Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում

  • 25.03.2024
  • 0
  • 453 Views

Մարտի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Մայր Աթոռի շրջափակում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:

Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը։

Դանիել Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, խոսեց անցնող շաբաթների նշանակության մասին` ընդգծելով, որ յուրաքանչյուր կիրակի կարևոր հանգրվան է Եկեղեցու և հավատացյալի կյանքում, իսկ Ծաղկազարդի խորհրդով դուռ է բացվում դեպի մեր Փրկչի Հարության տոնակատարություններ։

Վերջում պատարագիչ Սրբազանը աղոթք վերառաքելով առ Աստված, դիմեց հավատավոր ժողովրդին՝ հորդորելով Ծաղկազարդի խորհրդով լցված ընթանալ փրկություն ճանապարհով։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնի առթիվ Մայր Աթոռի Սոցիալական Ծառայության գրասենյակը կազմակերպել էր հայաստանյան բոլոր թեմերից ավելի քան 600 արցախցի մանուկների և իրենց ծնողների այցելությունը Սուրբ Էջմիածին։

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Տաճարի զանգակատան առջև, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ, որից հետո արցախցի երեխաներին ընծայվեց Աստվածաշունչ մատյաններ, աղոթագրքեր և խաչեր։

Այնուհետև արցախցի ընտանիքների համար Մայր Աթոռի միաբանական սեղանատանը կազմակերպվեց հյուրասիրություն, իսկ Էջմիածնի հայորդյաց տանը՝ համերգային ծրագիր։

Ծաղկազարդին նվիրված ժամերգություն տեղի ունեցավ նաեւ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, որն անցկացրեց Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Վերջում Հայր սուրբը կատարեց մանուկների օրհնության կարգ եւ ներկաներին բաժանեց Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ժամը 17-ին տեղի կունենա Ոտնլվայի արարողություն։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում