«Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի». դեսպան Մկրտչյանի հրաժեշտի հանդիպումները Նիկոսիայում

  • 16.02.2025
  • 0
  • 339 Views

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը ` Աթենք)՝ Կիպրոսի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպումներ է ունեցել երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոյանների հետ։

Մասնավորապես , Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը բարձր է գնահատվել երկար սպասված եղբայրական պետություններում երկկողմ դեսպանությունների բացման գործընթացի սկիզբը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին երկկողմ և եռակողմ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով Կիպրոսի հետ ակտիվ երկխոսության, ինչպես նաև Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում Կիպրոսի անվերապահ աջակցության համար: Դեսպանը ներկայացրել է ԵՄ անդամության հայտ ներկայացնելու քաղաքացիական նախաձեռնությանը ընթացք տալու Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ, որին Հայաստանի Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ Հավանության է արձագանքել:

Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը, բարեփոխումները և եվրոպական մոդելի երկիր կառուցելու հետևողականությունը և վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը ընթացող գործընթացներին: Այս համատեքստում նա նշել է, որ Կիպրոսը 2026 թ․ առաջին կեսին նախագահելու է ԵՄ խորհրդում:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Կիպրոսի նախագահը հիշատակել է 2015թ. ԱԳ նախարարի կարգավիճակով Հայաստան իր այցը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով և նշել, որ երկկողմ հարաբերությունների առաջ մղման նպատակով առաջիկայում կնախատեսի այցելություն Երևան։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է նաեւ Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսի հետ:

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի ԱԳ նախարարին հայ-կիպրական երկխոսությունը բարձր մակարդակի վրա պահելու մեջ իր ներդրման համար, որի արդյունքում երկու երկրներում վերջապես մեկնարկում է վաղուց սպասված դիվանագիտական ներկայացուցչությունների բացման գործընթացը։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը։ Ինչպես նաև տեղեկացրել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման և ներկայումս ընթացող գործընթացի մասին։

Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է վերջին տարիներին Հայաստանի գրանցած նկատելի ժողովրդավարական առաջընթացը և ողջունել է ԵՄ-ին անդամակցության որոշման մեկնարկը՝ հայտնելով Կիպրոսի լիակատար աջակցությունը, այդ թվում և Հայաստանի ջանքերին` ուղղված տարածաշրջանային կայուն խաղաղության հաստատմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և երկուստեք շնորհակալություն են հայտնել միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում գնահատելի աջակցության համար։ Քննարկվել է առաջիկայում Կիպրոսի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցելելու հնարավորությունը։

Փետրվարի 13-ին դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի խորհդարանի խոսնակին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերում իր ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման համար, կարևորեց Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր մակարդակներում՝ առանձնացնելով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ակտիվության պահպանումը։ Այդ համատեքստում քննարկվեցին առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությունները։

Դեսպանը նաև տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի կողմից նախօրեին «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունման մանրամասները։

Ներկայացվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, տարածաշրջանային զարգացումները։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը պատասխանեց, որ ընդունել է Հայաստան այցելելու հրավերը՝ ավելացնելով, որ Հայաստանը Կիպրոսի համար ռազմավարական նշանակություն ունի։ Նա վերահաստատել է Կիպրոսի աներկբա աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։ Անիտա Դիմիտրիուն իր կողմից շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Կիպրոսին վերաբերող հարցերում մշտապես զորակցելու համար։

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը։

Այնուհետեւ դեսպան Տիգրան Մկրտչյանը Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի հետ։

ՀՀ դեսպանը կիպրացի խորհրդարանականին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերը և նախաձեռնությունները, անդրադարձել` տարածաշրջանային զարգացումներին։

Քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնվող օրակարգը, այդ թվում և Հայաստանի Ազգային Ժողովի կողմից նախօրեին “Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին” օրենքի նախագիծը հաստատելու հանգամանքը, ինչը կարևորոգույն հանգրվան է այդ հարաբերություններում։

ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և այդ համատեքստում անդրադարձել երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների ամենամյա փոխադարձ այցերին, հանդիպումներին և քննարկումներին, որոնք նշանակալի դեր ունեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջխորհրդարանական հարթակներում փոխադարձ աջակցության համար։

Հարիս Գեորգիադեսը շնորհակալություն է հայտնել դեսպան Տիգրան Մկրտչյանին վերջին երկու տարիների ընթացքում հայ-կիպրական ավանդական բարեկամական հարաբերություններում ունեցած իր ներդրման համար և ողջունել Կիպրոսում Հայաստանի կողմից դեսպանության բացման գործընթացի սկիզբը։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Նիկոսիայում հանդիպում է ունեցել նաեւ Կիպրոսի Ինստիտուտի նախագահ Ստավրոս Մալասի հետ։ Դեսպանն ընդգծել է, որ այդ գիտահետազոտական ինստիտուտի ձեռքբերումները տպավորիչ են ողջ Եվրոպայում և մեծ կարևորություն ունեն համաշխարհային մակարդակով։ Երկուստեք քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները։

Կիպրոսում Հայաստանի դեսպանը այցելել է նաեւ Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի և Հունաստանի խորհրդարանի կողմից համատեղ նախաձեռնած “1974. հիշողությունը մարդկության միակ հայրենիքն է” ( 1974: Η Μνήμη είναι η μόνη πατρίδα των Ανθρώπων) վերտառությամբ ցուցահանդես։

Ցուցահանդեսը նվիրված է 1974 թ. հեղաշրջման և թուրքական ներխուժման 50-ամյակին։ Ներկայացվում է կյանքը Կիպրոսում 1974 թ-ից առաջ և հետո. հեղաշրջումը, ներխուժումը, բռնի տեղահանությունը և անհետ կորածների պատմությունն ամբողջապես ներկայացվում են ցուցանմուշների հրաշալի հավաքածուների, այդ թվում Կիպրոսի տարբեր բնապատկերների, լուսանկարների, պաշտոնական փաստաթղթերի, գրքերի, նամականիշների, պաստառների, արվեստի նմուշների, կինոպատկերների ողբերգությունը վերապրածների վկայությունների միջոցով։

Նիկոսիա այցելության ավարտին Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Կիպրոսի Հայոց Առաջնորդարանում հանդիպեց Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանի հետ։

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը և Կոմիտաս Արք. Օհանեանը շոշափել են Կիպրոսի հայ համայնքին, հայ-կիպրական հարաբերություններին և Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող թեմաներ։ Կաթողիկոսական փոխանորդը իր օրհնությունը և բարեմաղթանքներն է փոխանցել դեսպան Տիգրան Մկրտչյանին։

Ավելացնենք, որ դեսպան Մկրտչյանը շարունակելու է իր առաքելությունը Աթենքում` շարունակելով ներկայացնել Հայաստանը Հունաստանում և Ալբանիայում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում