Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ «Մայրություն» հուշարձանի մոտ, կայացավ Խաղողօրհնեքի ավանդական տոնակատարությունը։ Արդեն տասը տարի Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ անցկացվող այս միջոցառումը Ջրաշենի հոգևոր, մշակութային և ազգային կյանքի կարևոր ավանդույթներից է՝ ամեն տարի մեկտեղելով համայնքի բնակիչներին, հյուրերին, մշակույթի և հոգևոր համայնքի ներկայացուցիչներին։
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ ձևավորված ավանդույթը տարիների ընթացքում դարձել է ոչ միայն ազգային տոնի նշում, այլև համայնքային կյանքի միավորող իրադարձություն, որի առանցքում հայկական հավատը, մշակույթը, ընտանիքը, հայրենի հողն ու սերունդների միջև արժեքների փոխանցումն են։
Խաղողօրհնեքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական տոներից է՝ նվիրված Սուրբ Աստվածածնի Վերափոխմանը։ Այն միայն բերքի օրհնության արարողություն չէ․ տոնի խորհուրդը մարդու աշխատանքի, հողի պտղի և Աստծո շնորհի նկատմամբ երախտագիտությունն է։ Ջրաշենում այդ խորհուրդը լրացվում է նաև ընտանիքի, մայրության և հայրենի համայնքի հանդեպ սիրո գաղափարով։
Տոնակատարության վայրի ընտրությունը պատահական չէ։ «Մայրություն» հուշարձանը 2016 թվականին կանգնեցվել է Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ՝ իր մոր՝ Հրածին Հովհաննիսյանի հիշատակին։
Հուշարձանի հեղինակը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դոցենտ, քանդակագործ Էմին Պետրոսյանն է։ Տրավերտինից և բազալտից կերտված՝ շուրջ երկու մետր բարձրությամբ քանդակը խորհրդանշում է մայրության համընդհանուր գաղափարը՝ մոր ազնիվ ու անաղարտ կերպարը, հավատավոր մոր և ընտանեկան սրբության պահապանի խորհուրդը։
Տարիների ընթացքում հուշարձանի խորհուրդը ընդլայնվել է՝ անձնական հիշողությունից վերածվելով բոլոր մայրերի նկատմամբ սիրո, երախտագիտության և հարգանքի խորհրդանիշի։
Բացման խոսքում Ատոմ Մխիթարյանն ընդգծեց մայրության, ազգային ավանդույթների և դրանց սերունդներին փոխանցելու կարևորությունը։
«Մայրությունը մեր ընտանիքի, մեր ժողովրդի և մեր երկրի ամենամեծ արժեքներից է։ Այս հուշարձանը նվիրված է իմ մոր հիշատակին, բայց այսօր այն բոլոր մայրերինն է։ Իսկ Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, մեզ հնարավորություն է տալիս նույն օրը միասին արժևորելու և՛ մայրական սերը, և՛ հայրենի հողի պտուղը։ Կարևոր է, որ մեր երեխաները ոչ միայն լսեն այս ավանդույթների մասին, այլև մասնակցեն դրանց և իրենց կյանքում շարունակեն դրանք»,–նշեց Ատոմ Մխիթարյանը։
Տոնի հոգևոր մասն անցկացրեց Սպիտակի հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը։ Աղոթքով և սուրբ ջրով օրհնվեց խաղողի բերքը, որից հետո օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկաներին։
Իր խոսքում Տեր Օվսե քահանան ընդգծեց, որ Խաղողօրհնեքի խորհուրդը մարդու աշխատանքի, հողի պտղի և Աստծո շնորհի միասնությունն է։
«Թող օրհնված լինի այս հողը, այս համայնքի յուրաքանչյուր ընտանիք, մեր երեխաներն ու նրանց ապագան։ Թող Աստված առատություն, խաղաղություն և բարություն պարգևի մեր ժողովրդին, իսկ այս ավանդույթը շարունակվի սերնդեսերունդ»,– ասաց հոգևոր հովիվը։

Տոնի գեղարվեստական հատվածում «Տարոնցիք» պարային համույթը ներկայացրեց հայկական ավանդական պարերի ծրագիր։ Վերջին կատարումին միացան նաև Ջրաշենի երեխաներն ու մեծերը՝ հուշարձանի շուրջ ստեղծելով տարբեր սերունդների միասնականության խորհրդանշական պատկեր։
Երեխաների և մեծերի համատեղ մասնակցությունը տոնին առանձնահատուկ խորհուրդ հաղորդեց միջոցառմանը։ Այն ցույց տվեց, որ ազգային մշակույթը պահպանվում է ոչ միայն պատմելով կամ հիշելով, այլև այն ապրելով, փոխանցելով և նոր սերնդին մասնակից դարձնելով։
Ջրաշենում արդեն տասը տարի շարունակվող Խաղողօրհնեքի ավանդույթը հենց այդ գաղափարի արտահայտությունն է․ այն միավորում է հավատը, մշակույթը, ընտանիքը, հայրենի հողը և համայնքը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ազգային արժեքները դառնում են կենդանի ու շարունակական փորձառություն։
Սինգապուրից ժամանած հյուրը՝ Բենջիամինը, առաջին անգամ է գտնվում Հայաստանում և մասնակցում Խաղողօրհնեքի արարողությանը, նշում է, որ շատ հաճելի է, երբ մարդիկ հավաքվում են տոնելու ազգային տոները, միմյանց նկատմամբ ջերմությունն ու ուշադրությունն հատկապես շատ է կարևորում։
Տոնը շարունակվեց ազգային պարերով, երաժշտությամբ և ջերմ շփումով՝ ևս մեկ անգամ հաստատելով՝ ավանդույթը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ այն ապրում է մարդկանց մեջ և փոխանցվում սերնդեսերունդ։






