Մայր Աթոռը պատմության նոր դասագրքի ստեղծման կողմնակից է, կրթության նախարարությունը՝ նոր փորձաքննության անցկացմանը 

  • 22.12.2023
  • 0
  • 190 Views

Դեկտեմբերի 21-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հայրենական կյանքի կրթական հիմնախնդիրներին նվիրված քննարկում։

 Քննարկմանը մասնակցում էին Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի հոգևորական և աշխարհական անդամները, կրթական հաստատությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ճանաչված մտավորականներ ու մասնագետներ։ Քննարկվեցին հանրակրթության բնագավառում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած փոփոխություններին առնչվող հարցեր։ Մասնակիցները վերահաստատեցին հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերաբերյալ արտահայտած վերապահումները, մասնավոր անդրադարձ ունեցան «Հայոց Պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքին։ Արձանագրվեց, որ դպրոցական հիշյալ ձեռնարկում տեղ են գտել հայեցակարգային, մեթոդաբանական, գիտական, այդ թվում եկեղեցագիտական և կարևորագույն այլ բնույթի կոպտագույն սխալներ ու բացթողումներ։ Խոր մտահոգությամբ արձանագրվեց, որ դասագրքում օբյեկտիվությամբ ու պատշաճ ծավալով ներկայացված չեն ազգային, պետական ու հոգևոր կյանքի պատմական կարևորագույն իրադարձությունները, կերպարներն ու խորհրդանիշերը։

Ելնելով արտահայտված վերապահումներից՝ քննարկման մասնակիցները ընդգծեցին, որ աղճատված և սխալաշատ այս դասագրքի ուսուցմամբ խաթարվելու է սերունդների ազգային դաստիարակության ու կրթության կարևորագույն առաքելությունը։

            Անհրաժեշտ համարվեց, որ  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ դպրոցներում գործածվող վերոգրյալ դասագիրքը դուրս բերի գործածությունից և ձեռնամուխ լինի  նոր դասագրքի ստեղծմանը՝ այդ գործընթացում ներգրավելով պատմաբանների, եկեղեցականների և գիտակրթական հաստատությունների ու մասնագիտական հանրույթի պատասխանատու ներկայացուցիչների։

            Կարևոր նկատվեց, որ կրթական ոլորտի՝ մասնավորաբար հայագիտության խնդիրների վերաբերյալ պարբերաբար կազմակերպվեն նմանօրինակ քննարկումներ՝ ներդրում բերելու համար հիշյալ բնագավառի հիմնախնդիրների կարգավորմանը և որակյալ կրթության ապահովմանը։

            Քննարկումն ավարտվեց  Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մասնակիցներին ուղղված գնահատանքի և օրհնության խոսքով։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին:

Հանդիպմանը մասնակցել են մասնագիտական կառույցների՝ ԳԱԱ պատմության, Հնագիտության և ազգագրության, Արևելագիտության ինստիտուտների ներկայացուցիչները, ԵՊՀ և ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնների ղեկավարները, պատմագետները։

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև դասագրքի հեղինակը և «Հայոց պատմություն 7» դասագրքի մրցույթի հաղթող ճանաչված «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրենը։

«Փորձել ենք միավորել բոլոր այն մասնագետներին, որոնք հանրային կամ ոչ հանրային ձևաչափով նախարարությանն են փոխանցել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումներ: Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կընթանան մասնագիտական դաշտում՝ առավելագույնս ապահովելով մասնագիտական կարծիքի ներկայացումը։ Սա շատ կարևոր քննարկում է մեզ համար՝ մասնագիտական տեսանկյունից ճիշտ որոշում կայացնելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և վերահաստատել նախարարության պատրաստակամությունը՝ անհրաժեշտ փոփոխությունների գնալ մասնագիտական կոնսենսուսի ճանապարհով:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում ծավալվել է մասնագիտական քննարկում, որի ընթացքում պատմաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մասնագիտական կարծիքները։

💬Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ պատմաբանների ներկայացրած բոլոր դիտողություններն ու առաջարկները փոխանցվելու են հեղինակին՝ մանրակրկիտ ուսումնասիրման նպատակով։

Ներկայացնելով նախարարության դիրքորոշումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ամբողջական ամփոփաթերթը կներկայացվի մասնագիտական նոր փորձաքննության՝ դասագրքի փոփոխությունների վերաբերյալ երրորդ անկախ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Հիմք ընդունելով փորձագիտական անկախ եզրակացությունը՝ կկայացվի վերջնական որոշում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում