Փետրվարի 28-ին Բեռլինում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Ավելի վաղ երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունները:
Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Բեռլինում հանդիպման և բանակցությունների անցկացման համար։
orer.eu




