Ինչպես ORER.EU-ն տեղեկանում է օրերս հրատարակված Ռումինիայի Հայոց միության «Նոր կյանք» ամսագրից, Ռումինիայի Հայոց միությունը կրկին հաղթահարել է խորհրդարանի ընտրական շեմը եւ 4747 քվեով Վարուժան Փամբուկչյանը ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի անդամ։ Նշենք, որ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համար պահանջվում էր նվազագույնը 1269 ձայն։ Ինչպես նշում է իր հոդվածում Վարդան Մարթայանը, հատկանշական է, որ արտասահմանից ստացված 173 ձայներից 7-ը գրանցվել են Հայաստանում։
«Հաշվի առնելով մեր ռումինահայ ազգակիցների ժողովրդագրական վիճակը եւ իրական թիվը, առանց սխալվելու կարող ենք ասել, որ ընտրություններում գրանցված արդյունքը մեծ հաջողություն է մեր ազգային միության եւ համայնքի համար։ ….գրանցված արդյունքը խոսում է հայազգի պատգամավորի նկատմամբ ընտրողների ունեցած համակրանքի եւ վստահության մասին, եւ միաժամանակ վկայում է Ռումինիայում հայերի բարի անվան եւ վայելած պատվի մասին»,- գրում է Վարդան Մարթայանը։
Հեղինակը նաեւ իրատեսորեն կոչ է անում, որ չպետք է այս ընտրությունների արդյունքներից հարբել ու իրականությունից կտրվել, այլ հարկ է պայծառատեսորեն դիտարկել իրականությունը։
«Այսօրվա դրությամբ մեր համայնքի վիճակը, մեղմ ասած, ամենեւին էլ վարդագույն չէ. Նույնիսկ Հայաստանից ներգաղթի պայմաններում ռումինահայերի թիվը անշեղորեն նվազում է , …գրեթե զրոյացել է հայերենի իմացությունը հատկապես նոր սերնդի մոտ։ Երկրի խորհրդարանոմւ պատգամավոր ունենալը չի վկայում մեր համանյքի կենսունակության մասին, այլ, պատկերավոր ասած, ապահովում է մեր կիսամեռած մարմնի արհեստական շնչառության սարքին միացված պահելը եւս չորս տարի»,- գրում է հեղինակը։
Իհարկե, հայ համայնքը պետական ֆինանսավորում է ստանում, ինչը թարմ օդի նման խթանում է ազգային կյանքը, բայց այն չի կարող փոխարինել մեր ինքնության կորիզը հանդիսացող ինքնագիտակցություն/մայրենի երկյակը։
Հեղինակի հիմնական պատգամն է` ոչ թե շարունակել ապրել պատրանքով, այլ սթափվել եւ առերեսվել իրականությանը։
Orer.eu



