Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան Պրահայում հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Համատեղ հանդիպման հիմնական թեմաներն էին Չեխիայի աջակցությունը Հայաստանի եվրոպամետ կողմնորոշմանը, երկու օրենսդիր մարմինների միջև համագործակցության շարունակականությունը և հայ-չեխական առևտրային փոխանակման առավել ինտենսիվ հնարավորությունները։
Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հոկտեմբերի 17-ին Պրահայում բանակցություններ է վարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։


«Մենք երկարաժամկետ համագործակցություն ունենք Հայաստանի հետ եւ աջակցում ենք նրա եվրոպամետ կողմնորոշմանը ոչ միայն Արեւելյան գործընկերության շրջանակներում, այլեւ, օրինակ, քաղաքացիական հասարակության դերի ամրապնդմանը՝ երկկողմ նախագծերով։ Ուրախ եմ, որ մեր երկրների միջև խորհրդարանական շփումները խորանում են, և համոզված եմ, որ այս դրական միտումը կշարունակվի»,- ասել է Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։
Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Հայաստան էր այցելել Ներկայացուցիչների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի պատվիրակությունը: Իսկ Պեկարովա Ադամովան այս տարեսկզբին պաշտոնական այցով եղել է Երևանում, ուր նրան ուղեկցում էր գործարարների պատվիրակությունը, որը կենտրոնացած էր հիմնականում դինամիկ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա։
«Բացի ՏՏ-ից, չեխ-հայկական գործարար համագործակցության հեռանկարային ոլորտներն են, օրինակ, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, ջրի եւ թափոնների կառավարումը։ Մեր երկիրը հայտնի է նաև իր էներգետիկ ավանդույթներով։ Բացի ատոմակայանների արդիականացումից, մենք կարող ենք նաև բարձրորակ լուծումներ տալ վերականգնվող ռեսուրսների և հիդրոէներգետիկայի ոլորտում», – ավելացրել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։
Չեխական ընկերությունների հետագա պոտենցիալ համագործակցության նոր հնարավորություններ և ազդակներ են առաջարկվում նաև Հայաստանում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման, հանքարդյունաբերության տեխնոլոգիաների մատակարարման կամ գարեջրագործության ոլորտում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հատուկ շեշտադրմամբ խոսել է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներից ու երկրում իրականացվող բարեփոխումներից` նշելով, որ Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Ալեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին` ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ առկա տնտեսական ներուժին` նշելով, որ կա այն իրացնելու լայն հնարավորություն:
Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Պատգամավորների պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:


Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:
orer.eu




