաժշտական նվաճումները ներկայացնել այնպիսի կրթօջախներում, ինչպիսին է Քեմբրիջը՝ աշխարհի խոշորագույն գիտական և մշակութային կենտրոններից մեկը։ Քեմբրիջի իր առաջին փայլուն մենահամերգի հաջողությունից հետո՝ Մադոյանը կրկին հրավիրվել է մենահամերգի նոր ծրագրով:

Նիկոլայ Մադոյանի ապրիլի 25-ի համերգը Քեմբրիջի երաժշտասեր հասարակությանը կներկայացնի եվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մի նոր ընտրանի։ Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-ամյակին։

Հասմիկ Սեյմուր

Լոնդոն

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում