Մյունխենում վարչապետի հետ հանդիպմանը գերմանահայ որեւէ կարեւոր կազմակերպության ներկայացուցիչ չի մասնակցել. ներկա էին մյունխենահայերը եւ շրջակա քաղաքների հայերը, նաեւ՝ գերմանացիներ

  • 16.02.2025
  • 0
  • 445 Views

Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն , երեկ Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգին, բարեփոխումների գործընթացին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ՀՀ Կառավարության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին։

Սակայն ինչպես ՕՐԵՐ-ին հայտնել է Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ Յոնաթան Շփանգենբերկը. « Հանդիպումին չէին մասնակցած ոչ Հայոց Թեմը, ոչ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ոչ ալ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը կամ անոր անդամ համայնքի կազմակերպութիւններէն որեւէ մէկը։ Բացակայ էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրաւաբաններու Միութիւնը, Հայ Բժիշկներու Միութիւնը, Հայ Մասնագետներու Միութիւնը, Հայ Գործարարներու Միութիւնը, Հայ Ընդհանուր Բարեգործական Միութիւնը, Հայ Ակադեմիականներու Միութիւնը, Հայ Օգնութեան Միութիւնը, Հ.Մ.Ը.Մ.-ը, Հայ Երիտասարդական տարբեր Միութիւնները, եւ այլ կազմակերպութիւններ։ Չկար մէկ ճանչցուած անձնաւորութիւն կամ մտաւորական: Միւնիխի Հայ Միութեան նոր ընտրուած վարչութենէն ներկայ էր միայն մէկ անդամ»:

Հարց է առաջանում, թե ովքեր են ներկայացրել գերմանահայությանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ էության այս հարցին Յոնաթան Շփանգենբերկի ֆեյսբուքյան էջում այսօր մեկնաբանություն էր գրել Բավարիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մանու Դանիելյանը ։

Ըստ նրա. «Հանդիպումը կազմակերպված էր Մյունխենի և հարակից տարածքների բնակիչների համար, այդ պատճառով ZAD-ը , որի նստատեղը գտնվում է Քյլոնում, եւ քո նշած բոլոր կազմակերպությունները, Բեռլին, Բոխում Ֆրանկֆուրտ, Դորթմունդ….չշարունակեմ այսինքն ՈՉ հարակից տարածքներ են։ Երբ նշում ես, որ ոչ մի կարևոր կազմակերպության անդամ կամ ներկայացուցիչ չկար, կրկին թյուր ինֆորմացիա ես տարածում , կարդացողներին գցում մոլորության մեջ և հրահրում ներկաների հանդեպ, որոնց հետ ի դեպ դու ինքդ համագործակցել ես և որոնք փորձել են քեզ աջակցել քո գործում… Ներկաների թվում էին՝ Պատվո հյուպատոսը, այստեղ և Հայաստանում հասարակական և քաղաքական բնագավառում ակտիվ մի քանի մարդիկ, քաղաքական գործիչներ , գրողներ, լրագրողներ, բիզնեսմեններ, որոնց անունները ես էստեղ չեմ նշի, մարդիկ որոնք ՔՈ ՆՇԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ։ Երիտասարդների կողմից ներկա էր այս տարվա Սփյուռքի երիտասարդ դեսպանը ` ի դեմս Ինձ։ Ներկա էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ` վարչական անդամներ և ոչ միայն»։

Խմբագրության կողմից- Այստեղ պարզ է դառնում, որ հիմնական թյուրըմբռնումը գալիս է կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունից։ Եթե գրվեր, որ վարչապետը հանդիպել է մյունխենահայության եւ շրջակա քաղաքների հայերի հետ, ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, իսկ երբ նշվում է գերմանահայություն, ապա դա նշանակում է առնվազն նաեւ կարեւոր համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Ի դեպ, մենք ճշտեցինք, որ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել։

Ավելին, այդ հանդիպմանը հնչեցված հարցերին ծանոթ մի աղբյուր էլ մեզ հայտնեց, որ տրվել են նաեւ բավականին սուր հարցեր, սակայն Փաշինյանը հստակ պատասխաններ չի տվել, ու մարդիկ զայրացած հեռացել են։ Իսկ նրան աջակցող մասը մնացել է եւ վարչապետի հետ լուսանկարվել։

orer.eu

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում