Գեղեցիկ Մարգարյանի գրքում կուտակված վշտախուրձը համազգային է. «Էլ չկան քամիները» ժողովածուի շնորհանդեսը Երեւանում

  • 27.03.2026
  • 0
  • 193 Views

Մարտի 20-ին Երեւանի FELINGER համալիրի համաժողովների սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Գեղեցիկ Մարգարյանի «Էլ չկան քամիները» ժողովածուի շնորահանդեսը։ Գիրքը լույս է տեսել դեռեւս 2025 թվականի դեկտեմբերին Էդիթ Պրինտ հրատարակչությունում՝ Գագիկ Սարոյանի խմբագրությամբ։ Գրքի կազմին լուսանկարիչ Արարատ Զորյանի բնանկարներից է, իսկ խորագրերից առաջ՝ Մխիթար Գրիգորյանի գծանկարները։

Գեղեցիկ Արարատի Մարգարյանը ծնվել է Շիրակի մարզի Կապս գյուղում: Սովորել է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: Այնուհետև ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան («Ընդհանուր լեզվաբանություն» մասնագիտացմամբ): Նա ութ գրքի հեղինակ է։  2019-ից ցայսօր  հրատարակվել են հեղինակի  «ՔԱՄԻՆԵՐԻՑ…» ,  «ԹՈՒՅԼ ՏՈՒՐ…»,  «ԺԱՄԱՆԱԿԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ», «ԽՐԱՄԱՏՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԼՈՒՅՍ…»,  «ՉՄՈՌԱՆԱՍ ՄԱՆՈՒՇԱԿԻ ԹԱՌԱՆՉԸ» , «ԼՈՒՍՆԻ ԼՐՈՒՄՆԵՐ»,  «ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ…» եւ  «ԷԼ ՉԿԱՆ ՔԱՄԻՆԵՐԸ» գրքերը։ Դրանք ոչ միայն բանաստեղծական ժողովածուներ են, այլեւ հրապարակախոսական եւ արձակ ստեղծագործություններ։  Բոլոր գրքերի կազմերը ձևավորել է ԴԻԱՆԱ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԸ։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին ոչ միայն Գեղեցիկ Մարգարյանի ստեղծագործությունները, այլեւ դրանց գրականագիտական արժեքը։ Ստորեւ հրապարակում ենք լեզվաբան, Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Դավիթ Գյուլզադյանի ելույթը։

ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հեշտ չէ ինձ համար Գեղեցիկի գրքի մասին խոսելը։ Հեշտ չէ ու դժվար է և՛ նրա համար, որ գրքում կուտակված վշտախուրձը համազգային է, ուստի յուրաքանչյուրիս անձնականը, և՛ նրա համար, որ նրա նեղանձնական վշտի չափաբաժնին էլ եմ տեղյակ, և թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում վանել եմ ուզում ինձնից այդ հորձանքը։

Բայց մի ուրիշ բան էլ կա, որ օգնում է, այնուամենայնիվ, խոսելուն։ Երևի ստույգ է  բանաձևումը, որ արվեստը ծնունդն է տառապանքի… Եվ հավաքվել ենք, ահա, գնահատելու հեղինակի մորմոքների արվեստավորությունը, այդ մորմոքներից հյուսված վսեմությունը։

Երբեմն նրա հոգու հետ խաղալով՝ ասում եմ՝ այդքան շատ մի՛ գրիր։ Բայց ամեն նոր գիրք բանալիս զգում եմ, թե ինչքան է լցված նրա ներսը՝ պատրաստ պոռթկալու ճչարձակման, և այդ ներսն այնքան է մաքուր, որ հոգու մերկությունը չի ուզում թաքցնել ընթերցողից։

Քամիների բացասումների՝ պահ առ պահ ի հայտ եկող ակնարկները այդ բացասումների խորհրդավորության քնարական նուրբ շղթա են կազմում, որից պատառիկներ եմ ներկայացնում ձեր ուշադրությանը․ «Հետո չեն լինի դեղին քամիները» (էջ 12), «Քո գարուններում փնտրում եմ ծիծաղ // Քո ամառներում՝ օրեր գարունի // Որ հեռացել են ինձանից, ավա՜ղ, // Քամիների հետ ուրվականների։» (էջ 21), «Չկան քամիներ, // Որ հետ բերեն մեզ» /էջ 24/, «Քամիներն ալիք չեն բերում անգամ, // Քամիները ցավ չեն տանում անկամ» /էջ 34/,  «Անդարձության // Քամիների // Դեղին փոշին // Պոչը քաշի կհեռանա» /էջ 83/ և այլն։

Պարզապես հարկ է նկատել, որ «Քամիներից…»-ից մինչև քամիների չգոյությունը`«Էլ չկան քամիները», այդ բևեռների հոգևոր տարածության ներսում եղածները «քամու բերած, քամու տարած» չեն, այլ ներհյուսված են այդ տիրույթում տրոփող տաք սրտին, որը դաշնությամբ համատեղում է անձնական և հայրենական սերերը։

Յուրօրինակ հուշամատյան է Գեղեցիկի այս գիրքը, հուշամատյան` հոր, մոր, մտերիմների, սերերի, դավալից պատերազմի գնդակից կորուսյալ ուսանողների դիմանկարներով և աչքներիս առաջ կորչող հայրենիքի պատկերներով։

Նաև աղոթամատյան է (հիշենք «Աջդ հովանի…»  փոքրիկ շարքը)։

Գեղեցիկի համար էական էլ չէ՝ դրանցից քանիսն է վրձնի հաջող արտահայտություն։ Կա հոգում կուտակված անպարփակ ցավ, կա ժապավինված հիշողություն, և ամենը անդրադարձվում  ու բեկվում է իր գտած պահի մտաբառային հանդերձանքով։

Լայն առումով սիրո հուշամատյան է սա՝ յուրաքանչյուր նկարին արված հեղինակի թրթռախոհ մակագրությամբ, մանավանդ որ դիմանկարների մեծ մասն այլաշխարհում է, իսկ հայրենական պատկերների մեջ այլաշխարհելի ցավառատ տագնապը կա։

Մի կողմից՝ վաղուց ծանոթ լինելով հեղինակին և նրա հուզական աշխարհին, մյուս կողմից՝ այդ ծանոթ աշխարհի հայելային անդրադարձը գտնելով նրա գրքում` զգում եմ, որ նա պարզապես չգրել չի կարող։ Այնքան է կուտակված ազնիվ խռովքը նրանում, և այնքան է ուժգին ասելիքի թափը, որ եթե ընթերցող էլ չունենա, լսող էլ չունենա, միևնույնն է, նա խոսելու է, ինչպես Պարույր Սևակն է ասում, «թեկուզ իր կոշիկի հետ»։

Արդ՝ գրի՛ր, սիրելի Գեղեցիկ, դատարկվիր, որ ներսումդ տեղ բացվի նոր լիցքերի համար, վստահի՛ր ու մե՛զ փոխանցիր այդ լիցքերը, որովհետև դրանց ակունքը մաքուր է, և մե՛զ էլ օգնում են դրանք՝ հասկանալու, որ միայնակ չենք, քանի որ համանման թրթիռներով տոգորված հավաքական գիտակցությունը ի զորու է հասցնելու և գոնե պահպանելու մեզ հայոց կանաչ լեռների թումանյանական բաղձանքի շեմին, որ չմնա հայրենիքը «դատարկ շրջանակ»։ Չէ՞ որ ինքդ ես ասում՝

Իմ սրտի հոգսը

Դու ես,

Երկիրս,

Որ պատգամվել ես

Իբրև

Հայրենիք…

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում