«Իշխանության պարտվողականությունը մեզ տանելու է դեպի անդունդ». Սարգիս Շահինյան

  • 23.04.2026
  • 0
  • 51 Views

Սփյուռքի զորաշարժին նվիրված Փարիզի խորհրդաժողովում կարճ զրույց ունեցանք Շվեյցարիայի հայկական եւ հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանի հետ։

-Եթե ամփոփելու լինենք, որո՞նք են խորհրդաժողովի գլխավոր արդյունքները եւ որո՞նք են այն մարտահրավերները, որ հուզում են այսօր ողջ հայությանը։ Հատկապես նկատելի էր, որ հայաստանյան պատվիրակությունն ավելի շեշտը դնում էր հունիսյան ընտրությունների վրա։

-Իսկապես,  դա էր ամենահետապնդված եւ ամենակարեւոր նպատակը՝ հունիսի 7-ի ընտրությունները, որը տեղ գտավ նաեւ վերջնական հայտարարության մեջ։ Մարդկանց տպավորությունները լսելով, զգացի, որ  իրականում տեղքայլի մեջ ենք։ Եւ չենք կարողանում անհրաժեշտ պատգամը հասցնել համապատասխան ձեւով։ Ինձ համար ամենամեծ հարցականը հենց դա էր։ Հատկապես այն անձնավորությունները, որ եկան Հայաստանից, ինչու՞  համար արթնացան հիմա, երբ արդեն դանակը ոսկորին է հասել։ Հիմա խնդիր չկա, ամիսներ շարունակ է եղել այդ խնդիրը, եւ այս խորհրդաժողովը նաեւ այդ նպատակով է հրավիրվել, որ փորձեն համախմբել ժողովրդին եւ համոզեն։ Բայց խնդիրն այն է նաեւ, թե ում պետք է համոզես։ Արդեն համոզված 50 տոկոսի՞ն , անկարելի է։ Որովհետեւ սեւ ու սպիտակի խզումն արդեն տեղի է ունեցել։ Խոսքը դեռեւս չկողմնորոշված 50 տոկոսի մասի՞ն է։
Մյուս կողմից, Արցախի հարցի ընդգրկումը արտաքին քաղաքականության օրակարգի մեջ անպայման չէ, որ պատերազմի հանգեցնի։ Իրականում ոչ ոք չի կարող քարոզաարշավի ընթացքում բացատրել, որ մարդկային իրավունքների համար պայքարը որեւէ ձեւով հակառակ է խաղաղությանը։  
Սա է դժբախտաբար կարեւորագույն խնդիրը, որ ներկա իշխանությունները կարողացան մարդկանց մեջ մտցնել այդ վախը, որ իբր իրենցից զատ ոչ ոք չի կարողանալու ապահովել այդ հանգստությունը։ Միչդեռ, քանի որ իրենք զուրկ են  արհեստավարժությունից եւ բնավ քաջատեղյակ չեն, դժբախտաբար մեզ տարավ բոլոր տեսակի  մարտահրավերների տապալմանը։
Եթե մենք կարծում ենք, որ մեր տնտեսական հաջողությունները մարդկանց անձնական կարողությունների վրա են հիմնված, չարաչար սխալվում ենք։ Չմոռանանք, որ ուկրաինական պատերազմի պատճառով բազմաթիվ մարդիկ Ռուսաստանից տեղափոխվեցին Հայաստան, որոնք ահագին գումար թողեցին անշաժ գույքի շուկայում, եւ ընդհանուր պատկերը փոխվեց։
Հիմա Փարիզում կայացած նիստերի ընթացլում նաեւ հայաստան-սփյուռք խնդիրը քննարկվեց, սակայն իմ համոզմամբ  չկարողացանք ներկաներին բերել մի համոզման, թե միասին ինչպես ենք աշխատելու։ Օրինակ, հնչեց մի առաջարկ, որ փորձառու մարդկանց բերել Հայաստան եւ մարդկանց հետ հանդիպումներ կազմակերպել, որպեսզի քարոզչության աշխատանքը կարողանա առաջ տարվի։ Բայց դա էլ այնքան հստակ չէր՝ մեկ մեդիայի մասին է խոսքը, թե զանազան մեդիաների։ Ես իսկապես կցանկանայի ընդլայնել այդ մեդիաների դաշտը, ուր մի խոհեմ  պատգամ տանք մարդկանց։ Ես չգիտեմ, եթե Հայաստանի քաղաքացին արդյո՞ք պատրաստ է նման խոսակցություններ լսել սփյուռքից եկած անձնավորություններից։ Երկրորդ հարցումը փողոցի հայի կողմից պետք է լինի՝ եթե շատ ես սիրում ու մտածում Հայաստանի մասին, արի այստեղ ապրի։ Իսկ եթե այդ 50 տոկոսի մեջ հնարավորություն ունենք շփվելու խելացի մարդկանց հետ, ապա այդ պարագայում խոսակցությունը կարող է ընթանալ մեկի փոխարեն երկու ուղղությամբ։ Ես նախ ուզում եմ  լսել իբրեւ սփյուռքահայ, թե իր իրենց դարդը ինչ է։  Եվ հետո հասականալ, թե արդյո՞ք ներկա իշխանությունը կարող է տալ իր հարցերի պատասխանները։ Իմ կարծիքով, տարբեր հարցումներից ելնելով, այս իշխանությունը ի վիճակի չէ պատասխան տալ, որովհետեւ այդ զիջողականությունն ու պարտվողականությունը իրենք ներկայացնում են իբրեւ հաջողություն, ինչն ամբողջովին սխալ է։ Դա մեզ տանելու է դեպի անդունդ։ Մեր դիմացինը երբեք չի գոհանալու այդ զիջումներից եւ մշտապես առաջ է գնալու։ Փաստը, Հայաստանի տարածքի 240 քմ/կմ-ը, որը հայկական հող է, չի նվազելու, այլ ընդհակառակը ավելանալու է։ Եվ վերջերս Արման Թաթոյանն էլ փաստեց, որ ադրբեջանցիների առաջընթացը ռազմական գետնի վրա շարունակվում է։

Խնդիրը նաեւ եկեղեցու զորակցությունն է։ Ոչ ոք (կներեք ինձանից զատ)հստակորեն չասաց, որ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը, այլ միայն հոգեւոր եւ ինքնության արժեքներով պետք է զբաղվի։ Ինքն իրեն չի կարող թույլ տալ օտար ուժերի շահագործման գործոն դառնալ։ Միեւնույն ժամանակ, Սահմանադրությունը Հայ առաքելական եկեղեցուն հատուկ տեղ է տալիս (18-րդ հոդված) հայկական իրականության մեջ, եւ հենց դրա համար իշխանությունը իրավունք չունի եկեղեցուն հալածելու  եւ իր գործունեությունը արգելելու։ Դա հակասահմանադրական է։
Իսկ խորհրդաժողովի հաջողությունների մասին դժվարանում եմ խոսել։ Հաջողությունն այն է, որ այսքան մարդիկ միասին եկել են եւ խոսում են։

–    Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն առաջարկը, որ սփյուռքահայերը գան Հայաստան եւ բնակչության հետ խոսեն։ Որքանո՞վ է դա իրատեսական։

–    Շատ իրատեսական է։ Բայց հիմա անելը, երբ կրակը տարածվել է, ես վախենում եմ արդեն ուշ լինի։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խոսեց այս խնդրի շուրջ, եւ ինչ որ տեղ պոռթկումով, որ բոլոր խոսակցությունները պարապ խոսքեր են, եւ բուն խնդիրը պետք է լինի մարդկանց հետ խոսելը եւ իրենց տեսանկյան փոփոխությունը։ Բայց ես ասում եմ, որ այդ տեսանկյունը նախ պետք է հասկանալ եւ տալ այն պատասխանները, որ դեռեւս այս իշխանությունը չունի, հատկապես այն, ինչն առնչվում է անվտանգության ոլորտին։

Հ.Ա., ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում