«Խոջալու»ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը. Այազ Մութալիբով

  • 26.02.2024
  • 0
  • 445 Views

Փետրվարի 26-ը օկուպանտ Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» օրն է:

1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան (Խոջալու) ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության համար:

Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված ջոկատներն Ակնայից 3կմ հեռավորության վրա գնդակահարել են Իվանյանի թուրք-մեսխեթցի բնակչությանը, անարգել դիակները և դրա մեղավոր հայտարարել հայկական կողմին: Նման վայրագության նպատակն այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելն էր: Սակայն, օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին կատարվածի մեջ:

Տեղի ունեցած դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ ժողճակատը, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից:                         

(Ի դեպ, ՕՐԵՐի կողմից ավելացնենք, որ այդ հարցազրույցի հեղինակը չեխ լրագրող Դանա Մազալովան է, ով մի քանի տարի առաջ կնքեց իր մահկանացուն)։

«Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…»,-1992թ. ապրիլի 1-ին տպագրված հարցազրույցում Մազալովայի հարցին Մութալիբովը պատասխանել էր.

«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»:

22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը, մասնավորապես, ասելով. «…ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը:»:

Հղումը՝ ստորև.

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                                                                         

քաղաքագետ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում