Նեմեսիսը` մշակույթում կամ Արժանապատվության վերադարձ

  • 13.05.2026
  • 0
  • 9 Views

                                                                                     «Հիշում ենք, հիշելու ենք և պահանջելու 

                                                                                     ենք՝ անկախ  ամեն  մեկի քմահաճույքից 

                                                                                    կամ տկարամիտ ուղեղի մտավարժանքներից»:

                                                                                                                                Սամվել Մուրադյան

                                                                                                         գրականագետ, դոկտոր-պրոֆեսոր

 Անցյալ տարի ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը  իր հերթական գեղանկարն է վրձնում Թբիլիսիի  հին թաղամասերից մեկում:  Բնապատկերի  ընտրությունը պատահական էր: Ի՞նչ իմանար արվեստագետը, որ Աստվածային նախախնամությամբ կտավին է հանձնում հե՛նց այն բանուկ փողոցը` նախկինում՝ Պյոտր Մեծի անվան,  հե՛նց այն տունը, հե՛նց այն շքամուտքը,  որի մոտ 1922 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում հայ վրիժառուներ Արտաշես Գևորգյանն ու Պետրոս Տեր-Պողոսյանը, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, գնդակահարեցին  Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի նախարար, հայատյաց ջարդարար Ջեմալ  փաշային:  Նկարելու ընթացքում անցորդներից մեկը մոտենում է նկարչին ու ասում. «Գիտե՞ս, որ այս փողոցում մի մեծ շուն են սատկացրել»:

 Մեր կողքին են ապրում Արտաշես Գևորգյանի թոռր` Արմեն Գևորգյանը, Արամ Երկանյանի ժառանգորդ Արտյոմ Երկանյանը, որոնց  ջանքերի շնորհիվ է նաև  2023 թ. վեր  խոյացել այն հոյակերտ աղբյուր-հուշակոթողը Երևանի Օղակաձև զբոսայգում, որ նվիրված է  Ազգային Արժանապատվության Ասպետներին, և որի վրա փորագրված են Սողոմոն Թեհլերյանի խոսքերը. «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաններին»: Հուշակոթողը ոչ միայն վրեժի խորհրդանիշ է, այլև, արդարության, արդարադատության ու պատժի անխուսափելիության:

Ապրիլի 26-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնը միավորել էր բոլոր նրանց, ում համար թանկ են հայի էության, ազգային ինքնության, Հայրենիքի, կրավորական կեցվածքի բացասման, հիշողության, արդար ցասումի գաղափարները: Միջոցառմանը ներկա լինելը մեծ պատիվ էր յուրաքանչյուր գիտակից մարդու, առավելապես` հայի համար:  Կազմակերպիչներն էին  «Նեմեսիս»,  «Գ. Մելիքյանի բազմազավակ ընտանիքներ», «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամները:  Հանդիպումը մեկնարկեց  ՀՀ օրհներգով և Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանի օրհնությամբ: 

 «Ցեղասպանության կազմակերպիչների պատիժը միանգամայն  օրինաչափ  է, առավել ևս, եթե ցեղասպանությունները չեն արժանանում իրավական, օրինական պատժի: Սարդարապատը մեր ոտքի կանգնելու առաջին փորձն էր, մեր հաղթանակը, որով փրկվեց մեր Հայրենիքի այս փոքրիկ  հատվածը: «Նեմեսիս» գործողությունը փրկեց մեր պատիվը.  սա անառարկելի է: Դժբախտաբար, ոճիրները դրանից հետո չպակասեցին, ոճիրները դեռ հիմա էլ շարունակվում են: Ոճիրը պետք է գրանցվի, ոճրագործը՝ պատժվի: «Նեմեսիսը» մեր անձնազոհ հայորդիների պատասխանն էր ոճրին: «Նեմեսիսը» հասավ, դժբախտաբար, մեր հայրենակից դավաճաններին: Սա էլ խորհուրդ ունի: Պիտի հասկանան նրանք, ովքեր իրենց ազգի դեմ ոճիր են գործել ու պիտի հասկանան, որ չեն խուսափելու արդարացի՝ ազգային պատժից: Իրենց ականջին օղ անեն ներկա և ապագա ոճրագործները»,- բացման խոսքում նշեց Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը:

Սցենարիստ և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Նեմեսիսը՝ մշակույթում» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ շարունակվեց միջոցառումը: Պրոդյուսերը  Արմեն Գևորգյանն է:  Ֆիլմի սցենարի  առանցքում Շմավոն Շմավոնյանի կտավի նվիրատվությունն է Արմեն Գևորգյանին՝ ֆիլմի գործընկերներ,  բարերարներ Բագրատ Նազարյանի և  Թոնի Քահվեի նախաձեռնությամբ: Արմեն Գևորգյանի և  Շմավոն Շմավոնյանի կտավի հանդիպումը հուզիչ էր: Հարց է ծագում` արդյո՞ք այդ հանդիպումը  պատահական էր, թե՞ օրինաչափ:  Արմեն Գևորգյանի ընտանեկան ալբոմի հին լուսանկարներից մեկում  կտավի  նույն տան դռան  մոտ Արտաշես Գևորգյանի եղբայրներն են` Թորգոմն ու Մանասը…

Ազգային արժանապատվության, արդարության վերականգնման գաղափարը տրոփում է ֆիլմի յուրաքանչյուր կադրում, կինոպատումը վերադարձ է մեր ակունքներին և ազգային արժեքներին:  Էկրանից իր ոգեշունչ խոսքով մեր սիրելի  պրոֆեսոր, իրանագետ Գուրգեն Մելիքյանն է.  «Ջարդված, կոտրված ժողովուրդը իմաստավորվեց նրանց զենքով. դահիճը պետք է պատժվի ու պատժվեց: Հավերժ փա՛ռք  իրենց գործին: Ազգային արժանապատվության ասպետները մեզ դաս տվեցին, որ առաջինը մենք մեր ուժերի վրա  պետք է դնենք  մեր հույսը, որ միասնությամբ կարելի է չարիքի դեմ պայքարել: Ահա, սա է ամենամեծ դասը»:  Ֆիլմում անդրադարձ կար նաև ավստրիացի լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքին, որը  ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունը`  Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին  պատժելու` հայ վրիժառուների գաղտնի առաքելությունը:

«Արմեն Գևորգյանի հետ մենք մի նոր բաղադրատոմս ենք ավելացնում՝ առայժմ թույլ չափաբաժիններով,  որպեսզի այն մտնի մեր մշակույթ: Անկեղծ ու մաքուր արվեստը ծնվում է կատարսիսի պահին, դժվար պահին, պատերազմի պահին: Մշակույթը նույնպես զենքի տեսակ է` լուրջ զենքի տեսակ, երբեմն այն կարող է վճռական գործեր անել, այնքան, որքան չի կարող անել, ենթադրենք, եթե անհամեստ չեմ,  մի ամբողջ դիվանագիտական խումբ:  Մեր վրեժխնդրական և արդարադատ պայքարի բոլոր ձեռնարկները մեզ են առնչվում, մեր անբաժան մասն են.  կապ չունի, որ ետնյալներն ու այլադավանները այլ կարծիք ունեն մեր Հայրենիքի, կրոնի, եկեղեցու, մեր հերոսների մասին:  Մեզ հետ կապ ունեն Տեսակը, ազգային արժեքները, որոնց մնալու ենք հավատարիմ այժմ և միշտ և  հավիտյան»,- հատված ռեժիսոր և սցենարիստ Սամվել Թադևոսյանի ելույթից:

 Ներկաներից պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը նշեց իր կյանքի փառահեղ դրվագներից երկուսը.  առաջինը` Արարատի գագաթին հայտնվելը`  5165 մետրից  Հայկական լեռնաշխարհի շունչն ըմբոշխնելը և երկրորդ`  երկար պայքարից հետո «Նեմեսիսի»  հուշակոթողը իրականություն դարձնելը. «Որովհետև կային կարծրատիպեր, ժամանակը նպաստավոր չէր: Արժանապատվության վերադարձը դեռ մեզ սպասում է: Սամվել Թադևոսյանն իր ամբողջ կյանքը նվիրեց Արցախյան ազատամարտին: Որոշ մարդկանց թվում է, թե  Արցախյան ազատամարտը մոռացվեց:  Ո՛չ: Սամվել Թադևոսյանը շարունակում է իր գործը, ահռելի քանակությամբ նյութ ունի պահած, որովհետև հասկանում է, որ տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունը «Նեմեսիսն» է»,- ասաց նա:

 Գրականագետ, դոկտոր-պրոֆեսոր Սամվել Մուրադյանի ելույթն ինձ՝ բանասերիս, տեղափոխեց լսարան, ուր, որպես ուսանող, շունչդ պահած լսում ես հետաքրքիր, հագեցած, փաստալից, պատկերավոր, ճանաչողական խոսք՝ համեմված պոեզիայով. նրա շուրթերով Հովհաննես Շիրազը խոսեց. «Ո՜վ լռած ազգեր, նզովում եմ ձեզ»:  – ««Նեմեսիսը՝ մշակույթում». այս խորագիրը շատ է տարողունակ, մեզ  շատ հեռուն կարող է տանել, բայց արդեն ֆիլմից էլ երևում է` հետեղեռնյան շրջանի երիտասարդության արժանապատվության, վրիժառության խնդիրը չի կարելի մոռանալ, դա նույնն է, եթե որևէ անձնավորության ստիպես մոռանալ իր ազգանունը, անունը,  ծագումնաբանությունը: Խղճի և արդարության մարտիկներն իրենց արժանապատվությամբ ու հերոսականությամբ ոչնչացնելու են բոլոր դահիճներին, տեղ է պահված «Նեմեսիսի» հուշարձանի վրա, այնտեղ գրվելու են գալիք հերոսների անունները»,- հավելեց Սամվել Մուրադյանը:

Հաճելի էր լսել  «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ Աբրահամ Գասպարյանին. ««Նեմեսիսի» հուշակոթողի մոտով անցնելիս առինքնող հպարտության, միաժամանակ ազգային հակահերոսի գոյությունը չհանդուրժելու զգացումով ես համակվում: Արտաշես Գևորգյանը և ընկերները ապացուցեցին, որ հայությունը իրավունք չունի ապրելու որպես անկենդան օրգանիզմ, ունի առաքելություն ոչ միայն իր պատմական Հայրենիքում, այլև համայն մարդկության համար` լուսավորության գաղափարը դարձնելու առաջնային: Այս հուշակոթողը հուշում է, որ կան երևույթներ, որոնց համար արժե ապրել. «Ժողովուրդներն ապրում են այնքան ժամանակ, որքան իրենց մեջ ապրում է Հայրենիքի կարոտը»»:

 Արմեն Գևորգյանն  ազդարարեց «Նեմեսիսը՝ մշակույթում» խորագրով  շարժական թանգարանի մեկնարկը:  «Ազգային Արժանապատվության Ասպետներից  յուրաքանչյուրը պիտի ունենա իր մշակութային արժեքը, գեղարվեստի  ցուցանմուշներով պիտի կազմակերպենք շարժական թանգարաններ Ավստալիայից մինչև Կանադա` հայաշատ գաղութներում ծանոթացնելու «Նեմեսիսի» պատմությանը` առավելաբար՝ մշակույթի լեզվով: Շնորհակալություն նկարիչ Անդրեյ Շուգարովին՝  «Սևանի քարեր» կտավի համար, շնորհակալություն  նկարիչ-դիզայներ, «հայ Ֆաբերժե» Սարգիս Սահակյանին`  «Հայաստան»  խորախորհուրդ հավկիթի համար, «Միասնության Թևերից»`  Տիգրան Հայրապետյանին` «Նարեկ» գրքի համար:  Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի կարևոր թեզ շեշտադրեցի.  «Նեմեսիսի» անդամները  մտավորականներ էին` Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Շահան Նաթալի, Արմեն Գարո…  Պապիկս էլ Եղիշե Չարենցի դասընկերն էր Կարսի ռեալական դպրոցում, այնուհետ` Ներսիսյան դպրոցի շրջանավարտ: Մենք պետք է արժանին մատուցենք նրանց:  «Նեմեսիսը» միայն կրակոցներ կամ փամփուշտներ չէին: Ցեղասպանությունը ոչ միայն հայերի դեմ էր.  այն մարդկության և  համաշխարհային քաղաքակրթության դեմ էր: Մենք` «Նեմեսիսի» ժառանգորդներս, պարտավոր ենք ականջալուր լինել մեր պապերի  արած գործողություններին»: 

Սահականուշ Տաճատի Սահակյան

բանասերթարգմանիչ, կինոպրոդյուսեր

Լույս է տեսել ‘’Առավոտ’’ օրաթերթում

 N073/7523, 30 ապրիլի 2026 թ.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում