Այսօր պաշտոնապես բացվեց Հայկական տաղավարը Լայպցիգի Գրքի 2025 ցուցահանդեսին։
Ցուցահանդեսի ընթացքում անցկացվում են միջոցառումներ՝ ի նշանավորումն Ավետիք Իսահակյանի 150-ամյակի: Ի թիվս մի շարք միջոցառումների՝ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Լայպցիգի գրքի տոնավաճառի կազմակերպիչներին՝ Հայաստանը կրկին այդ հեղինակավոր հարթակում ներկայացնելու հնարավորության համար, որին մեր երկիրը մասնակցում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների շրջանակում։
«Մեր մասնակցությունը Լայպցիգի գրքի տոնավաճառին Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային համագործակցության խորացման վկայություններից մեկն է։ Բարձր ենք գնահատում այս կապերն ու համոզված ենք, որ գրականությունը՝ որպես ամենազորեղ մշակութային գործիքներից մեկը, կարող է ոչ միայն փոխըմբռնում ձևավորել, այլև նոր կամուրջներ ստեղծել մեր ժողովուրդների միջև։
Այս տարի մենք Հայաստանը ներկայացնում ենք Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակում։ Իսահակյանը ոչ միայն հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից է, այլև եվրոպական մշակութային տարածքի հետ կապող յուրահատուկ կամուրջ։ Նրա ստեղծագործություններն արծարծում են ազատության, սիրո, հումանիզմի և համամարդկային արժեքների թեմաները, որոնք շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա օրերը հարստանալու են նոր համագործակցություններով, գրական բացահայտումներով ու ստեղծագործական շփումներով։
Նշենք, որ Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսից հետո նախատեսվում է «Վարպետը» ֆիլմի ցուցադրությունը:
Ելույթներով հանդես եկան նաեւ.
• Տաթևիկ Սուքիասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրատարակչական ծրագրերի պատասխանատու,
• Արմինե Ավետիսյանը, Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն
Դուդուկի նվագակցությամբ հանդես եկավ Թիլման Լյուդվիգը։

Գրքի ցուցահադեսի հայկական ծրագիրը հետեւյալն է՝
Armenischer Nationalstand auf der Leipziger Buchmesse 2025
(Messestand Armeniens, Halle 4, E304)
Մարտի 27
Ժամը 12:00-պաշտոնապես կբացվի Հայաստանի ազգային տաղավարը (Messestand Armeniens, Halle 4, Stand E304)
Ժամը 10:30-Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդես
Globale Perspektiven (Halle 4, Stand E305)
Ժամը 15:00-«Վարպետը» ֆիլմի ցուցադրություն
Café Europa (Halle 4, Stand E401)
Մարտի 28
Ժամը 17:00-Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների գերմաներն հրատարակության շնորհանդես
Globale Perspektiven (Halle 4, Stand E305)
Ժամը 18:00 Անուշ Քոչարյանի նոր գրքի ընթերցում
Lesung der Gewinnerin der armenischen Literaturresidenz in Leipzig
Café Europa (Halle 4, Stand E401)
Մարտի 29
Ժամը 13:00-բանախոսություն՝ «Հայ գրականության զարգացման միտումները» խորագրով՝ արձակագիր, կինոսցենարիստ Արամ Խաչատրյան
(Messestand Armeniens, Halle 4, E304)
Ժամը 13:30-ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված Անուշ Սարգսյանի «Անոն» գերմաներեն ժողովածուի շնորհանդես (Անկախ հրատարակիչների բեմում):
Ժամը 17:00-Անուշ Սարգսյանի «Անոն» գերմաներեն ժողովածուի շնորհանդես (Sociocultural Center):
orer.eu



