Փետրվարի 2-ին խորվաթական Դուբրովնիկում նշվեց քաղաքի տոնը եւ անցկացվեց հայ Սուրբ Վլախի 1053-րդ փառատոնը

  • 08.02.2025
  • 0
  • 430 Views

Սուրբ Բլասիուսը (Վլասիուսը, Վլախը)՝ Սեբաստիա քաղաքի 4-րդ դարի սկզբի հայ եպիսկոպոս էր, որը նահատակվելուց հետո, հռչակվեց համաքրիստոնեական սուրբ: Հայազգի եպիսկոպոսը դարեր հետո դարձավ Դուբրովնիկի հիմնական սուրբը, քաղաքի պահապանը։ Նա պատկերված է քաղաքի դրոշի վրա, իսկ նրա քանդակները տեղադրված են քաղաքի բոլոր անկյուններում: Դուբրովնիկի Սուրբ Վլախի եկեղեցում են այսօր պահվում հայ սրբի գլուխը, կոկորդը, աջ և ձախ ձեռքերն ու ոտքը։ Քաղաքում բոլորը գիտեն, որ նրանց սուրբ Վլախը՝ հայ էր, որի մասին տասնյակ հազարավոր հավաքվածներին մանրամասներ ներկայացրեց հանդիսավոր պատարագի գլխավոր քարոզիչ՝ Խորվաթիայում Պապական նվիրակ, արքեպիսկոպոս Ջորջիո Լինգուան:

Դուբրովնիկի քաղաքապետի հրավերով՝ Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց քաղաքի տոնին։ ՀՀ դեսպանը ներկա գտնվեց Դուբրովնիկի քաղաքային խորհրդի հանդիսավոր նիստին, փառատոնի բացման արարողությանը, հանդիսավոր պատարագին և թափորին, Դուբրովնիկի քաղաքապետի կողմից տրված ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ դեսպանությունից։

Միջոցառումների ընթացքում ՀՀ դեսպանը կարճատև զրույցներ ունեցավ Միջերկրականի ԵՄ հանձնակատար Դուբրավկա Շուիցայի և Խորվաթիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անդրո Կրստուլովիչ Օպարայի հետ:

Իսկ հունվարի 30-31-ին դեսպան Հովակիմյանն այցելեց Զագրեբի համալսարան և հանդիպումներ ունեցավ ռեկտոր Ստյեպան Լակուշիչի և Երաժշտական ակադեմիայի դեկան Իգոր Լեշնիկի հետ: Քննարկվեցին ընթացիկ համագործակցության զարգացման, նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:

«Erasmus+» փոխանակման ծրագրով Զագրեբի երաժշտական ակադեմիայում 2024-2025 ուսումնական տարում իրենց ուսումն են շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երկու ուսանողներ:

Դեսպան Հովակիմյանը հանդիպեց նաև Հայ-խորվաթական համայնքի նախագահի, փոխնախագահի և անդամների հետ: Քննարկվեցին մշակութային միջոցառումների անցկացման համատեղ ծրագրերը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում