Վարուժան Փամբուկչյանը կրկին ընտրվել է Ռումինիայի խորհրդարանի անդամ. Հայերենի իմացության խնդիրը մնում է արդիական.  «Նոր կյանք»

  • 20.02.2025
  • 0
  • 1199 Views

Ինչպես ORER.EU-ն տեղեկանում է օրերս հրատարակված Ռումինիայի Հայոց միության «Նոր կյանք»  ամսագրից, Ռումինիայի Հայոց միությունը կրկին հաղթահարել է խորհրդարանի ընտրական շեմը եւ  4747 քվեով Վարուժան Փամբուկչյանը ընտրվել է  Ռումինիայի խորհրդարանի անդամ։ Նշենք, որ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համար պահանջվում էր նվազագույնը 1269 ձայն։ Ինչպես նշում է իր հոդվածում Վարդան Մարթայանը, հատկանշական է, որ արտասահմանից ստացված 173 ձայներից 7-ը գրանցվել են Հայաստանում։

«Հաշվի առնելով մեր ռումինահայ ազգակիցների ժողովրդագրական վիճակը եւ իրական թիվը, առանց սխալվելու կարող ենք ասել, որ ընտրություններում գրանցված արդյունքը մեծ հաջողություն է մեր ազգային միության եւ համայնքի համար։ ….գրանցված  արդյունքը խոսում է հայազգի պատգամավորի նկատմամբ ընտրողների ունեցած համակրանքի եւ վստահության մասին, եւ միաժամանակ վկայում է  Ռումինիայում հայերի բարի անվան եւ վայելած պատվի մասին»,- գրում է  Վարդան Մարթայանը։

 Հեղինակը նաեւ իրատեսորեն կոչ է անում, որ չպետք է այս ընտրությունների արդյունքներից հարբել ու իրականությունից կտրվել, այլ հարկ է պայծառատեսորեն դիտարկել իրականությունը։

«Այսօրվա դրությամբ մեր համայնքի վիճակը, մեղմ ասած, ամենեւին էլ վարդագույն չէ. Նույնիսկ Հայաստանից ներգաղթի պայմաններում ռումինահայերի թիվը անշեղորեն նվազում է , …գրեթե զրոյացել է հայերենի իմացությունը հատկապես նոր սերնդի մոտ։ Երկրի խորհրդարանոմւ պատգամավոր ունենալը չի վկայում մեր համանյքի կենսունակության մասին, այլ, պատկերավոր ասած, ապահովում է մեր կիսամեռած մարմնի արհեստական շնչառության սարքին միացված պահելը եւս չորս տարի»,- գրում է հեղինակը։  

Իհարկե, հայ համայնքը պետական ֆինանսավորում է ստանում, ինչը թարմ օդի նման խթանում է ազգային կյանքը, բայց այն չի կարող փոխարինել մեր ինքնության կորիզը հանդիսացող ինքնագիտակցություն/մայրենի երկյակը։ 

Հեղինակի հիմնական պատգամն է` ոչ թե շարունակել ապրել պատրանքով, այլ սթափվել եւ առերեսվել իրականությանը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում