
Մետրոպոլիտեն օպերան հայտարարել է Էրիկ և Դոմինիկ Լաֆֆոնտների մրցույթի հինգ հաղթողներին։ 25ամյա հայ բարիտոն Նավասարդ Հակոբյանն այդ հինգ երջանիկների թվում է, եւ միայն ինքն է, որ արժանացել է մրցույթի անվանակիր Դոմինիկ Լաֆֆոնտի մրցանակին(Dominique Laffont Award) եւ միակ ոչ ամերիկացին է՝ ներկայացնում է Հայաստանը։
Հաղթողների թվում են նաեւ 24-ամյա տենոր Դանիել Էսպինալը Ֆլորիդայից, արժանացել է Faith P. Geier մրցանակին, 28 ամյա սոպրանո Լիդիա Նյու Սեքսիկայից, արժանացել է Ֆերնան Լամեշի մրցանակին, 28-ամյա մեցցո-սոպրանո Մերիդիան Փրալը Ինդիանայից, արժանացել է Պատրիսիա Միսլինի մրցանակին, 26-ամյա սոպրանո Էմիլի Ռիխտերը Արլինգտոնից ստացել է Ամերիկա-սկանդինավյան հիմնադրամի Birgit Nilsson մրցանակը։ Հաղթողներից յուրաքանչյուրին տրվել է $20,000 դրամական մրցանակ՝ ի լրումն կարիերային նպաստող մի քանի հնարավորությունների և բացահայտումների:

Այնուհետեւ 2024 թվականի մարտի 17-ին տեղի է ունեցել Laffont Grand Finals համերգը, որին եզրափակիչի յուրաքանչյուր մասնակից դիրիժոր Էվան Ռոջիստերի և Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբի հետ կատարել է երկու արիա:
Իսկ նախօրեին Դալլասի օպերայում տեղի էր ունեցել Նավասարդ Հակոբյանի առաջնախաղը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ում։
Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 5-ին աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի «Օպերելիա» հանրահայտ օպերային մրցույթում երիտասարդ շնորհալի բարիտոն Նավասարդ Հակոբյանն արժանացավ երկու մրցանակի՝ The Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին եւ երրորդ տեղի մրցանակին։ Մրցույթից հետո Նավասարդը ՕՐԵՐ-ի հետ կիսվեց իր տպավորություններով։ Հարցազրույցի հղումն այստեղ՝ «Պլասիդո Դոմինգոյին լսելով՝ ես բացահայտել եմ դասական ժանրը». ասում է «Օպերալիա» մրցույթի կրկնակի մրցանկակակիր Նավասարդ Հակոբյանը – Orer
Չեխաբնակ մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ 2024 թվականի մայիսի 22-ին Պրահայի Novoměstská radnice -ի պատմական դահլիճում տեղի կունենա Նավասարդ Հակոբյանի մենահամերգը՝ դաշնակահար Ահմադ Հեդարի նվագակցությամբ։ Համերգի տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ հղումով՝ Projekty | Nachtigall Artists
Կրկին շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցին եւ մաղթում նորանոր բարձրունքներ եւ հաջողություններ։
Հակոբ Ասատրյան
Orer.eu



