Փարիզում պաշոնապես բացվել է Հայաստանի դեսպանության նոր շենքը. Ֆրանսահայ ՖՀԿՀԽ-ն քննադատել է համայնքի կարեւոր դեմքերին չհրավիրելու փաստը

  • 29.04.2026
  • 0
  • 135 Views

Ապրիլի 28-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, ելույթներ են ունեցել Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները։

💬 Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Այս օրը նշանակալից է ոչ միայն Հայաստանի դիվանագիտական ներկայության ամրապնդման, այլև Հայաստանի և Ֆրանսիայի` ավելի ու ավելի ամրապնդվող բարեկամության տեսանկյունից. բարեկամություն, որն ունի հարուստ պատմություն և խարսխված է մեր դավանած ընդհանուր արժեքների՝ ազատության, ժողովրդավարության և համերաշխության վրա, որի լավագույն արտահայտությունն է այսօր այստեղ ձեր՝ բազմամարդ ներկայությունը։

Ցանկանում եմ երախտագիտության խոսք ուղղել Ֆրանսիայի իշխանություններին՝ ցուցաբերած շարունակական աջակցության համար, ինչպես նաև անձամբ Ձեզ՝ պարո՛ն նախարար, թանկագի՛ն բարեկամ, Հայաստանի համար այս շատ կարևոր իրադարձությանն անձամբ մասնակցելու համար։

Այս հանդիսավոր բացումը տեղի է ունենում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան նախատեսվող պետական այցից օրեր առաջ. այց, որը համոզված եմ` կդառնա մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը։ Ըստ էության, Հայաստանի անկախության վերականգնումից հետո, Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, և այսօր Հայաստանին և Ֆրանսիային հաջողվել է ձևավորել ռազմավարական բնույթի հարաբերություններ՝ հիմնված քաղաքական սերտ երկխոսության, կանոնավոր բարձրաստիճան շփումների, ակտիվ խորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության և բազմոլորտ գործընկերության վրա, ինչը տեսանելի է ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական ու միջազգային մակարդակներով։ Իսկապես ռազմավարական գործընկերություն, որը շուտով կամրագրվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթով»։

💬 Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն իր խոսքում ընդգծել է. «Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրները ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա: Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին»։

Իր հերթին, ինչպես հայտնում է Ասպարէզը, «Ֆրանսահայ Շարք Մը Ներկայացուցիչներ Հայաստանի Նոր Դեսպանատան Բացման Արարողութենէն Հեռու Պահելու Երեւանի Որոշումը Կը Քննադատուի։

Ստորեւ կու տանք Ֆրանսայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհուրդին յայտարարութիւնը, ուր կը քննադատուի համայնքին շարք մը ներկայացուցիչները եւ Արցախի ներկայացուցիչը Հայաստանի դեսպանութեան նոր շէնքի բացման արարողութենէն հեռու պահելու Երեւանի որոշումը․

«Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդն (ՖՀԿՀԽ, CCAF) իր դժգոհութիւնն է արտայայտում Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձանց՝ խորհրդի համանախագահներ Արա Թորանեանին եւ Մուրատ Փափազեանին, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանին եւ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանին Փարիզում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան նոր շէնքի բացման արարողութեանը մասնակցութեան հնարաւորութիւնից զրկելու՝ Հայաստանի կառավարութեան որոշման վերաբերեալ:

Նման որոշումը մենք համարում ենք եւ որակում որպէս ցաւալի սխալ։

Դեսպանութիւնը ներկայացնում է հայկական պետութիւնը եւ, դրանից անդին, հայ ժողովրդին՝ իր ողջ բազմազանութեամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է, այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականութեամբ, բազմազանութեամբ եւ արժանապատուութեամբ՝ վեր կանգնելով պահի տարակարծութիւններից եւ կուսակցական հաշուարկներից։

Սահմանափակելով Ֆրանսիայի հայկական համայնքի ճանաչուած ներկայացուցիչների մուտքը՝ Հայաստանի կառավարութիւնը հեռանում է ազգի համախմբման իր կոչումից։ Նման վարքագիծը տարակուսանք է առաջացնում։

Զրկել Արա Թորանեանին եւ Մուրատ Փափազեանին, անձիք, որոնց անունները անքակտելիօրէն կապուած են Ցեղասպանութեան յիշողութեան, ճանաչման եւ հայ ժողովրդի արժանապատուութեան պաշտպանութեանն ուղղուած տասնամեակների պայքարի հետ, նշանակում է սահմանափակ ընկալում ունենալ Սփիւռքի իրական դերի հարցում։ ՖՀԿՀԽը սովորական միաւորում չէ․ այն Ֆրանսիայի հայերի հիմնական ներկայացուցչական կառոյցներից մէկն է։ Ժողովրդավարօրէն ընտրուած ղեկավարներին զրկելը նշանակում է զրկել Սփիւռքի կազմակերպուած հատուածի զգալի մի մասի։

Զրկել Գրիգոր եպիսկոպոս Խաչատրեանին, նշանակում է խորապէս վիրաւորել Հայ Առաքելական եկեղեցուն՝ բազմադարեան մի հաստատութեան, որն անցել է կոտորածների, ցեղասպանութեան եւ ազգի սփռման միջով եւ մինչ օրս մնում է մեր ժողովրդի կարեւոր հոգեւոր յենասիւն։ Յիշեցնենք, ի դէպ, որ 1995ից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին ներկայիս շէնքն անվճար տրամադրում է Հայաստանի դեսպանութեանը։

Զրկել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանին նշանակում է բացասական ուղերձ յղել Ֆրանսիայի քաղաքական շրջանակներում հայրենի հողից վտարուած, գաղթի հարկադրուած եւ ամէն ինչից զրկուած 120,000 արցախահայերի իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած գործին։ Այն ժամանակ, երբ Արցախի հարցը բաց վէրք է մնում համաշխարհային հայկական գիտակցութեան մէջ, այս քայլը ստանում է առանձնայատուկ ծանր հնչեղութիւն։ Այն պահանջում է պարզաբանումներ։

Պատմութիւնը կը յիշի, որ Փարիզում իր դեսպանութեան նոր շէնքի բացման երեկոյին Հայաստանի կառավարութիւնը նախընտրել է բացառման տրամաբանութիւնը՝ համախմբման փոխարէն, ինչը չի կարող չառաջացնել խորը հիասթափութիւն։ Նման կերպ չէ, որ ամրապնդում են պետութիւնը։ Մենք յոյս ենք յայտնում, որ պարզաբանում կը տրուի ներկայ իրավիճակին՝ հիմնուած երկխօսութեան ոգու վրայ։

Փարիզ, 28 Ապրիլի 2026

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում