Լևոն Լաճիկյանի «Գյումրի և ավելին» խորագրով ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում

  • 29.04.2024
  • 0
  • 1153 Views

«Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում բացվել է անվանի գեղագետ, ԵՊՀ դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի 18-րդ անհատական ցուցահանդեսը՝ «Գյումրի և ավելին» խորագրով:
Իր բացման խոսքում «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը նշեց, որ իրենք միշտ էլ հյուրընկալորեն են բացում իրենց դռները թե՛ սկսնակ և թե արվեստում իրենց վաղուց հաստատած արվեստագետների առջև: Վերջինների թվում է Լևոն Լաճիկյանը, ով երկար տարիներ եղել է «Ազգ» թերթի մշակութային մեկնաբանը, իսկ այժմ դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ կրթելով բանիմաց սերունդներ:

Գրող-հրապարակախոս Մարտին Հուրիխանյանը, բնութագրելով արվեստաբան-գծանկարչին, մասնավորապես ասաց. «Լևոնի պարագայում անվիճելին այն է, որ նրա ներսում մրցակցում են շնորհալի լրագրողը, նուրբ գեղագետն ու տաղանդավոր գծանկարիչը, ու չգիտես՝ ո՛ր մեկին առավելություն տաս։ Մի բան անկասկած է՝ նրա գիծը և՛ գույն է, և՛ գեղագիտություն, և՛ հոգեբանություն, և՛ փիլիսոփայություն»։

Իրոք, ցուցադրված շուրջ 7 տասնյակ աշխատանքները գրավում են թե՛ գծերի նրբությամբ և թե՛ մեղմ գուներանգների ներդաշնակ համադրությամբ: Դրանք տեսարաններ են նախ՝ Գյումրիից, ապա և աշխարհի գեղեցկագույն քաղաքներից, ուր եղել է հեղինակը՝ Փարիզ, Մարսել, Վենետիկ, Պրահա, Կ.Պոլիս և այլն: Տպավորում են նաև Լևոն Լաճիկյանի գրաֆիկական եկեղեցապատումի գործերը՝ Սինգապուրից մինչև Ոսկեպար…

Այդ ամենը արժանիորեն գնահատեցին ցուցահանդեսի բացմանը ներկա արվեստասերները ու նրանց մեջ՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բագրատ Նազարյանը, լոնդոնահայ բարերար Թոնի Քահվեն, «Շիրակ» հայրենակցականի նախագահ Վարազդատ Ավոյանը, ԵՊՀ դասախոսներ, բազում արվեստագետներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև մայիսի 7-ը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում