
Մարտի 11-19-ը Պրահայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքներին նվիրված միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց 106 կինոպատմություն, անցկացվեց 126 բանավեճ, եւ 28-րդ կինոփառատոնն ավարտվեց հոլանդական ֆիլմի հաղթանակով։ «Իմ խոսքն ընդդեմ ինձ» ֆիլմի ռեժիսոր Մաասյա Ումսը ներկայացրել էր հոգեբանական պատմություն մարդու ներքին ձայների մասին։ Մրցանակը հանձնեց եւ փառատոնի անունից հանդիսականներին, իսկ դրանց թիվը 9 օրվա ընթացքում հասել էր 40 հազարի, ինչպես նաեւ փառատոնի ողջ թիմին շնորհակալություն հայտնեց «Մեկ աշխարհի» տնօրեն Օնդրեյ Կամենիցկին։
Լավագույն ռեժիսոր անվանակարգում մրացանկը տրվեց ռեժիսորներ Մեհրդադ Օսկոուեյին և Սորայա Ախլագին՝ «Աղվեսը և վարդագույն լուսինը» (Դանիա, Իրան, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, համատեղ արտադրություն 2025) ֆիլմի համար։
Մնացյալ անվանակարգերից ամենաանսպասելին Չեխական ֆիլմերի ժյուրիի մրցանակն էր, որը տրվեց «AMOOSED: Եղջերուի ոդիսական» վավերագրական ֆիլմին, որը նվիրված էր եղջերուի (հյուսիսային մեծ եղջերուի) ոդիսականին։ Ռեժիսոր Հանա Նովակովան եւ ֆիլմի պրոդյուսերը մրցանակն ստանալիս չթաքցրեցին, որ զարմացել են՝ քաղաքականության ու պատերազմների հետ կապ չունեցող ֆիլմին տրվել է մրցանակ։ Այս ֆիլմը ռեժիսորը նկարել է 12 տարվա ընթացքում։





Ի դեպ, այս չեխական մրցույթի ժյուրիի կազմում էր նաեւ մեր հայերնակցուհի, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարծաշրջանային ծրագրերի ղեկավար, կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը։ Մեզ հետ զրույցում նա բացատրեց, թե ինչու են նման որոշում կայացրել։

«Իրականում շատ երկար չենք քննարկել, մի քանի ֆիլմերի շուրջ էր ընտրությունը։ Փորձել ենք գտնել ֆիլմի արժեքի եւ սոցիալական կարեւորության հավասարակշռությունը։ Նաեւ այդ ամեն ինչի ֆոնին, մեզ համար կարեւոր էր, թե որքանով է ֆիլմին հաջողվել ստեղծարար լինել։ Կային հետաքրքիր բովանդակությամբ ֆիլմեր, բայց կինոարվեստի կամ կինոպատմության տեսակետից դրանք ոչ մի նոր բան չէին ասում։
«AMOOSED»ը հետաքրքիր էր, քանի որ ֆիլմում բազմակողմանի մոտեցում կար թեմային, ու մի կենդանու միջոցով մի ամբողջ պատմաքաղաքական շերտ էր բացվում, որը ձգվում է երկրագնդի ողջ հյուսիսով՝ Կանադայից Շվեդիայով մինչեւ Ռուսաստան։ Հատկանշական էր նաեւ ֆոլկլորի հատվածը, թե կենդանին ինչքանով է այդ ֆոլկլորի մաս կազմում եւ դրա փոփոխությունն ըստ տարածաշրջանների։ Մեզ ավելի առանձնահատուկ ու հետաքրքիր թվաց այս ֆիլմը, քան մյուսները»,- ասաց ՕՐԵՐ-ի հետ զրույցում Սոնա Կարապողոսյանը։

Մեր այն հարցին, թե ինչո՞վ է հատկանշական «Մեկ աշխարհ» կինոփառատոնը եւ ի՞նչ տպավորություն ստացավ չեխական ֆիլմերից, Սոնան պատասխանեց. «Առաջին անգամ էի մասնակցում ոչ միայն «Մեկ աշխարհ» փառատոնին, այլեւ նման թեմատիկ ուղղվածություն ունեցող փառատոնի, թեեւ նախկինում բազմաթիվ կինոփառատոների մասնակցության փորձառություն ունեցել եմ իբրեւ ժյուրիի անդամ։ Այս փառատոնի մարտահրավերային պահն այն էր, որ հավասարակշություն գտնեինք, քանի որ սովորաբար մենք փնտրում ենք սինեմատիկ արժեքը, իսկ այստեղ պետք է գնահատեինք նաեւ թեմատիկ վերլուծությունը։ Հետեւաբար, այստեղ մի քիչ ավելի շատ շերտեր են ավելանում, ու քանի որ չեխական ֆիլմերի մրցութային ծրագրում էի, փորձեցի հասկանալ, թե ի՞նչ վիճակում է գտնվում ժամանակակից չեխական կինոն։ Իհարկե, գիտեի, որ կան չեխական արտադրության ֆիլմեր, որոնք փառատոնում ընդգրկված չէին, այլ փառատոններում ցուցադրության կամ փառատոնային հայտնի քաղաքականության պատճառով։ Հիմնական հետաքրքիր թեմաներն էին քաղաքական ու սոցիալական խնդիրների վերհանումը Չեխիայում։ Դրանց մասին որոշակի պատկերացում կարողացա կազմել։ Իհարկե, պետք է նշեմ նաեւ, որ ֆիլմերի մի մասը չեխական համարտադրություններ էին, եւ հետաքրքիր էր տեսնել չեխական կինոինդուստրիայի ներագրավվածությունը այլ միջազգային նախագծերում։ Ընդամենը 10 ֆիլմ նայեցինք, եւ կարող եմ ասել, որ դրանք դասական չեխական ֆիլմարվեստի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չեխական կինոն իրոք հեղափոխություն է արել, նոր կինոմիտք է բերել, ցավոք, այդ միտքը ես այսօրվա ֆիլմերում չտեսա։ Ես նաեւ այլ փառատոներից տեղյակ եմ չեխական խաղարկային ֆիլմերի մասին, որ ներկայացվում են Կանում կամ Բեռլինի փառատոներում, այնպես որ կարող եմ հստակ ասել, որ այդ հեղափոխականությունը չկա։ Ավելի եվրոպական ընդհանուր կլիշեների շարքի մեջ է նայվում։ Ինձ թվում է այս ալիքը բնորոշ է շատ երկրներին»։
Մնացած անվանակարգերում նույնպես եղան արժանի հաղթողներ. «Դու իրավունք ունես իմանալու» մրցույթի հաղթող ճանաչվեց «Մահվան հանձնաժողով» ֆիլմը (Ռեժիսոր՝ Նիմա Սարվեստանի, Շվեդիա, 2025թ.)։ Վիրտուալ իրականության ֆիլմերի մրցույթի լավագույնը «Այլ տեղում» ֆիլմն էր (Ռեժիսոր՝ Դոմենիկո Սինգհա Պեդրոլի, Ֆրանսիա, 2025)։
Տարածաշրջանային ժյուրիի մրցանակը տրվեց «Միասին եռակցված» ֆիլմին( Ռեժիսոր՝ Անաստասիա Միրոշնիչենկո, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, 2025)։ Տրվեցին նաեւ ուսանողական եւ մանկական ֆիլմերի մրցանակներ, ինչպես նաեւ կինոփառատոնի ընթացքում լավագույն բանավեճի մրցանակը։ Աբակուս հիմնադրամի հանդիսատեսի մրցանակը՝ արտակարգ բանավեճի համար տրվեց «Լսո՞ւմ ես ինձ» ֆիլմի ցուցադրության բանավեճին։ Հանդիսատեսի մրցանակին՝ լավագույն ֆիլմի համար տրվեց «Բեռնատարների գործադուլը» ֆիլմին (Ռեժիսոր՝ Ֆելիքս Լենգե, Գերմանիա, 2026)։

