Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը Ֆրանկֆուրտում

  • 28.04.2026
  • 0
  • 17 Views

Շաբաթ, 25 Ապրիլ 2026-ին, Ֆրանկֆուրտի Փաուլսքիրխե հանդիսասրահում տեղի ունեցաւ Հայոց ցեղասպանութեան 111-րդ տարելիցին նուիրուած Գերմանահայ համայնքի կենտորանակն ձեռնարկը։ Այն կազմակերպել էին Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմը եւ Գերմանահայոց Կենտորանական Խորհուդրը։ Յիշատակի միջոցառմանը ներկայ էին քաղաքական, եկեղեցական եւ հասարակական բազմաթիւ հիւրեր, ինչպէս նաեւ մեր հարիւրավոր հայրենակիցներ՝ միասին յարգելու զոհերի յիշատակը։

Յիշատակի ձեռնարկը սկսուեց ժամը 16․30-ին երաժշտական կատարումներով։ «Lignum Vitae» համույթը ներկայացրեց հայկական աւանդական ստեղծագործութիւններ, ինչպիսիք են «Ծիրանի ծառ»-ը և «Հով արէք, սարեր ջան»-ը, որոնք իրենց իմաստի մէջ ներառում են ցաւը, յիշողութիւնը եւ մշակութային ինքնութիւնը։

Ձեռնարկի պաշտօնական բացումը կատարեց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Յովնաթան Շպանգէնբերգը՝ ներկաներին ողջունելով կազմակերպիչների անունից։ Բացման խօսքում նա մասնաւորաբար անդրադարձաւ ցեղասպանութեան միջազգային ճանաչման վճռորոշ դերին՝ որպէս պատմական արդարութեան նախապայման։ Առանց մանաւանդ Թուրքիայի կողմից մարդկային ահաւոր այս ոճրագործութեան յստակ ճանաչման ու ներողութեան, կարելի չէ հասնել կայուն խաղաղութեան։ Կենտրոնական խորհրդի նախագահը անդրադարձաւ նաեւ ներկային՝ խօսելով Արցախից (Լեռնային Ղարաբաղ) հայերի բռնի տեղահանութեան մասին՝ այն ներկայացնելով որպես յիշեցում, որ բռնութիւնն ու անարդարութիւնը չեն պատկանում միայն անցյալին։

Այնուհետեւ ընթերցուեց Հեսսենի երկրամասի խորհրդարանի նախագահ Աստթրիդ Վալմանի ողջոյնի ուղերձը, որտեղ նա ընդգծում էր Հայոց ցեղասպանութեան ճանաչման, պատմական պատասխանատւութեան եւ կենդանի յիշողութեան մշակոյթի կարեւորութիւնը։

Հետագայ երաժշտական կատարումները՝ «Մայր Արաքսի ափերով» և «Մենք քաջ տոհմի զաւակներ ենք», միաւորեցին հայրենասիրութիւնն ու դիմադրողականութիւնը՝ ընդգծելով միջոցառման յուզական խորութիւնը։

Այնուհետեւ հիմնական բանախօսութեամբ հանդէս եկաւ «Christian Solidarity International» իրաւապաշտպան կազմակերպութեան նախագահ դոկտոր Ջոն Այբների։ Իր յուզիչ խօսքում նա յիշեցրեց Օսմանեան կայսրութիւնում հայերի համակարգուած ոչնչացումը եւ ընդգծեց այս ցեղասպանության միջազգային ճանաչման կարեւորութիւնը։ Դա ոչ միայն պատմական ճշմարտութեան հաստատում է, այլեւ պարտաւորութիւն զոհերի եւ նրանց սերունդների հանդէպ։ Այբները շեշտեց, որ նման յանցագործութիւնների ժխտումը կամ նսեմացումը մարդու իրաւունքների նոր խախտումների հիմք է ստեղծում։ Նա նաեւ անդրադարձաւ Արցախի վերջին զարգացումներին եւ արցախահայութեան տեղահանութեանը՝ այն բնութագրելով որպէս փոքրամասնութիւնների շարունակական վտանգների ահազանգող օրինակ։

Յիշատակի ձեռնարկի աւարտին յիշատակի խօսք արտասանեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ Տ․ Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։ Առաջնորդ սրբազանը իր խօսքում կենտրոնացաւ ճշմարտութեան եւ յիշողութեան կարեւորութեան վրայ։ Սերովբէ սրբազանը ընդգծեց, որ իրական հաշտեցումն ու խաղաղութիւնը հնարաւոր է միայն կրած ցաւի ճանաչման եւ գիտակցուած չմոռանալու հիման վրայ։ Յիշելը անցյալի դառնութիւնից կառչել չէ, այլ անհրաժեշտ քայլ է դէպի արդարութիւն եւ ներքին խաղաղութիւն։ Միայն ճշմարտության արտայայտման եւ պահպանման դէպքում կարող է բացուել իրական ու կայուն հաշտեցման ճանապարհը։

Առաջնորդ սրբազանը խօսքի աւարտին, շրջանի հոգեւոր հովիւ Տ․ Վահրիճ քահանայ Բաղդասարեանի ընկերակցութեամբ, կատարեց Սրբոց Նահատակաց բարեխօսական աղօթք՝ հայցելով Ցեղպասպանութեան բիւրաւոր նահատակների բարեխօսութիւնը՝ վասն խաղաղութեան ամբողջ աշխարհի։

Ձեռնարկի երաժշտական մասն ապահովեց «Lignum Vitae» համոյթը՝ Լիլիթ Տոնոյեան (ջութակ), Անդրէ Մայսներ (շվի եւ դուդուկ), Ջուզեպպէ Մաուտոնէ (հարուածային գործիքներ) եւ Եոնաս Դունկել (կոնտրաբաս), որոնք միջոցառմանը հաղորդեցին առանձնայատուկ գեղարվեստական խորութիւն։

Դիւան Առաջնորդարանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում