«Մինչեւ չլինեն ազգային իշխանություններ, մեր գործունեությունը Հայաստանում վտանգված է». Արցախի ԱԺ նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյան

  • 20.04.2026
  • 0
  • 86 Views

Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի հետ հարցազրույցը կայացել է մի քանի օր առաջ Փարիզում անցկացված Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի շրջանակներում։

-Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի անցկացումը եւ որքանո՞վ կարող է այն նպաստել արցախահայության իրավունքների միջազգայնացմանը։

– Այս խորհրդաժողովը շատ կարեւոր է, քանի որ 25 երկրներից ներկայացուցիչներ կան եւ տեսնում ենք, որ տարբեր հարցերի վերաբերյալ ընդհանուր լրատվական դաշտում ահագին խնդիրներ կան։ Հատկապես խնդիր է, թե տեղեկատվությունը ինչպես է Հայաստանից հասնում սփյուռքին եւ սփյուռքից՝ Հայաստան։  Նման խորհրդաժողովների միջոցով նաեւ այս հարցերն են ուսումնասիրվում, երկուստեք իրազեկվում են։ Կարծում Եմ բոլոր խորքային հարցերը բարձրացվեցին եւ դրանց ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն։ Իհարկե,  Սփյուռքի կազմակերպություններն այս տարիներին աշխատանքներ են իրականացրել արցախցիների վերադարձի իրավունքի հարցով, գերիների եւ մի շարք այլ հարցծերով։ Բայց այն, ինչ որ կատարվել է, բավարար չէ մեր նպատակների իրականացման համար։ Կարծում եմ խոսքից պետք է անցնե գործի, եւ այն հաղորդակցությունը, որ այս երկու օրերին ստեղծվեց, պետք է շարունակել ամենօրյա աշխատանք տանել։ Որտեղ կա հստակ  նպատակ  եւ աշխատանք, լինելու է արդյունք։ Եվ արդյունքները առաջիկայում մենք կտեսնենք։

– Քանի որ ձեր գործունեությունը բավականին սահմանափակ է Հայաստանում, նաեւ տարածաքային խնդիր ունեք, եւ չեք կարող ամբողջ հանրապետությունով մեկ ցրված արցախահայությանը հասնել, ինչպե՞ս եք իրականացնում ձեր գործառույթները։ Ի՞նչ խոչընդոտներ կան, որոնք հարուցվում են Հայաստանի իշխանությունների կողմից։

– 2023 թվականի բռնի տեղահանումից հետո, Արցախի իշխանությունները Արցախի պետական ինստիտուտների մասով որոշում կայացրեցին, որ շարունակելու ենք մեր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, մենք սկզբից չէինք պատկերացնում, որ կարող էին նման խնդիրներ առաջացնեն, ամենօրյա ճնշումներ լինեն Արցախի իշխանությունների ու արցախահայության նկատմամբ։ Մինչդեռ բոլորը հիշում են, որ սկզբնական շրջանում ՀՀ իշխանությունները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում քննարկում էին արցախցիների վերադարձի ու իրավունքների հարցը։ Դա ՀՀ օրակարգում կար։ Բոլորս հասկանում էինք, որ պետության տարածքի կորուստը չի նշանակում, որ դրանով ամեն ինչ վերջանում է։ Սա հիմք ընդունելով, մենք շարունակեցինք մեր գործունեությունը։ Տարածքի կորուստկ չի նշանակում, որ վերջն է։ Դուք ճիշտ նշեցիք, որ այսօր պետական ինստիտուտները գործում են շատ սահմանափակ, բնական այն հնարավորությունները, որ կային Արցախում, նման ձեւաչափով ու օրակարգով չէինք կարող շարունակել՝ սկսած տնտեսական, սոցիալական եւ մի շարք այլ հարցերից, քանի որ  ՀՀ իշխանություններն առաջին օրվանից հայտարարեցին, որ այդ ոլորտներն իրենց պատասխանատվության տակ են վերցնում։ Իսկ քաղաքական մասով, մենք պետք է շարունակեինք այս գործը։ Սակայն դրանից հետո Հայաստանի իշխանությունների կողմից տեսանք ճնշումներ, ձերբակալություններ, այդ թվում երեք համայնքի ղեկավարներ ենք ունեցել, որոնց ձերբակալել են, քրեական հետապնդումներ են եղել եւ մինչեւ այսօր էլ այդ գործերը կան։ Ազգային ժողովի պատգամավորի են ձերբակալել եւ մինչեւ այսօր գործը դատարանում է։ Մեր տունն են խուզարկել, զենք ու զինամթերք են փնտրել։ Անհիմն առիթներով Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ մի քանի անգամ տեղի է ունեցել հարձակում ուժային կառույցների կողմից։ Մենք հասկանում ենք, որ այս ամենը իշխանությունների դիրքորոշումն է։ Բայց Հայաստանում ընդհանրապես այլ մթնոլորտ է եւ մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ կան, ում համար Արցախի կորուստն ու արցահայության այս վիճակը, մտահոգիչ է։ Նրանք հաշտ չեն կորստի մտքի հետ։ Մենք մեր գործունեությունը պետք է շարունակենք Հայաստանում, քանի որ Հայաստանը մեր հայրենիքի մի մասն է։

-Դուք ինչպե՞ս եք արցախահայերի հետ կապ հաստատում,  որո՞նք են ուղիները։

-Արցախահայության հետ հիմնական կապը մեր ներկայացուցչության միջոցով է։ Մեր հայրենակիցները գիտեն , որ ներկայացուցչության շենքում են Արցախի իշխանությունները։ Եվ կան բազմաթիվ տեղեկատվական բազաներ, որ մեզ հետ բերել ենք, եւ տարբեր հարցերով մեր հայրենակիցներին օգնում ենք ՝ սկսած ամենատարրական փաստաթղթային խնդիրներից, աշխատանքային գրքույկների վերականգնումից  մինչեւ խորհրդատվական օգնություն, որպեսզի նրանք իրենց հարցերը կարողանան լուծել։ Բացի այդ այցելում ենք տարբեր շրջաններ, մարզկենտրոններում,  քաղաքներում եւ տարբեր համանյքներում հանդիպումներ ենք ունենում, որոնցում մեր հայրենակիցները մի շարք խնդիրներ են բարձրացնում։ Իհարկե, ոչ բոլոր հարցերն ենք կարողանում լուծել, բայց պետք է նշեմ, որ մեր գործընկերները աջակցում են։ Մենք անընդհատ գործակցում ենք ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, ամենօրյա ռեժիմով կապի մեջ ենք, եւ այն հարցերը, որ հնարավոր է իրենց միջոցով լուծել, փորձում ենք լուծել։ Կապը նաեւ իրականացնում ենք մեդիա դաշտով եւ այլ միջոցներով։ Իրենք էլ են լավ հասկանում, որ սահմանափակ ռեսուրսենր ունենք, բայց նույնիսկ այդ պայամաններում փորձում ենք կապը պահպանել եւ միմյանց հետ շփումներ իրականացնել։

– Արցախի իշխանություններին մեղադրում էին, որ իրենք ռուսամետ էին եւ այդ պատճառով ստացան այն, ինչ ստացան։ Այժմ բնակվելով Հայաստանում, եվրոպական դիվանագետների, դեսպանատների հետ հանդիպումներ ունենո՞ւմ եք, որպեսզի նաեւ Արեւմուտքից ինչ որ ազդեցություն լինի օրինական վերադարձի եւ այլ հարցերում։

-Մենք բազաթիվ փորձեր ենք կատարել դեսպանների կամ դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Իհարկե, լինում են նաեւ բացասական պատասխաններ, որ չեն ուզում հանդիպել, բայց լինում են նաեւ դրական արձագանքներ։ Սովորաբար նման հանդիպումները տեղի են ունենում ոչ թե դեսպանատներում կամ Արցախի ներկայացուցչությունում, այլ մի երրորդ չեզոք վայրում,  հիմնականում փակ ձեւաչափով եւ  չեն լուսաբանվում։ Մեր բոլոր խոսակցությունները մնում են փակ, քանի որ իրենք հիմնական խնդիրը ներկայացնում են Հայաստանի դիրքորոշման հետ, եւ նաեւ ասում են, որ կան խնդիրներ, եւ այդ խնդիրների հետ կապված չլուծված հարցեր։ Բայց հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների ներկա դիրքորոշումը, աշխատում են խուսափել հստակ պատասխաններից կամ խնդիրներին լուծում տալուց։ Հիմնականում ընդհանուր համաձայնության ենք գալիս արցախահայությանը  մարդասիրական օգնություն ցույց տալու հարցերում։

– Իսկ ապագան ինչպե՞ս եք պատկերացնում։ Փարիզի խորհրդաժողովում խոսվեց նաեւ, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կարող է ճնշումներն ավելանան, եթե այս կառավարությունը մնա։ Նույնիսկ ասվեց, որ կարող եք իբրեւ վտարանդի կառավարություն գործել։ Ի՞նչ ծրագրեր ունեք։

– Ծրագրեր կան։ Նախ մենք ունենք 2024 թվականին ընդունված այժմյան իրողությունների հետ կապված նոր ռազմավարություն։ Պետք է հաշվի առնենք բոլոր իրողությունները եւ ըստ դրա առաջ շարժվենք այդ ռազմավարությամբ։ Մենք նշել ենք եւ հիմա էլ նշում ենք, որ մինչեւ Հայաստանում չլինեն ազգային իշխանություններ, ովքեր պետք է պահեն հայկական շահը, այլ ոչ թե  թշնամի պետությունների շահեր, մեր՝ ԱՀ իշխանությունների գործունեությունը Հայաստանում վտանգված է եւ բնական է, փորձելու են ճնշումներն ավելացնել։ Ըստ դրա պետք է լուծումներ գտնենք եւ որոշումներ կայացնենք։ Իհարկե, դա լինելու է շատ ծանր մեզ համար, բայց պետք է պատրաստ լինենք դրան։  

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Փարիզ-Պրահա

12.04. 2026

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում