Մարտի 3-5ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցավ հերթական՝ 60-րդ հոբելյանական, ամենամյա «Միջազգային տուրիստական բորսա» (ITB) ցուցահանդեսը, որին շուրջ երեք տասնամյակ Հայաստանը մասնակցում է։
Այս տարի միջազգային այս ցուցահանդեսը Բեռլին էր բերել շուրջ 5.800 կազմակերպությունների 190 երկրներից։ Հայկական միասնական տաղավարի ներքո ներկայացել էին ինը ընկերություններ, որոնցից ութը՝ զբոսաշրջային էին, իսկ մեկը՝ հյուրանոց։ Կազմակերպություններից շատերն արդեն հնաբնակներ են՝ արդեն երեսուն տարի է մշտապես մասնակցում են, իսկ մի քանիսն օրինակ՝ առաջին անգամ էին եկել։
ՀՀ Տուրիզմի կոմիտեի մարկետինգի խորհրդատու տիկին Լուսինե Բասմաչյանի հավաստմամբ նախորդ տարիների նման ծախսերի մի մասը պետությունն է հոգացել, մյուս մասը՝ կազմակերպություններն իրենք․ «Վստահ չեմ, բայց, հավանաբար, դա է նաև պատճառներից մեկը, որ շատերը խուսափում են մասնակցել, բայց այդուհանդերձ տաղավարը պահում ենք։ Սա անչափ կարևոր է այս ոլորտում երկրի զարգացման համար, տարվա ընթացքում արդյունավետությունը կզգանք»։
Բազմաթիվ այցելուների շարքում Հայաստանի տաղավարում շրջայց կատարեց նաև Գերմանիայում ՀՀ դեսպան պարոն Վիկտոր Ենգիբարյանը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ պարոն Գուննար Շելենբերգերի հետ միասին։

«Արմենիա Հոլիդեյս» (Armenia holidays) ընկերության տուրիզմի զարգացման ղեկավար Իդա Հակոբյանի համոզմամբ մասնակցությունը զբոսաշրջային այս խոշոր ցուցահանդեսին առաջխաղացման համար կարևոր է․ «Հատկապես համավարակից հետո շատ բան է փոխվել, շատ նոր զարգացումներ կան, ինչ խոսք, անհրաժեշտ է մշտապես տեղյակ լինել, որ ճիշտ ու գրավիչ ձևով ներկայացնենք Հայաստանը, որ մարդիկ ավելի ու ավելի ուզենան գալ մեր երկիր։ Մենք փորձում ենք մաքսիմալ ամեն բան անել մարկետինգի համար։ Մենք քչերից ենք, որ բոլոր հնարավոր ցուցահանդեսներին գնում ենք։ Օրինակ՝ հունվարին Իսպանիայում էինք, հիմա այստեղ ենք, հետո Լոնդոնի միջազգային ցուցահանդես կգնանք ու այդպես շարունակ։ Որոշ ժամանակ, այո՛, նկատելի էր որոշակի անկում, բայց հիմա՝ չէ։ Խնդիրները տարաբնույթ են՝ պատերազմներ և այլն, բայց այս ամենով հանդերձ մեր տուրիստական կազմակերպությունները չեն կոտրվում, գալիս են, ծախսում են իրենց ժամանակը, ռեսուրսները և փորձում են ամեն բան անել երկիրը զարգացնելու համար»։
«Գեոգրաֆիկ թրավել կլուբ» (Geographic travel club) ընկերությունը, որը նույնպես բազմամյա փորձ ունի, ցուցահանդեսին 2006 թվականից սկսած մասնակցում է, որ Հայաստանը գովազդի ու նոր մարդկանց գրավի դեպի մեր երկիր ճամփորդելու համար։ Ընկերության ներկայացուցիչ տիկին Սիրանուշ Գասպարովայի գնահատմամբ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է․ «Անցած տարին բավականին լավ անցավ, այս տարին էլ խոստումնալից է թվում։ Եթե պատերազմները դադարեն, ամեն ինչ էլ ավելի լավ կլինի»։