Փառատոնի միջազգային ծրագրում ցուցադրվեց նաեւ ադրբեջանցի լուսանկարիչ Ռենա Էֆենդիի «Սատիրուսին փնտրելիս» ֆիլմը, որը Ադրբեջան-ԱՄՆ արտադրության մի կինոպատմություն էր եւ ուներ երեք հիմնական թեմա. Ռենայի հոր, հայտնի թիթեռաբանի կյանքը, իրենց ընտանիքի պատմությունը եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Հեղինակը փորձել էր «հավասարակշռել» հատակապես վերջին թեման, նույնիսկ նշելով, որ 1990 թվականին խորհրդային զորքերը Բաքու մտան հայերի ջարդերից հետո միայն։ Ֆիլմում ռեժիսորը փորձում է պարզել, թե վերջապես քանի կին է ունեցել իր հայրը, իրեն հաջողվում է գտնել երեքին եւ այլ կանանցից` երկու քույրերին։ Հայրը Կովկասում հայտի թիթեռների ուսումնասիրող է եղել ՝լեպիդոպտերոլոգ, եւ նրան ճանաչել են նաեւ Հայաստանում, ունեցել է մտերիմ հայ ընկերներ։ Բայց քանի որ ալկոհոլի եւ կանանց նկատմամբ սերը մեծ է եղել, հաստատուն ընտանիք չի ունեցել։ Հոր հայտնաբերած մի թիթեռը անվանել են նրա անունով՝ Սատիրուս Էֆենդի։ Բայց այս թիթեռին կարելի է տեսնել միայն Հայաստան-Նախիջեւան սահմանային լեռներում, այն էլ ամառվա երկու շաբաթվա ընթացքում։ Ռենան մեկնում է Հայաստան այդ թիթեռը գտնելու նպատակով։ Ծանոթանում է հոր վաղեմի ընկեր եւ աշակերտ, Բաքվից փախստական Պավել Ղազարյանին, եւ նրա հետ միասին գնում են թիթեռը հայտնաբերելու։ Այդպես էլ չի հաջողվում, ուստի նա մեկնում է նաեւ Նախիջեւան։ Ի վերջո, ռուս թիթեռաբանի օգնությամբ երկրորդ անգամ են մեկնում Նախիջեւան, բռնում են այդ թիթեռը, լուսանկարում եւ ապա՝ բաց թողնում։ Երեւանում Ռենան նաեւ հանդիպում է տարբեր հայերի, լինում է Եռաբլուրում, խոսում հայ զինվորի հետ, բայց թե՛ Բաքվում ապաստանած փախստական ադրբեջանցիները, թե Հայաստանի իր զրուցակիցները միաբերան ասում են, թեեւ կառավարությունները թղթի վրա խաղաղություն են ստորագրել, սակայն ժողովուրդները չեն կարող մոռանալ 30 տարվա թշնամանքն ու իրենց զոհերին, որ հաշտության մասին խոսելը վաղ է։ Ռեժիսորը ֆիլմը նկարահանել էր 2021 թվականից, եւ միայն անցյալ տարի ավարտին է հասցրել մոնտաժը։ Ֆիլմի նկարահանմանը մասնակցել է 16 հոգանոց թիմ, ինչպես նաեւ առանձին հայաստանյան խումբ, որ աջակցել է նկարահանումներին։ Այդ հայերի անունները ֆիլմի վերջում երեւացին էկրանին։

Պրոդյուսերների թվում հիշատակվում է նաեւ Նորայր Իսկանդարյանի անունը։ Ընդհանրապես, նկարահանող խմբի տարբեր բաժիններում երեւում են հայկական ազգանուններ։ Ֆիլմի նկարահանումներին աջակցել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները։ Ֆիլմը նվիրել է հոր՝ Ռուստամ Էֆենդիի հիշատակին, իսկ վերջում գրվում է, որ ֆիլմը նվիրվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին։ Իհարկե, զգացվում է ֆիլմի քարոզչական կողմը, բայց նաեւ ցանկությունը ներկայացնել բոլոր կողմերի կարծիքները։
Այս տարվա «Մեկ աշխարհ» կինոփառատոնը հարուստ էր արաբական (հատկապես Գազայի մասին), իրանական, ուկրաինական ու ռուսական, ամերիկյան եւ հարավ-ամերիկյան թեմաներով։ Փառատոնում ցուցադրված կարեւոր ֆիլմերից էր Կաննի կինոփառատոնի «Ոսկե Արմավենու» մրցանակակիր, Ջաֆար Փահանիի «Դա միայն վթար էր» ֆիլմը, որը իրանական իրականության ընդամենը մի դրվագի անդրադարձն էր։
Մարդու իրավունքների ու սոցիալական անարդարության խնդիրները կրկին առաջնային էին փառատոնում։ Պրահայից հետո կինոփառատոնային ֆիլմերը կցուցադրվեն շրջաններում՝ Չեխիայի մոտ 60 քաղաքներում, ինչպես նաեւ փառատոնը կրկին կմեկնի Բրյուսել, ուր նույնպես կցուցադրվեն լավագույն ֆիլմերը։ Ծրագիրը կավարտվի ապրիլի 24-ին։
Հ.Ասատրյան
Պրահա









