Փյունիկ ֆուիբոլային ակումբը խորը կսկիծով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
«Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին:
«Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին:
Լույսերի մեջ մնա՛ս, մեր սիրելի Դավի՛թ»,- ասվում է ակումբի հայտարարույթան մեջ։
Իր հերթին, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն էլ հանդես է եկել ցավակցական խոսքով, որում ասվում է. «Ցավով տեղեկացնում ենք, որ 27 տարեկանում մահացել է մեր ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանը, որը երկու ամիս պայքարում էր հիվանդության դեմ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթի բոլոր հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին:
Դավիթն «Ուրարտու»ում աշխատել է շուրջ 4 տարի՝ զբաղեցնելով բաժնի ղեկավարի, Գործադիր տնօրենի, այնուհետև Կոմերցիոն հարցերով փոխտնօրենի պաշտոնները։ Ակումբի աշխատակից լինելու ամբողջ ընթացքում Դավիթը մեծ աշխատանք է կատարել. կատարելագործել և նոր մակարդակի է բերել ակումբի մամուլի ծառայության աշխատանքը, կազմակերպել վետերանների միջև ամենամյա Simon Cup մրցաշարը, մեծ ներդրում է ունեցել եզակի ակումբային թանգարանի բացման և ակումբի պատմական իրադարձությունների մասին մի քանի վավերագրական ֆիլմերի նկարահանման գործում. այս ամենի և շատ ավելիի համար ակումբը հավերժ երախտապարտ կլինի նրան…»։
Դավիթ Մարտիրոսյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել հայկական ֆուտբոլում, ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Լրագրության ֆակուլտետը: 2012 թվականից մինչև 2020-ը թղթակցել է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթին: Դավիթը աշխատել է «Միկա» ու «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբների մամուլի բաժնում: 2019-ից Մարտիրոսյանը համալրել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։ Մարտիրոսյանը նաև հանդիսանում էր Newmag հրատարակչատան սպորտային մատենաշարի ղեկավարը: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի հունվարից:
Նա հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի թոռն է, «Ֆուտբոլ Պլյուս» մարզական թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանի որդին։
Չնայած երիտասարդ տարիքին, նա ֆուտբոլային աշխարհում բոլորի կողմից հարգված ու սիրված գործիչ էր՝ իբրեւ իր գործի հմուտ գիտակ ու անսահման բարի մարդ։
ՕՐԵՐ ամսագրի խմագրակազմը խորապես ցավակցում է Դավիթի ծնողներին՝ Աշոտ եւ Լուսինե Մարտիրոսյաններին, Սուրեն Բաղդասարյանին, Լեւոնին, ընտանիքի անդամներին ու հարազատներին սիրելի զավակի, թոռան ու եղբոր անհավատալի կորստյան առիթով։ Աստված հոգին լուսավորի։
orer.eu