ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 15-ին Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը:
Հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը՝ երբեք այսքան ամուր չեն եղել և մասնավորապես հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն:
ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերութունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:
Կոնֆերանսի երկրորդ մասում Արմեն Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին:
Աղբյուր՝ Armenpress
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Կողմերը նաև անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերին, որոնց շրջանակներում ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:




