Հունիսի 15–ին Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որին ներկա են գտնվել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, իսկ Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների ղեկավարները, ինչպես նաեւ սփյուռքյան գլխավոր կառույցների առաջին դեմքերը բացակայել են։ Հարց է ծագում՝ նրանք հրավիրվա՞ծ են եղել, բայց չեն եկել, թե՞ ընդհանրապես հրավեր չեն ստացել։
Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստը մեկնարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի բացման խոսքով: Նախագահը ողջունել է տարեկան միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ:
Հոգաբարձուների խուրհուրդը լսել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը։ Ներկայացվեցին Հայաստանում իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական և լայնածավալ ծրագրերը:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2023 թվականի տարեկան ֆինանսական և գործունեության հաշվետվությունները, 2024 թվականի տարեկան բյուջեն, հոգաբարձուների խորհրդի գործունեությունը, գույքի տնօրինումը, աշխատանքային ներքին կանոնակարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նոր անդամի նշանակումը։ Հիմնադրամի կայքէջը այլ մանրամասներ չի հաղորդում։
orer.eu



