Ֆրայբուրգի համալսարանի «Մարիա Ցվետաևա» Կենտրոնի և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» Կենտրոնի համագործակցությամբ մարտի 12-ից 31-ը «ՀայԱրտ» Կենտրոնում անցկացվում է «Fear-Less-Hope․ Շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնը։
Փառատոնի ծրագիրը ներառում է ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն, վարպետաց դասեր և գիտական համաժողով, որի ընթացքում կքննարկվեն արդի արվեստին և կրթությանը վերաբերող հարցեր: Հայ-գերմանական արվեստի փառատոնի շրջանակում, մարտի 13-ին՝ «ՀայԱրտ» Կենտրոնում կբացվի նաև Հայաստանում խորհրդային բռնաճնշումներին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում կներկայացվեն մասնագիտական տեքստեր, լուսանկարներ, աուդիո և վիդեո նյութեր, ինչպես նաև եզակի արտեֆակտներ։
“Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» ցուցահանդեսը դիտարկում է վախն ու հույսը միաժամանակ, որոնք խորապես փոխկապակցված են իրար։ Դրանք առաջանում են ինչպես անցյալի վերաիմաստավորման, այնպես էլ հնարավոր ապագայի պատկերացման ընթացքում։ Դրանք ձևավորում են մեր ընկալումները, ուղղորդում մեր որոշումներն և առաջ բերում պատմություններ։ Այսպիսով, ներկան դառնում է մի տարածք, որտեղ վախն ու հույսը միաժամանակ տեսանելի և քննարկելի են։
Ֆիլմի, վիդեո ինստալացիայի միջոցով Վահրամ Աղասյանը, Գրետա Հարությունյանը, Անաս Քահալը և Յոհաննես Վայլանդտը ուսումնասիրում են, թե ինչպես են վախն ու հույսը փոխկապակցվում և շարժվում ժամանակի, սահմանների, ինչպես նաև հավաքական և անձնական փորձառությունների միջով, որտեղ մտերմությունն ու հեռավորությունը, հիշողությունն ու սպասումը, ճեղքումն ու վերականգնումը մշտապես հատվում են։
Ֆրայբուրգի համալսարանի «Մարիա Ցվետաևա» Կենտրոնի, DELPHI_space Freiburg-ի և «ՀայԱրտ» Կենտրոնի կողմից կազմակերպված «Fear–Less–Hope․ Շրջանակելով ժամանակը» համատեղ ցուցահանդեսային նախագիծը համադրել են Եվա Խաչատրյանը, Կատարինա Գրյունը և Մարգարիտա Աուգուստինը։ Այն առաջին անգամ ներկայացվել է DELPHI_space Freiburg-ում 2025թ.-ի հոկտեմբերին և հանդիսանում է գերմանա-հայկական FEAR–LESS–HOPE երկխոսության մաս, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից։
orer.eu



