Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները

  • 23.01.2025
  • 0
  • 294 Views

Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight)  խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Նախորդ օրը՝ հունվարի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես միջխորհրդարանական համագործակցության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության վերաբերելի հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ակտիվ փոխգործակցությունն ու երկխոսության ընդլայնումը, ինչը նպաստում է ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է ԵՄ երկրների աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում և շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը՝ ռեֆորմների հավակնոտ օրակարգն արդյունավետ իրականացման գործում:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը և նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի: Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները:

Հայաստանում են Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը եւ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը:

Հունվարի 23-ին, պատվիրակները կմասնակցեն «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկմանը:

Ըստ պաշտոնական աղբյուրների

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում