Ապրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։
Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։
Իր խոսքում Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Բելգիայի խորհրդարանին Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին մշտական ուշադրության համար՝ ընդգծելով Բելգիայի կառավարության կազմավորման հուշագրում Հայաստանին աջակցության ամրագրումը։ Այդ համատեքստում Տիգրան Բալայանը կարևորեց հայ-բելգիական փոխգործակցության խորացումը, ինչին նպաստում է Երևանում Բելգիայի դեսպանության առկայությունն ու ակտիվ գործունեությունը։

Խորհրդարանական լսումներին դեսպան Բալայանը նշեց, որ նույնիսկ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից հետո, Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին՝ առաջարկելով փակել թշնամության էջը և խաղաղության համաձայնագրի կնքումով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել, ինչը թույլ կտա համագործակցել հանուն տարածաշրջանի կայուն և բարգավաճ ապագայի։ Նա կարևորեց միջազգային հանրության հետևողական ջանքերն իրավիճակի սրացումը կանխելու և Հայաստանի կառուցողական նախաձեռնությունները կյանքի կոչելու ուղղությամբ։
Պատգամավորների հարցերին արձագանքելով դեսպան Բալայանը համապարփակ կերպով ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերությունը, «Խաղաղության խաչմերուկ նախագիծը», Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով իրականացվող աշխատանքները։
Ըստ Արմենպրեսի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ տեղահանված արցախահայությունն ունի վերադարձի իրավունք՝ միջազգային իրավունքի համաձայն։ Կարապետյանն ասաց, որ Շվեյցարիան արդեն ընդունել է այս հարցով օրենք, և Բելգիան նույնպես պետք է աջակցի նման նախաձեռնություններին ու հստակ դիրքորոշում ունենա արցախահայության և ռազմագերիների պաշտպանության հարցում։
«Աջակցություն Արցախին» ասոցիացիայի հիմնադիր, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, որը Փարիզից տեսակապով էր միացել լսումներին, իր խոսքում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ միջազգային կազմակերպությունների զեկույցները փաստում են, որ Ադրբեջանը նպատակադրված է եղել արցախահայությանը զրկել իր իրավունքներից, ահաբեկել, ճնշել և ի վերջո՝ ստիպել լքել իրենց տները։ Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, գերեզմանները և պատմամշակութային ժառանգությունը, որպեսզի կանխի հայերի վերադարձը։
Հովհաննես Գևորգյանն իր ելույթում միջազգային հանրությանը կոչ արեց վերլուծել այս նախադեպը և ճանաչել Ադրբեջանի քաղաքականությունը որպես հայերի վերացման համակարգված ծրագիր։ Գևորգյանը վստահ է՝ Հայաստանը միջազգային հանրության կողմից չի ստացել բավարար պաշտպանություն, և այժմ ստիպված է ենթարկվել Բաքվի պարտադրած պայմաններին։
Հովհաննես Գևորգյանը նաև կոչ արեց, որպեսզի 10 երկրներ միավորվեն ու նախաձեռնեն ԵԱՀԿ-ի հատուկ կոմիտե՝ հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խախտումները հետաքննելու համար։ Իր ելույթի ավարտին նա հավելեց, որ Բելգիայի և մյուս ժողովրդավարական երկրների աջակցությունը վճռորոշ է։
Լսումների ներկա պատգամավորներն իրենց ելույթներով ու հարցադրումներով ցանկացան իմանալ, թե ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ կարող են իրենք անել Հայաստանին և արցախահայությանը օգտակար լինելու համար։
Դեսպան Բալայանը նշեց, որ կարևոր է ստեղծել մի մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի շարունակական կերպով հետևել արված գործերին։ Բալայանը ցավով արձանագրեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները նոր նախապայմաններ են սկսել առաջ բերել։ Դեսպանը նշել է, որ հստակ երևում է՝ ադրբեջանական իշխանությունները շահագրգռված չեն խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Խոսելով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին՝ Բալայանն առաջարկեց ստեղծել անկախ բժիշկների խումբ, որոնք կարող են այցելել Բաքվում հայ գերիներին ու տեղում ծանոթանալ նրանց առողջական իրական վիճակին։
Ներկայացված բանաձևի նախագծի համահեղինակ, պատգամավոր Միշել դը Մաեգդն էլ իր խոսքում նշեց, որ իրենք պարզապես տարածքային հակամարտության ականատեսը չեն, այլ բախվում են ինքնության ջնջման քաղաքականությանը։ «Մի ամբողջ ժողովուրդ արմատախիլ է արվել, նրա հաստատությունները վերացվել են, նրա հիշողությունը ոչնչացվում է», – ասաց պատգամավորը։
Դը Մաեգդը նշել է, որ այս իրավիճակի առջև իրենք պատասխանատվություն ունեն՝ պաշտպանելու հիմնարար իրավունքները, կանխելու միջազգային իրավունքի լուրջ խախտումների անպատժելիությունը։
«Մեր դիվանագիտությունը պետք է գործի վճռականորեն, բայց նաև հետևողականորեն։ Խաղաղությունը չի կառուցվում մոռացության վրա։ Այն կառուցվում է ճշմարտության, արդարության և հիշողության վրա»,-եզրափակել է Միշել դը Մաեգդը։
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Բելգիայի Ներկայացուցիչների պալատի առաջիկա նիստերից մեկի ժամանակ։
orer.eu



