Տինա Պալուի (Մարինա Տեր-Ղազարյանի) «Միաեղջյուրներ» յուրահատուկ ցուցահանդեսի բացումը Պրահայում

  • 27.11.2023
  • 0
  • 443 Views

Նոյեմբերի 11-Ին Պրահայի GRAM  նորաբաց ռեստորանային համալիրում (Záhřebská 23/25, P2) բացվեց պրահայաբնակ շնորհալի նկարչուհի Տինա Պալուի (իրական անունը՝ Մարինա Տեր-Ղազարյան) անհատական UNICORNS («Միաեղջյուրներ»)  ցուցահանդեսը։  Մի շաբաթ առաջ էլ նրա կանանց նվիրված շարքի ցուցահանդեսը բացվել էր  դիզայնի բարձրակարգ առեւտրի կենտրոնում, որտեղ ինչպես նկարչուհին է ասում, միայն կանանց մեծադիր գեղանկարներն էին, որոնցում կանացի տաղանդն էր, հմայքը եւ նրբությունը՝ ոսկզօծ գույներով պատած։

Ներկա ցուցահանդեսի գաղափարն առաջացել է, երբ պատահական ծանոթացել է  GRAM  ռեստորանային համալիրի երիտասարդ սեփականատերերին, որոնք քաղաքի այլ հատվածներում նույնպես ունեն նմանատիպ այլ ռեստորաններ, բայց նաեւ ակտիվորեն զբաղվում են ցուցահանդեսների կազմակերպմամբ։ Նրանք էլ առաջարկել են բացել «Միաեղջյուրներ» ցուցահանդեսը։

Ինչու՞ միաեղջյուր, քանի որ Մարինան սիրում է նկարել այդ մոգական եւ գոյություն չունեցող կենդանիներին եւ իր իսկ խոսքով, բացի իրենից ոչ ոք Պրահայում միաեղջյուր չի նկարում։

«Ընդհանրապես, իրենց մոտ ցուցահանդեսի կազմակերպումը հիմա համարվում շատ հարկի։ Եվ ես սիրով համաձայնեցի»,-ասում է մեզ հետ զրույցում նկարչուհին։

Բայց ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն միաեղջյուրներ, այլեւ իր  կյանքի, հարազատների, ընտանիքի մասին պատմող գեղանկարներ։

Օրինակ նկարներից մեկը կոչվում է «Եղբայր» եւ նվիրված է Երեւանում բնակվող եղբորը՝ հայտնի թարգմանիչ Վլադիմիր Տեր-Ղազարյանին։  Ցուցահանդեսում ներկայացված մյուս նկարներն էլ  թե՛ տարբերվում են, եւ թե՛ ունեն մի միասնական ուղեգիծ՝ դա գունային հետաքրքիր լուծումներն են։

Երբ ինը տարի առաջ Մարինայի հետ հարցազրույց էինք տպագրում , նա զբաղված էր լուսանկարչությամբ, ուներ լուսանկարչական սրահ։ Հետեւաբար, մեր հարցին, թե ինչպե՞ս են նրան տրվում այդ անցումները, անկեղծանում է.

«Ես տարբեր փուլերի միջով եմ անցել։ Լուսանկարչությամբ եմ զբաղվել, ծաղիկների ու արջուկ խաղալիքների խանութներ եմ բացել, բայց մանկուց միշտ կապված եմ եղել արվեստի հետ։ Եվ իմ տարբեր աշխատանքներն էլ մի ներքին փոխկապակցվածություն են ունեցել։ Գեղանկարչությամբ միշտ եմ զբաղվել եւ իբրեւ հոբբի, ու գեղանկարիչ լինելու ձգտումը երբեք չի լքել ինձ։ Միայն վերջին ութ տարվա ընթացքում  զբաղվում եմ պրոֆեսիոնալ ձեւով, մասնակցում եմ  ցուցահանդեսների, վաճառում եմ իմ գործերը։ Իհարկե, ես ինչպես պահանջում էր դասական հայկական ընտանիքը, ես ստացա համալսարանական կրթություն, ավարտեցի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Ինչն, իհարկե, ինձ շատ օգնեց հետագայում՝ թե՛ լեզուների իմացությունը, թե՛ աշխարհայացքիս փոփոխությունը։ Բայց ստեղծագործելու առումով, այն ինչ որ չափով կանգնեցրեց իմ ստեղծագործական կարեիերան, որի մասին երազում էի»,- պատմում է նկարչուհին։

Ավելացնեմ նաեւ, որ ռեստորանային սրահին, որը գտնվում է գրասենյակային համալիրի առաջին հարկում, բոլորովին այլ մթնոլորտ ու տպավորություն են հաղորդում Մարինայի գեղանկարները։ Մի տեսակ ջերմություն ես զգում, նաեւ մտածելու ու խորհելու առիթ են տալիս։ Այստեղ ցուցահանդեսի բացման օրը վաճառվում էին նաեւ նրա գեղանկարների ալբոմը, եւ այլ հուշանվերներ՝ Տինա Պալու մակագրությամբ։

Ցուցահանդեսը կտեւի մինեւ դեկտեմբերի 20-ը։ Ցանկացողները տեղում կարող են նաեւ ձեռք բերել նկարներ։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում