Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրանի պատերազմից հետո մշտական կապի մեջ է հայկական համայնքների հետ
Այն բոլոր երկրներում, որոնք անմիջականորեն կամ անուղղակիորեն ներքաշվել են ռազմական գործողությունների մեջ, կան հայկական համայնքներ: Գարեգին Երկրորդ ամենայն հայոց Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով և մշտական կապի մեջ է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Պատրիարքության և տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատունը։
Հեռագրում ասվում է․ «Խորը մտահոգությամբ ենք հետևում մարդկային կյանքեր խլող և տարածաշրջանի անվտանգությունը խաթարող ռազմական գործողություններին, որոնց հետևանքով զոհվեցին Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և անմեղ քաղաքացիներ:
Հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության՝ Մեր վշտակցությունն ենք հղում Ձերդ Գերազանցությանը և Մեր աղոթական զորակցությունը բերում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով Իրանի բարեկամ ժողովրդին խաղաղ և ապահով կյանքի վերադարձ»։
«ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ ՆԵՐԿԱՅ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ
Վերջին օրերուն, Ամերիկայի Միացեալ Նահանգներու ու Իսրայէլի կողմէ Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ շղթայազերծուած պատերազմը փաստօրէն ներառեց ամբողջ Միջին Արեւելքը: Պատերազմը շրջանէն ներս յառաջացուց մահեր, քանդում, խուճապ, անորոշութիւն եւ ընկերային տագնապ: Բնականաբար, միջին արեւելեան երկիրներու մէջ հաստատուած հայ գաղութները եւս, առաւել կամ նուազ չափով, ենթակայ դարձան պատերազմին ստեղծած հետեւանքներուն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խոր մտահոգութեամբ կը հետեւի ստեղծուած վտանգալից կացութեան զարգացումներուն եւ մնայուն կապի մէջ է շրջանի երկիրներէն ներս կայք հաստատած մեր գաղութներուն հետ: Ցարդ Իրանի մեր թեմերուն հետ կարելի չեղաւ որեւէ ձեւով կապ հաստատել, նկատի ունենալով հաղորդակցութեան միջոցներու ընդհատումը:
Յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Վեհափառ Հայրապետը իր խոր ցաւակցութիւնը կը յայտնէ բոլոր զոհերուն համար, եւ շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն: Միաժամանակ Հայրապետը կոչ կ՚ուղղէ, որ դադրին պատերազմական գործողութիւնները բոլոր շրջաններէն ներս, եւ քաղաքական բանակցութեան ճամբով կարելի դառնայ հարցերուն արդար լուծում գտնել:
Նորին Սրբութիւնը կոչ կ՚ուղղէ մեր թեմերու պատասխանատուներուն՝ առաւելագոյն չափով հեռու պահելու մեր գաղութները անապահով կացութիւններէ եւ օգտակար դառնալու համայնքային կարիքներուն, միշտ կապի մէջ ըլլալով Անթիլիասի Մայրավանքին հետ: Ինչպէս միշտ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, պատրաստ է իր առաւելագոյնը կատարելու՝ աջակցելու թեմերու աշխատանքներուն եւ օժանդակելու անոնց կարիքներուն:
Նշենք, որ այսօր երեկոյեան, Վեհափառ Հայրապետին նախագահութեամբ պիտի գումարուի Ազգային Կեդրոնական Վարչութեան արտակարգ նիստ մը»:
orer.eu



