Հռոմում վախճանվել է իտալական դիվանագիտության հայտնի դեմքերից մեկը՝ հայազգի դիվանագետ, դեսպան Լաուրա Միրաքյանը։ Նրա մասին վերջերս գրել էինք Իտալիայի հայ համայնքին նվիրված համարում։
Աստված հոգին լուսավորի։
Լաուրա Միրաքյանի մասին ՕՐԵՐ-ում տպագրված հատվածը 2-2025
Լաուրա Միրաքյանը Իտալիայում այն հազվադեպ կանանցից է, որ հասել է երկրի դիվանագիտական համակարգում ամենաբարձր աստիճանին՝ Դեսպանի կոչմանը։
Տիկին Միրաքյանը ծնվել է Վենետիկից ոչ հեռու գտնվող Պադովա քաղաքում։ Նրա հայրը՝ Խորենը, 1922 թվականի նոյեմբերին փախչել էր Իզմիրի հայկական և հույն թաղամասերի հրդեհներից ու ամբոխից, որը հոսում էր դեպի նավահանգիստ՝ նավ բարձրանալու հույսով։ Խորենը փրկվել էր՝ նետվելով ծովն ու լողալով հասնելով ամերիկյան նավին, որը նրան տեղափոխել էր Իտալիա։ Նա մենակ էր․ ընտանիքը կորցրել էր ջարդերի ժամանակ։
Տարիներ անց Խորեն Միրաքյանը դարձել էր քաղաքում ճանաչված և հարգված՝ որպես բժիշկ և որպես անձնավորություն։ Երախտապարտ լինելով այս երկրին և բազմաթիվ իտալացիներին, որոնք սատարել էին իրեն՝ Խորենը դուստրերին դաստիարակել էր հյուրընկալության և անկախության արժեքներով։ Նա խրախուսել էր, որ Լաուրան ու իր երկու քույրերը վաղ տարիքից սովորեին լողալ, քանի որ ինքը փրկվել էր հենց լողալ իմանալու շնորհիվ։ Նա նաև մղել էր նրանց շուտ ստանալ վարորդական իրավունք, պատանեկան տարիներից սովորել անգլերեն և ֆրանսերեն։ Հայրը նրանց ուղղորդում էր լինել ինքնուրույն ու ինքնաբավ ամեն ինչում, հասկացնելով, որ միայն ուսման, ջանադրության և մտավոր հետաքրքրասիրության միջոցով կարող էին հասնել իրենց նպատակներին։
Լաուրան լիովին յուրացրեց հոր պատգամները։ Պադովայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1974 թվականին, նա աշխատանքի անցավ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։ Ծառայեց Մոգադիշոյում, Դուբլինում, Ժնևում և Բելգրադում։ Իր մասնագիտական պատրաստվածության, վարպետության և կազմակերպչական կարողությունների շնորհիվ նա նշանակվեց նախ Իտալիայի դեսպան Սիրիայում (2000–2004 թթ.), ապա Արտաքին գործերի նախարարության Եվրոպական երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Բալկանների, Կովկասի և Կենտրոնական Ասիայի) բաժնի տնօրեն։ Իսկ 2009–2013 թթ. ղեկավարեց Իտալիայի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում և Ժնևի այլ միջազգային կազմակերպություններում։
Լաուրա Միրաքյանը եղել է նաև DID – Իտալացի կանայք դիվանագիտությունում կազմակերպության նախագահը։ Նրա վաստակը գնահատվել է բազմաթիվ բարձրագույն պարգևներով․ նա արժանացել է Պատվո շքանշանի «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար», Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի կոչմանը և Վատիկանի Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի կոմանդորի կոչմանը։
2013 թվականից, դիվանագիտական ծառայությունն ավարտելուց հետո, Լաուրա Միրաքյանը շարունակում է իր փորձառությունն ու գիտելիքները փոխանցել դիվանագետների նոր սերունդներին։ Նա նաև զբաղվում է հրապարակախոսությամբ․ հեղինակ է Սիրիային նվիրված երկու գրքերի, ինչպես նաև հեղինակավոր օրաթերթերում և մասնագիտական հանդեսներում տպագրվող միջազգային քաղաքականության թեմայով բազմաթիվ հոդվածների, այդ թվում նաև նվիրված հարավային Կովկասին և տարածաշրջանում՝ արցախյան հակամարտության հետևանքով ստեղծված քաղաքական իրավիճակին։ Ամեն տարի՝ ապրիլի 24-ի առիթով՝ նրա հրապարակումներում անպակաս է Հայոց Ցեղասպանության հիշատակությունը։
Տիկին Միրաքյանին հանդիպելը դժվար չէ․ բավական է այցելել Հռոմի Ս․ Վլաս (San Biagio) եկեղեցին։ Գրեթե յուրաքանչյուր կիրակի այստեղ համայնքի կողմից շատ սիրված և հարգված Լաուրան՝ ում բոլորը դիմում են անմիջականորեն՝ անունով, հայերեն չիմանալով հանդերձ խորը ակնածանքով մասնակցում է Ս․ Պատարագին։ Իսկ հետո, նա միանում է ավանդական սուրճի հյուրասիրությանը, որը անցնում է մտերմիկ և ջերմ միջավայրում:
orer.eu



