Դեկտեմբերի 16-ին Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, համատեղության կարգով Զաբժեում (Լեհաստան) ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, Լեհաստանի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը, Հայ կաթողիկէ քահանա Տ. Թադեուշ Իսակովիչ-Զալևսկին, Կառավարության ազգային և էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Բոգդան Կասպրովիչը, ինչպես նաև Լեհաստանում գործող հայկական ավանդական կազմակերպությունները համատեղ նախաձռնությամբ դիմում-նամակով դիմել են Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն, Սեյմ և Սենատ՝ կոչ անելով խստորեն դատապարտել ադրբեջանական իշխանությունների գործողությունները և միջոցներ ձեռնարկել անհապաղ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հումանիտար աղետ առաջացնելուն ուղղված հետագա գործողությունները կանխելու նպատակով:
«Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը դարձել են Ադրբեջանի անողոք ու հանցավոր քաղաքականության պատանդը, որը, եթե չկարողանա հեռացնել հայկական տարրին Լեռնային Ղարաբաղի տարածքներից, ցանկանում է նրանց կյանքը դարձնել դժոխք։ Լեհաստանի Հանրապետությունը, որպես ժողովրդավարական և օրինապաշտ երկիր, չի կարող լռել օրենքի նման բացահայտ խախտման դեմ»,- ասվում է դիմում-նամակում: Լեհահայերը նաեւ ընդգծել են, որ Լեհաստանը պետք է օգտագործի նաեւ ԵԱՀԿում իր նախագահությունը։
Կից ներկայացվում է դիմում-նամակը, որն ի դեմս ներքոնշյալ բոլոր հաստատությունների անունից ստորագրել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։
Ավելացնենք, որ դիմումի տակ ստորագրել են Լեհաստանում գրանցված 22 հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
orer.eu







