Վերջին ժամ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ:
Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
ՀՀ Կառավարություն
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքը մինչեւ սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումն ուներ 76 բնակիչ։ Նրանցից 5–ը զոհվել է, 15–ը՝ վիրավորվել, 4-ը գերեվարվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Գրասենյակը հրապարակել է սառնաղբյուրցի քաղաքացիական զոհերի անունները.
Ալեքսանդր Ալեքսանյան
Գոհար Գրիգորյան
Նվեր Պողոսյան (երեխա)
Միքայել Պողոսյան (երեխա)
Դավիթ Ալեքսանյան (երեխա)։
Միեւնույն ժամանակ Լուսինե Զաքարյանը Մարտակերտից գրել է իր ֆեյսբուքյան էջում՝
Lusine Zaqaryan
Մարտակերտը թորքը էդպես էլ չկարողացավ գրավել` մարտագործողություններով.
Այսօր դուրս եկանք, ցավոք…
ու երևի առաջինը թուրքական գորշ գայլեր ջոկատն է մտել Մարտակերտ..
Ճանապարհին, հենց սկզբից , այդ ջոկատը զինված մեզ պատահեց, մատներով գորշ գայլերի նշանն էին ցույց տալիս…
Տեր Աստված , տեսնես ինչ վիճակում է այս պահին Մարտակերտը.
.բորենիների երազած դրախտային և լեգենդար Մարտակերտը…
Սյունաց երկիր թերթն էլ հայտնում է, որ Հայաստան բռնագաղթվող արցախցիները, ովքեր հանգրվանելու տեղ չունեն, Կորնիձորից տեղափոխվում են Գորիս, որտեղ՝ պետական դրամատիկական թատրոնի շենքում, կատարվում է հաշվառում, կարիքների գնահատում: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է բժշկական օգնություն:
Այնուհետեւ գաղթական դարձած արցախցիները բաժանվում են ըստ ժամանակավոր կացության վայրերի:
Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպեցինք Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանին: Ըստ փոխհամայնքապետի՝ օրվա վերջին ու առաջիկա գիշերը սպասվում է բռնագաղթվածների նոր խմբերի ժամանում Գորիս:
Բռնագաղթված արցախցիների մի մասը ժամանակավորապես կհանգրվանի Կապանում եւ Սիսիանում:
Թեեւ պատշաճ չէր այդ իրավիճակում արցախցիների հետ զրուցելը, սակայն մեկ հարց, այնուամենայնիվ, մեզ հետաքրքրում էր ի սկզբանե՝ արդյո՞ք տղամարդիկ նույնպես հնարավորություն ունեն անարգել անցնելու Հագարիի կամրջով: Ըստ ականատեսների՝ ադրբեջանական անցակետում առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում այն տղամարդկանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Արցախյան 1-ին պատերազմին:
ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:
216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են Կառավարության հատկացրած կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի:
Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:
Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց, սա կարևոր քայլ է մարդկանց տառապանքը մեղմելու համար։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Սեպտեմբերի 19-ից քաղաքը հոսանքազրկված է»,-գրել է նա։