Հայկական զբոսաշրջային ոլորտի նորեկներից այս ցուցահանդեսին մասնակցում էր «Արմենյան տուրիզմ» (ArmenYan tourism) տուրիստական ընկերությունը, որը մեկամյա փորձով, բայց մեծ հավատով և կամքով փորձում է քայլ առաջ անել։ Ընկերությունը, ինչպես մեզ պատմեց ընկերության ներգնա տուրիստական բաժնի ղեկավար Նունե Ամիրխանյանը, բացվել է մեկ պարզ գաղափարի հիմքի վրա՝ ներկայացնել Հայաստանն այնպես, ինչպես մենք ենք այն սիրում։ «Աշխարհում մեծ միջազգային ցուցահանդեսներից մեկն է սա ու այդ առումով էլ գրավիչ ու արդյունավետ կլինի։ Բնականաբար, մեր ցանկությունն է նոր գործընկերներ ձեռք բերելը։ Անհատական և խմբային շրջայցերի համար մենք առաջարկում ենք դեպի Հայաստան մեր ծառայությունները, ներկայացնում ենք հայկական հարուստ մշակույթը, Հայաստանի գեղեցիկ բնությունը և, բնականաբար, հայկական հյուրընկալության մասին ենք խոսում, մեզ համար կարևոր է, որ Հայաստան եկողը զգա Հայաստանի հոգին»։
Բեռլինյան այս ցուցահանդեսին էր շտապել մասնակցել նաև Ծաղկաձորի նորակառույց «Վինդհամ գրանդ» (WYNDHAM GRAND) հյուրանոցը, որն, ինչպես մեզ հավաստիացրեց ընկերության գլխավոր տնօրեն պարոն Կարեն Ավետիսյանը, նախատեսված է բացել այս տարվա օգոստոս ամսին։ Այն հինգ աստղանի, լյուքս դասի խոշոր հյուրանոց է․ «Այստեղ մեր մասնակցությամբ ցանկանում ենք, որ Հայաստանի ճանաչելիությունը բարձրանա։ Մեզ մոտենում են հատկապես մարդիկ, ովքեր մեկ անգամ արդեն եղել են Հայաստանում և ցանկություն ունեն նորից այցելելու»։
Բեռլինյան միջազգային այս ցուցահանդեսին առաջին անգամ էր մասնակցում նաև հայկական «Կանչ թրավել» (Kanch Travel) զբոսաշրջային ընկերությունը, որը հիմնադրվել է 2015 թվականին։ Կազմակերպության համահիմնադիր պարոն Էդգար Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենց ընկերության ստեղծման գլխավոր նպատակը Հայաստանում հայ մանուկներին Հայաստանի հետ ծանոթացնելն է եղել։ Զրուցակցիս հավաստմամբ «Կանչը» Հայաստանի ամենախոշոր ընկերությունն է, որ դպրոցական տուրիզմով է զբաղվում․ «Կազմակերպում ենք ճամբարներ, դպրոցական էքսկուրսիաներ, նաև մասնավոր մանկապարտեզներին ենք սպասարկում։ Ճամբարներում ունենք ծրագրեր, որոնց մասնակցում են սփյուռքի հայ երեխաները։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում սփյուռքի հայ երեխաների հետ աշխատելուն, որովհետև դա մեր գործունեության գաղափարական կողմին է վերաբերում՝ այն է՝ առավել ինքնաճանաչ սերունդ մեծացնել և կիրթ սերունդ ունենալ։ Քանի որ վերջին երեք-չորս տարիներին նաև ներգնա տուրիզմով ենք զբաղվում, այդ առիթով էլ այստեղ ենք, որ նոր գործընկերներ ձեռք բերենք ու օտար զբոսաշրջիկին ավելի սիրել տանք մեր երկիրը՝ մեր ծառայություններով»։
Նոր գործընկերներ ու նոր հնարավորություններ ձեռք բերելու նպատակով էին այստեղ նաև հայկական զբոսաշրջային «Արմինտուր» (Armintour), «Կովկաս հոլիդեյս» (Caucasus Holidays), «Արմենիա թրավել» (Armenia Travel) և «Նուևա վիստա Արմենիա» (Nueva Vista Armenia) ընկերությունները։

Հայաստանի տաղավարն այցելուներին ներկայացրեց նաև հայկական երգ ու պար։ Առաջին օրը պարերով ելույթ ունեցավ Բեռլինի «Հայեցի» պարային համույթը, իսկ երկրորդ օրը՝ «Գիտելիք» հայկական կիրակնօրյա դպրոցի պարախումբը։ Դպրոցականները հանդես եկան «Շալախո» և «Արցախ» պարային համարներով։
«Այստեղ մեր հայրենիքն է ներկայանում ու ամեն մեկս մեր գործն ունենք անելու, դրա համար դպրոցի պարախմբով այստեղ ենք, սիրով ենք եկել՝ չնայած, որ դպրոցական օր է, ժամն էլ աշխատանքային։ Ի դեպ, երեկ ենք հրավերը ստացել, եւ մեր ծնողների աջակցությամբ արագ կազմակերպվեցինք՝ այս մասնակցությունն ապահովելու եւ հայրենիքը ներկայացնելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց «Գիտելիք» դպրոցի տնօրեն տիկին Լիլիթ Հակոբյանը։
Հայաստանն այս տարի ևս Բեռլինյան միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին հաղթող ճանաչվեց՝ արժանացավ PATWA երկու մրցանակների՝ առաջինը տարվա ուղղություն անվանակարգում՝ որպես բնական տեսարժան վայրեր, իսկ երկրորդ մրցանակը տրվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանին՝ ոլորտը Կովկաս տարածաշրջանում գերազանց կառավարելու համար։ Տիկին Լուսինե Բասմաչյանի գնահատմամբ սա ընդգծում է մեր երկրի աճող հեղինակությունը միջազգային զբոսաշրջային ոլորտում։
Գայանե Առաքելյան
Բեռլին





