Օրերս Դորտմունդի “Մենք” երիտասարդական միությունը հյուրընկալել էր գերմանահայ բանաստեղծուհի Արմինե Սարգսյանին և իսպանաբնակ բանաստեղծ Արարատ Ղուկասյանին։
2019 թվականից գործող այս հայկական կազմակերպությունը, իր հնգամյա գործունեության ընթացքում, բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների նախաձեռնողն է, որոնցից հիշատակության են արժանի Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչումները, հայկական կրթօջախի, պարի և այլ խմբերի հիմնումը, “Հայաստանի Փոքրիկ երգիչներ” երգչախմբի համերգների կազմակերպումը քաղաքում, արդեն ավանդույթ դարձած ինտելեկտուալ խաղերի ամենամյա անցկացումը և, անշուշտ, վերոնշյալ և նմանատիպ այլ հանդիպումների իրականացումը։

Մտավորական հյուրերի հանդիպումը համընկել էր հենց այս տարվա ինտելեկտուալ մրցույթի հետ։ Մինչև հանդիպումը, երեք երիտասարդական թիմեր մեծ ոգևորությամբ մասնակցեցին մրցույթին` ակտիվորեն պատասխանելով հարցերին, ցուցադրելով հայագիտության ոլորտում իրենց գիտելիքները և ձգտելով նվաճել հաղթանակը։
Բանաստեղծների հետ հանդիպման ընթացքում, “Մենք” միության անդամ Ռիտա Ղուկասյանը ներկայացրեց հեղինակներին և նրանց աշխատությունները` մի քանի ստեղծագործություններ ասմունքելով Արմինե Սարգսյանի “Անվերնագիր հուշեր” և Արարատ Ղուկասյանի “Ժամանակի հետքերով” ժողովածուներից։
Ասմունքներով հանդես եկավ նաև Լիանա Ղազարյանը, իսկ ահա Օվսաննա Սուքիասյանը, ով նաև պարուսույց է համայնքում, մի քանի երաժշտական համարներ ներկայացրեց հանդիսատեսին։ Այնուհետև խոսքը փոխանցվեց հեղինակներին, ովքեր հակիրճ ներկայացրեցին ժողովածուների ստեղծման պատմությունը և մի քանի ստեղծագործություններ էլ հենց իրենք ընթերցեցին։ Իսպանիայի հայ համայնքը ներկայացնող Արարատ Ղուկասյանը նաև խոսեց իսպանահայության և երկրում հայկական հետքի մասին։ Հանդիպմանն ակտիվորեն մասնակցող հանդիսատեսը բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր ուղղեց հյուրերին, որոնցից էլ առանցքային հրամայական առաջացավ միջհամայնքային սերտ կապերի և տարբեր նախաձեռնությունների կազմակերպման շուրջ։
“Արարատ” հայկական միություն
Վալենսիա
Իսպանիա






